Ուշ է եւ վտանգավոր

Ուշ է եւ վտանգավոր

1994-ից հետո մեր հասարակության մի հսկա հատված, այդ թվում՝ ես, խաղաղության, հարաբերությունների կարգավորման, բարիդրացիության ջատագովն ու կողմնակիցն էինք: Մենք կարծում էինք, որ պետք է համաձայնության գալ մեր հակառակորդների հետ` հանձնել գրավված 5 շրջանները, կնքել երկարաժամկետ խաղաղության պայմանագիր` միջազգայնորեն ամրագրելով Արցախի անկախությունը: Տասնյակ տարիներ վիճել եմ բոլոր նրանց հետ, ովքեր պնդում էին, թե մենք արդեն լուծել ենք Արցախի հարցը, եւ մեզ մնում է միայն մի բան` պահպանել տարածաշրջանում ստեղծված ստատուս քվոն:

Իբրեւ թե ժամանակը մեր օգտին է աշխատում, տարեցտարի ամրապնդվում է ուժերի այս հարաբերակցությունը եւ հաղթական պատերազմով ամրագրված իրավիճակը: Ինչքա՜ն քննադատության եմ արժանացել այդ 5 շրջանների մասին «ազատագրված» տերմինը չգործածելու համար, եւ ինչքա՜ն են քարկոծվել այն մարդիկ, որոնք համարձակվում էին ասել, որ գրավված տարածքները պետք է վերադարձվեն, որովհետեւ դրանք գրավել ենք միմիայն մեր բանակցային դիրքերն ամրապնդելու եւ Արցախի հարցը հնարավորինս հայանպաստ լուծելու համար:

Վստահ եմ` եթե ՀՀ տարբեր ժամանակների իշխանություններն ունենային բավարար կամք եւ հեռատեսություն, ընդհուպ մինչեւ 2020 թվականը բոլոր հնարավորություններն ունեինք այս ճանապարհով գնալու համար. հաղթողի մեծահոգությամբ խաղաղություն հաստատելու եւ զիջելով ու բանակցելով՝ Արցախի կարգավիճակն ամրագրելու համար:

Բայց, ինչպես ասում են` անցածն անցած է: Իսկ հիմա խաղաղության, համաձայնության, հարեւանության մասին խոսելը տրամագծորեն տարբերվում է 90-ականներին կամ 2000-ից հետո դրա մասին խոսելուց: Հիմա դա խեղճի, պարտվածի, նվաստի պահվածք է, որը պետք է մերժվի, արգելվի: Հիմա այդպես խոսելն ազգի ոչնչացում է նշանակում: