Վարպետին ընդամենը պետք է, որ իրեն լսեն

Վարպետին ընդամենը պետք է, որ իրեն լսեն

Նկարիչ-դիզայներ, երեւանցի Վահան Վարդանյանի սերը քաղաքն ու ավտոբուսներն են։ Երրորդ մասի տան բակում մի քանի ավտոբուսներ են կանգնած, որոնք Վարդանյանը հավաքել է զրոյից։ «Այո, քշվում են, շատ լավ աշխատում են, վերջինը գիշերն եմ ներկել»,- ասում է Վահանը։ 

92-93 թվականներին աշխատել է «ԵրԱԶ» գործարանում՝ որպես դիզայներ, եւ այն ժամանակ էլ վարակվել է քաղաքի համար մեծ ու գեղեցիկ ավտոբուսներ սարքելու երազանքով։ 

««ԵրԱԶ»-ն ուզում էր միկրոավտոբուսներից անցում կատարի ու մեծ ավտոբուսներ սարքի,- պատմում է՝ իր մակետները բացելով,- բայց չհասցրեց։ Հիմա «ԵրԱԶ»-ն էլիտար թաղամաս է Երեւանում, բայց լրիվ իրատեսական է հիմա այստեղ ավտոբուսների հավաքման արտադրամաս բացելը»։ Կարելի է սկզբնական շրջանում շասսին՝ ավտոբուսի, այսպես ասած, կմախքը եւ մյուս մասերը բերել դրսից, այստեղ հավաքել ու դիզայն անել, իսկ ժամանակի ընթացքում արդեն աստիճանաբար յուրացնել նաեւ դետալների արտադրությունը, ինչպես արեցին հունգարները։ «Մենք էլ կսարքենք։ Ցանկացած նման գործարանում միջինը 1000 մարդ է աշխատում, դա միջին թիվն է»,- ասում է Վահանը։ 

Նա ամեն տարի հաշվարկել է, թե որքան գումար է պետք նման արտադրամաս սարքելու համար, ու առաջարկել է վարչապետներին ու քաղաքապետներին։ Տարեցտարի թվերը փոխվել են ընդհանուր շուկայական գներին համապատասխան, բայց կառավարիչների պատասխանը չի փոխվել՝ «Հայաստանում հնարավոր չէ նման բան»։
Վերջին անգամ քաղաքապետ Տարոն Մարգարյանն է «հնարավոր չէ» ասել։ Հայկ Մարությանի թիմին, տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանին էլ է ցույց տվել իր մակետները։ Նայել-նայել են, ոչինչ չեն պատասխանել։ 

«911-ի համար ձնաբուքերից պաշտպանված այսպիսի մեքենա կարելի է սարքել՝ վերեւը տաքանալու ու թեյ խմելու համար տեղով, ՊՆ-ի համար՝ այսպիսի, սա սննդի տոչկաներ են՝ ավտոբուսի տեսքով։ Ֆիննախի շենքի մոտ է կանգնած, չե՞ք տեսել»,- հարցնում է ավտոբուսների վարպետը։ Ասում է, որ շատ մասնավոր պատվերներ ունի այլ երկրներից, կարող է գնալ ցանկացած պահի, բայց «ստեղից կտրվել» չի ուզում ու նոր կառավարության հետ համագործակցելու հույսը չի կորցնում։ Նրան պետք է ընդամենը, որ իրեն լսեն, հոդաբաշխ խոսակցություն լինի քաղաքի համար ավտոբուսների արտադրամաս սարքելու իր նախագծի շուրջ։ Բայց անգամ այս հասարակ հարցը ոչ մի կերպ չի լուծվում։