Հայրենիք հանձնող իշխանությունը

Հայրենիք հանձնող իշխանությունը

Թշնամին օրեցօր ավելի ու ավելի է լկտիանում։ Ներքին Հանդի պատմությունը դեռ չմարսած, երեկ հերթական գույժը ստացանք, որ ադրբեջանցիները մտել են Արցախի Փառուխ գյուղ։ Առանց մի կրակոցի, առանց դիմադրության, ուղղակի բնակիչներին ասել են՝ դուրս եկեք, եւ հանգիստ գրավել են գյուղը, որը եղել է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Փառուխն Ասկերանի գյուղերից է՝ սահմանային գոտուն հարակից, մոտակայքում Քարագլուխ բարձունքն է, որը կարեւոր նշանակություն ունեցող դիրք ունի՝ այնտեղից Ստեփանակերտը հայտնվում է ափի մեջ՝ անպաշտպան ու մերկ։

Թե ինչու է ռուսական զինուժն իրեն այսպես ուխտադրուժ պահում, այլ հարց է, շատ ավելի կարեւոր է, թե ինչու ենք մենք դարձել այսքան անճար ու անպաշտպան։ Նիկոլ Փաշինյանի իշխանության բերած ամենամեծ վնասն այն էր, որ մեր ժողովրդի ողնաշարը կոտրվեց, պայքարի կամքը ոչնչացվեց, որ անգամ իր հողն ու ջուրը, իր հայրենիքը սիրող մարդը դարձավ վախվորած ու խաղաղություն մուրացող։ Երբ իշխանությունդ սարսափում է պատերազմից ու թշնամուց եւ ամեն ինչ անում է, որ ոսոխին ամեն գնով բավարարի-չզայրացնի, արդյունքը հենց սա է լինում։ Մարդը սկսում է անգամ իր օջախն ու ընտանիքը չպաշտպանել, նա պատրաստ է մի քանի ժամում հավաքել իրերն ու փախեփախի ճանապարհը բռնել, ինչպես հեռավոր 1915 թվականին իր նախնիներն են արել։

Մարդը հույսը կապում է օտար զինվորի հետ, որի սիրտը չի ցավում մեր հողի համար, եւ որի համար մեկ է՝ սահմանը Փառուխի կողքո՞վ կանցնի, Շուշիի՞, թե՞ Ստեփանակերտի։ Եթե դու քո հողի համար կռիվ չես տալիս, թշնամուն համարժեք չես պատասխանում, ինչո՞ւ պետք է օտարը վտանգի իր կյանքը։ Եթե քո պաշտպանության նախարարի համար Վեդիում ՔՊ-ի հաղթանակն ավելի կարեւոր է, ինչպե՞ս կարող ես պահել Ներքին Հանդը կամ Փառուխը։