ԱՄՆ Պետդեպի զեկույցը կեղծ է և մեզ չի հետաքրքրում․ Ղարիբաշվիլի

ԱՄՆ Պետդեպի զեկույցը կեղծ է և մեզ չի հետաքրքրում․ Ղարիբաշվիլի

ԱՄՆ Պետքարտուղարության հերթական զեկույցը հիմնականում հիմնված է կեղծ տեղեկատվության վրա և Վրաստանի կառավարությանը չի հետաքրքրում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է newsgeorgia.ge-ն։ Նրա խոսքով, ինքը հպանցիկ ծանոթացել է զեկույցին և դրա հիմնական կետերը, զեկույցը հիմնականում հիմնված է այսպես կոչված էլիտար ՀԿ-ների կողմից ներկայացված կողմնակալ, ոչ անաչառ, սուբյեկտիվ և անարդար եզրակացությունների վրա։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ փաստաթղթում բերված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ուստի այդ ամենը հետաքրքիր չէ կառավարությանը։  Միաժամանակ, Վրաստանի վարչապետն ասել է, թե ինքը չի հիշում նախկին իշխանությունների օրոք ԱՄՆ Պետդեպի քննադատական ​​հայտարարությունները, երբ երկրում «համակարգային կոռուպցիա էր, հանցագործություն, մարդկանց խոշտանգում էին, բռնաբարում, սպանում, բիզնեսներ էին գրավում, իսկ ԶԼՄ-ների ազատություն չկար»։

Վրաստանում հարյուրավոր հասարակական կազմակերպություններ կան, որոնք կեղծ տեղեկություններ են տարածում, նշել է Ղարիբաշվիլին և հավելել. 

«Չնայած դրան, դուք տեսնում եք, որ այսօր հասարակական սեկտորը, լրատվամիջոցները, բոլորն ունեն լիակատար ազատություն։ Սա ժողովրդավարության մի մասն է»։