Հեղափոխականներ առանց հեղափոխության

Հեղափոխականներ առանց հեղափոխության

Այլախոհներ առանց այլախոհության ու հեղափոխականներ առանց հեղափոխության: Խորհրդային Միության փլուզումից հետո ռուսաստանցի բազմաթիվ գործիչներ սկսեցին լեգենդներ ու դրամատիկ պատմություններ հորինել իրենց այլախոհական անցյալի մասին։ Իբրև թե հոգու խորքում միշտ դեմ են եղել խորհրդային կարգերին, նեղ միջավայրում ընդդիմացել են, չեն համակերպվել ու նույնիսկ դատապարտել են Պրահայի իրադարձությունները։

Շատ քչերն են կարողանում ամենայն անկեղծությամբ խոստովանել, որ տիրապետող հասարակարգի հետ որևէ գաղափարական կոնֆլիկտ երբևէ չեն ունեցել, երբեք այլախոհ չեն եղել և ապրել են անհոգ ու հարմարավետ կյանքով։ Նույն իրավիճակը ստեղծվել է նաև արդի Հայաստանում։ Ավելին՝ դրա սաղմերը մենք տեսնում ենք նույնիսկ այսօր։

Բանից պարզվում է, որ բոլորը հեղափոխականներ են եղել ու մշտապես պայքարել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ։ Լեգենդներ են հորինվել, հերոսական պատումներ են գրվելու և այսպես շարունակ։ Մարդկանցից շատերը չեն համարձակվում խոստովանել, որ երբեք էլ հեղափոխական չեն եղել ու Սարգսյանի դեմ պայքարողներին այն ժամանակ անհույս խելագարներ են համարել։

Քչերն են խոստովանում, որ հեղափոխական են դարձել այն ժամանակ, երբ հեղափոխական վտանգն այլևս չեզոքացված էր։ Երեսպաշտությունն ու կեղծիքը մեր իրականության անբաժանելի մասնիկներն են, իսկ հեղափոխական կոնֆորմիստները՝ մեր հերոսները։