ԶԼՄ-ները Գեղամ Վարդանյանի եւ Նունե Սարգսյանի թեթեւ ձեռքով լուրջ խնդիրների առաջ են կանգնած

ԶԼՄ-ները Գեղամ Վարդանյանի եւ Նունե Սարգսյանի թեթեւ ձեռքով լուրջ խնդիրների առաջ են կանգնած

Ամերիկյան գրանտներով սնվող Մեդիանախաձեռնությունների կենտրոնի եւ դրա media.am կայքի հասցրած վնասներն ազատ մամուլին ահռելի են։ 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ստեղծված հայալեզու վրացական դոմեյնով կայքը՝ factcheck.ge, համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել է պայքարել իշխանությունների ականջին ոչ հաճո եւ իշխանական տեղեկատվական հոսքից տարբերվող հայկական լրատվամիջոցների դեմ՝ այդ ամենը քողարկելով «փաստերի ստուգման» եւ «ապատեղեկատվության զտման» շղարշի ներքո։ Իրականում, այս կայքը եւ դրա աշխատակազմը՝ Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ, ընտրողաբար թիրախավորեցին լրատվամիջոցներին եւ սահմանափակեցին նրանց ֆեյսբուքյան էջերի հասանելիությունը՝ դրանով մեծ վնաս պատճառելով ԶԼՄ-ներին։ Այս ավերիչ գործողությունները ձեռնարկվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, որից անցել է մոտ 3 ամիս, սակայն առայսօր լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի վիճակը չի բարելավվում, դեռ ավելին՝ վատթարանում է։ Դրանց հետեւորդները շարունակում են չտեսնել իրենց նախընտրած կայքերի հրապարակումները, որոշ էջերից հնարավոր չէ նյութն ուղիղ տարածել, իսկ եթե ընթերցողը համառ է, գտնում է նյութը եւ փորձում այն տարածել, ապա մի ավտոմատ գրությամբ նրան զգուշացնում են, թե` մի տարածիր, սա վտանգավոր էջ է: Մենք զրուցեցինք տուժած լրատվամիջոցների խմբագիրների հետ:

168․am-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ այս առումով որեւէ դրական փոփոխություն չկա, ավելին՝ էջը լուրջ վտանգի տակ է` կարմիր նշանի տակ, «այսինքն՝ էջի փակման վտանգը շատ ռեալ է»։ lurer.com կայքի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը եւս նշեց, որ լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջը փակման վտանգի տակ է․ «Մենք շատ կրկնվեցինք՝ խոսելով այն մասին, թե ինչ է ֆաքթչեքինգը, եւ հայկական տիրույթում ինչ քաղաքական խնդիր է լուծվում այդ գործիքով: Սա ընդամենը միջոց է լրատվամիջոցներին ճնշելու համար եւ այդ նույն գործելաոճի շարունակությունն է շահումով խաղերի գովազդի արգելքից հետո: Ես միայն ուզում եմ հավելել, որ իշխանությունների վերաբերմունքը հնարավոր չէ փոխել անկախ լրատվամիջոցների հանդեպ, եթե չլինի կազմակերպված պայքար՝ ընդհուպ մինչեւ փողոցում պայքարը: Ինչ-որ մի Գեղամ կամ Օֆելյա մեր տարիների աշխատանքը ջուրը լցրին՝ մեր ֆեյսբուքյան էջի վրա պիտակ դնելով: Մեր ֆեյսբուքյան էջը ջնջվելու մեծ ռիսկի առաջ է կանգնած»։

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին նշում է. «Մեզ մոտ որեւէ բան չի փոխվել, հետաքրքիր է այն, որ, հասկանալու համար, թե իրենց պնդումներն այն մասին, որ եթե ուղղումներ են արվում, ապա Ֆեյսբուքը պիտակը հանում է, եւ ակտիվության մասով փոփոխություններ են լինում, ապա մենք իրենց կողմից ուղարկված կամ իրենց կողմից «մանիպուլյացիա» համարած 2 հոդվածները, իրենց իսկ կողմից նշված ձեւով, փոփոխությունների ենք ենթարկել, բայց, ըստ էության, էջում որեւէ փոփոխություն չի եղել, եւ շարունակում է պասիվ մնալ։ Սա ինձ այն եզրահանգմանը բերեց, որ իրապես նպատակը եղել է հենց այն, ինչի մասին մենք ի սկզբանե մտածում էինք: Այն է՝ վնասել այն լրատվականների ֆեյսբուքյան էջերը, հարվածել դրանց ակտիվությանը, որոնք քննադատում են այսօրվա իշխանությանը, եւ այսկերպ, քողարկվելով «ֆեյքնյուզի» դեմ պայքարի անվան ներքո, սպասարկել օրվա իշխանություններին»։

Irakanum․am կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանի խոսքով՝ Գեղամ Վարդանյանն ու իր թիմը գործել են կոնկրետ հրահանգներով․ «Նշեմ, որ նրանց գործունեության հետեւանքով դեռեւս չի վերականգնվել Irakanum.am լրատվական կայքի հասանելիությունը «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում․ ինչպես գիտեք՝ ամիսներ շարունակ այս խնդիրն առկա է, եւ բազմաթիվ լրատվամիջոցների, այդ թվում նաեւ Irakanum.am լրատվական կայքի հասանելիությունը չի վերականգնվել։ Ես ուզում եմ շեշտել, որ, ըստ էության, իրենք նպատակ ունեին, որ ոչ իշխանության ներքո գործող լրատվամիջոցները հասանելիություն չունենան, ցավոք սրտի, իրենց դա հաջողվեց։ Գեղամ Վարդանյանը եւ նրա հետ գործունեություն ծավալողները պարզապես ինձ համար գործընկերներ չեն, իրենք գործում են հրահանգով եւ այս դեպքում էլ բացառապես գործել են իշխանության հրահանգով։ Եվ, հետեւաբար, նրանց գործունեությանն իմ գնահատականն այն է, որ իրենք լրջագույն վնասներ են հասցրել, եւ կարծում եմ, որ միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում այս ամենը պետք է ներառեն, որ Հայաստանում կա մի կազմակերպություն, որն իրեն դնում է դատավորի տեղ եւ փորձում վճիռներ ու որոշումներ կայացնել, որոնց հետեւանքով բազմաթիվ ԶԼՄ-ներ խնդրի առաջ են կանգնում»։

Antifake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ֆեյսբուքից տեղեկություն է ստացել` սահմանափակումները կարող են լինել վերջնական․ «Ոչ միայն դրական փոփոխություն չկա, այլեւ գնալով ավելի վատանում է։ Այսինքն, վերլուծությանը հետեւելով՝ կարելի է ասել, որ գնալով իջնում է ե՛ւ հասանելիությունը, ե՛ւ տարածումը։ Անընդհատ կապի մեջ ենք Ֆեյսբուքի հետ, վերջին խոսակցության ժամանակ մեզ ասել են, որ, ամենայն հավանականությամբ, սահմանափակումները վերջնական են, Ֆեյսբուքի ադմինիստրացիայի հետ պարբերաբար շփման մեջ ենք եղել, նման բան մեզ վերջին խոսակցության ժամանակ են ասել։ Ֆեյսբուքի հետ դեռ պետք է կապ լինի, եւ իրենք պետք է բացատրեն, թե ինչու են այդ սահմանափակումները վերջնական, քանի որ թե՛ Ֆեյսբուքի նախկին ադմինները, թե՛ նույն media․am-ի անձնակազմը մեզ ասում էին, որ սահմանափակումները ժամանակավոր են։ Իրենց այս գործունեության նպատակը, միանշանակ, ընդդիմադիր լրատվամիջոցներին վնասելն է, իրենց կողմից առանց հայտարարության նման գործունեություն սկսելը, հետո ԶԼՄ-ների նկատմամբ տարբերակված վերաբերմունքը․․․, նույն նյութը տարբեր լրատվականներում կա, մեկի մոտ արգելափակում են, մյուսի մոտ՝ ոչ, ԶԼՄ-ների կոնկրետ շրջանակի թիրախավորել են, մինչդեռ տեսնում ես, որ ինչ-որ հրաշքով իշխանական ԶԼՄ-ներից որեւէ մեկը չկա այդ ԶԼՄ-ների շարքում։ Սա ոչ այլ ինչ էր, քան անուղղակի պատվիրակված հետապնդում ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ»։