Արցախն արդեն ի զորու է բանակցել ում հետ ուզում է, ինչ թեմայով ուզում է․ Արման Աբովյան

Արցախն արդեն ի զորու է բանակցել ում հետ ուզում է, ինչ թեմայով ուզում է․ Արման Աբովյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս ադրբեջանական հեռուսաընկերություններին տված հարցազրույցում  ՀՀ իշխանություններին մեղադրել էր Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները խափանելու, սադրանքների դիմելու մեջ։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Աբովյանի խոսքերով՝ Ալիևն այդ հայտարարությունն անում է նրա համար, քանի որ Տավուշի ուղղությամբ հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ադրբեջանական կողմը շատ ակտիվ սկսել է գործնականում նախապատրաստվել պատերազմի։ 

«Մենք գիտենք, որ հիմա ադրբեջանական տարածքում տեղակայված են մի քանի հազար թուրք բանակայիններ՝ զրահատեխնիկայով, ինքնաթիռներով, ամբողջ ռազմական իրենց ներուժով։ Եվ հաշվի առնելով թե՛ թուրքական ղեկավարության, թե՛ թուրքական ռազմական ղեկավարության, թե՛ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները՝ իրականում նշանակում է միայն մի բան, որ Ադրբեջանն արդեն իսկ նախապատարստվում է իր սադրանքներին։ Օրինակ՝ իրենք հայտարարել են, որ իբր հայկական ԱԹՍ են խոցել, սակայն մենք գիտենք, որ այդպիսի բան, կարծես թե, չկա։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի տարածք են արդեն իսկ տեղափոխվում Թուրքիայի կողմից վարձկաններ, որոնց հավաքագրում են Սիրայում գործող պրոթուրքական, իսլամիստական, տեռորիստական կազմակերպությունների շարքերից»,- նշեց պատգամավորը։ 

Ըստ Աբովյանի՝ պետք է հասկանալ, որ Արցախի շուրջ կատարվողն ամենամտահոգիչն է վերջին մի քանի տարվա ընթացքում, որ Ադրբեջանում բացի ներքին խնդիրներից, կա նաև թուրքական գործոնը, որը փորձում է գեներացնել ռազմական որոշակի լարվածություն։ «Ադրբեջանը շուտվանից կորցրել է իր փաստացի անկախությունը և դարձել է ընդամենը Թուրքիայի «ինչ-որ սատելիտ» կամ «պուճուր եղբայր»։ Եվ այն, ինչ տեսնում ենք, Ադրբեջանի որոշակի խնդիրների և Թուրքիայի տարածաշրջանային խնդիրների համընկնումն է, որը հանգուցալուծվում է նրանով, որ Ադրբեջանն, ակնհայտորեն սադրելով հայկական կողմին, փորձում է որոշակի ռազմական լարվածություն գեներացնել։ Լարվածության մակարդակը կդժվարանա մի մասում, բայց իրականում իրավիճակը շատ, շատ, շատ լուրջ է»,- ընդգծեց նա։

Սեպտեմբերի 19-ին ՀՅԴ Գերագույն մարմինն իր տարածած հաղորդագրության մեջ ընդգծել էր  իշխանությունների կողմից Արցախյան բանակցային գործընթացում հստակ ռազմավարության բացակայության, մարտավարական ձախողումների մասին։ 

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԲՀԿ պատգամավորն ասաց, որ Արցախի շուրջ ՀՀ իշխանությունների կողմից բանակցություններն անհասկանալի են այն պատճառով, որ Արցախյան հարց, Արցախյան հարցի շուրջ բանակցություններ կամ Արցախյան հիմնախնդրի հարց գոյություն չունի, քանի որ հայ ժողովուրդն արդեն՝ ավելին քան 30 տարի է, լուծել է Արցախյան հիմնախնդիրը։ «Մենք այսօր ունենք Արցախի Հանրապետություն, դե ֆակտո։ Մեր հիմնական խնդիրը պետք է լինի միայն և միայն Արցախի դե ֆակտո անկախությունը լեգիտիմացնել արտաքին ճակատում, որպեսզի ուրիշ պետությունների կողմից դե յուրե ընդունվի Արցախի դե ֆակտո լեգիտիմությունը, և դա պետք է լինի բանակցությունների սկիզբը, հիմքը, այլ ոչ թե հանգուցալուծումը։ Եվ մենք պետք է ամբողջ ներուժն օգտագործենք Արցախի լեգիտիմիզացիայի ուղղությամբ՝ իբրև անկախ, միջազգային հանրության կողմից ընդունված միջազգային դիվանագիտական և քաղաքական միավորի։ Արցախն արդեն ի զորու է բանակցել ում հետ ուզում է, ինչ թեմայով ուզում է»,- եզրափակեց Արման Աբովյանը։