Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թվաքանակը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչում» նվազել է

Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թվաքանակը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչում» նվազել է

Համաճարակաբանները կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ գնահատականներում զգուշավոր լավատեսություն են ցուցաբերում։ Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանի ասելով էլ՝ համաճարակաբանությունը բժշկության այն ուղղությունն է, որում պետք է կասկածել և այն ստուգել։

Կորոնավիրուսի համավարակի միտումների մասին զրուցում ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ լարվածությունն իջել է թե սովորական, թե ռեանիմացիոն բաժանմունքներում։ «Բնակաբար, եթե հիվանդացության նվազում է, մեզ մոտ էլ ընդհանուր մահճակալային ֆոնդի զբաղվածությունը նվազել է։ Եվ մշտապես վերակենդանացման բաժանմունքում ունենք ազատ մահճակալներ»,-ասաց փոխտնօրենը։

Նա դժվարանում է այս պահին խոսել, ավելի ճիշտ՝ այն կարծիքին չէ, որ այս ամիսների ընթացքում բնակչության մոտ իմունային բարիեր է առաջացել։ «Դրա համար անհրաժեշտ է բնակչության հստակ տոկոսային քանակ, և խոսել այս պահին Հայաստանում առկա իմունային շերտի մասին, ես չեմ կարող։ Բայց, ընդհանուր առմամբ, ծանր ու գերծանր դեպքերի նվազման միտումներ ևս տեսնում ենք, կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանր հիվանդների թվաքանակի որոշակի նվազում կա»,-ասում է Պետրոս Մանուկյանը։ Սա նրա պատասխանն էր հարցին, թե կարծու՞մ է, որ իմունային շերտ է ձևավորվել, և, հետևաբար, նման դեպքում նկատվում են նաև հիվանդացության ավելի թեթև և միջին ձևեր։ Իհարկե, սա չի նշանակում, որ այսօր էլ չկան ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք, Մանուկյանի խոսքով, ծանրացած վիճակում գալիս են տներից կամ այլ հիվանդանոցներից։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ծավալված լրացուցիչ մահճակալային ֆոնդը հիմա հետ է ծավալվում, և այլ հիվանդանոցներից հիվանդները տեղափոխվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»։

Աբսուրդ է, բայց փաստ, որ կորոնավիրուսով հիվանդները չեն հոսպիտալացվում, եթե չկա դրական թեստ։ Եվ սա այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ ՊՇՌ թեստերն անգամ ունեն 30-35 տոկոս սխալականություն։ Հարցին, թե արդյոք սա աբսուրդ չէ՞, փոխտնօրենն ասաց․ «Դա չափորոշիչ է, որը մշակված է տարբեր երկրներում»։ Նրա խոսքով, հիվանդացության նվազմանը զուգահեռ՝ չի գործում նախարարի այն կարգադրությունը, ըստ որի՝ հիվանդները հոսպիտալացվում են միայն երկկողմանի թոքաբորբով և 38․5 ջերմությամբ։

Հարց ուղղեցինք նաև՝ այս ընթացքում հանվե՞լ, լրացվե՞լ են պրեպարատներ, որոնք հանվել են կամ, հակառակը, ցույց են տվել իրենց էֆեկտիվությունը։

«Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով մշտական կապի մեջ ԱՀԿ-ի հետ, որն էլ մշակում է արդիական չափորոշիչներ, ինչպես նաև՝ շատ եվրոպական երկրների հետ, իհարկե, կիրառում է այն մոտեցումները, որոնց շուրջ կա որոշակի կիրառման փորձ։ Եվ, իհարկե, բուժման ընթացքում, ինչպես աշխարհի շատ ու շատ երկրներում, հրաժարվել ենք որոշակի դեղամիջոցներից»,-ասաց Մանուկյանը։

Այդ դեղերից են հիդրոքլորոքսինային հիմքով պրեպարատները: