Սպանել կարելի է, անիծել՝ ո՞չ․․․

«Էջմիածնում կրկնվող բռնություններ․ ինը ոստիկան ձերբակալվել է՝ ծեծերը թաքցնելու համար»,- լրատվականներից մեկը կարճ հաղորդագրություն է տարածել վերոնշյալ վերտառությամբ, որից տեղեկանում ենք նաեւ, որ ոստիկանները երկար ժամանակ կոծկել են ծեծի ու բռնության դեպքերը՝ դրանք զեկույցներում չգրանցելով․․․ Լուրի վերջում՝ փոքրիկ մի հիշատակում՝ ապրիլի 24-ին Էջմիածնում դաժանորեն ծեծված 22-ամյա Պարգեւի մասին, որը տասներկու օր անգիտակից վիճակում գտնվելուց հետո մահացել է մայիսի 6-ին․․․
Կարճ, կոնկրետ՝ մահացել է մի երիտասարդ՝ Պարգեւ անունով․․․
Իսկ մինչ այդ դեպքի վայրից տեսախցիկները ոստիկանության կողմից առգրավվելուց օրեր անց էլ որեւէ մեկը դեռեւս ձերբակալված չէր, թեպետ քաղաքում արդեն հստակ հնչում էին հանցագործների անունները: Դեպքն առանց վկաների չէր կատարվել, բայց բոլոր վկաները հիշողության «անսպասելի կորուստ» էին ունեցել: Իսկ դեպքի առթիվ Էջմիածնում հնչում էին տարբեր բնույթի քրեական պատմությունների մեջ թաթախված անձանց անուններ, որոնք, որքան էլ զարմանալի է, մինչ այս վերջին դեպքն անպատիժ շրջում էին քաղաքում: Պարզ էր, որ հովանավորները «վերեւներից» էին: Եվ միայն երկու օր առաջ՝ Պարգեւ Հակոբյանի մահից հետո, եղան մեկ-երկու ձերբակալություններ: Մարդասպաններից մեկը դեռեւս ազատության մեջ է։
․․․Պարգեւ Հակոբյանը սահմանային ամենավտանգավոր հատվածներում զինվորական պարտադիր ծառայությունն ավարտելուց հետո՝ երկու տարի առաջ, զորացրվել էր եւ ընտանիքի հետ բնակվում էր Էջմիածնում: Զինծառայության երկու ծանր, տանջալից տարիներ՝ թշնամուն դեմ-հանդիման, ու բարեհաջող վերադարձ:
Ու այսօր Պարգեւը սպանված է հայի տականքի, հայի վիժվածքի ձեռքով: Դաժանաբար ծեծվել է հենց իրենց թաղամասում՝ մի խումբ թափթփուկների կողմից, որոնց հովանավորել են «ինը ոստիկանները», որոնց «աճեցրել» է ականատեսների լռությունը:
Ասում են՝ Աստված լավերին է տանում: Ի՛նչ անհեթեթություն․․․ Այդ մե՛նք լավերին, մաքուրներին, Պարգեւներին չենք պահպանում: Եթե որեւէ մեկն «ինը ոստիկանից» կամ ականատես «մանկուրտներից» մինչ այդ խոսեր, պատմեր, Պարգեւն այսօր ողջ կլիներ: Մեր Պարգեւը՝ բարի, մաքրամաքուր, աշխարհի ու մարդկանց հանդեպ մեծ սեր ու հավատ ունեցող Պարգեւը․․․
Ու ինձ բնավ չի մխիթարում այն միտքը, որ Պարգեւի հոգին հիմա իմ Պարգեւ պապի ու Լուսիկ տատի գրկում է, կամ որ նույնիսկ Աստված է նրան առոք-փառոք բազմեցրել իր կողքին․․․ Դրանից իմ ցավը չի փարատվում, իմ կսկիծը չի մեղմվում․ հոգի դառնալուց առաջ մարդը պետք է անցնի իր երկրային ճանապարհը:
Ասում են՝ մոր աղոթքն Աստծուն ամենից շուտն է հասնում, սակայն ո՛չ Պարգեւի մայրիկի, ո՛չ իմ՝ Պարգեւի հորաքրոջ աղոթքները տեղ չհասան․․. Մի լուսավոր, մի բարի հոգի այսօր հողին կհանձնվի, մի Պարգեւ կպակասի աշխարհից․․․
Ես չեմ կարող վերջին անգամ համբուրել քեզ, ի՛մ տղա, ես շատ հեռու եմ: Այսօր մի մոմ կվառեմ ու կաղոթեմ քո լուսավոր հոգու հանգստության համար: Եվ ամեն դեպքում հույս կփայփայեմ, որ Աստված քեզ իր մոտ տարավ:
Բայց հետո մի մոմ էլ կվառեմ ու կխնդրեմ․․․ չգիտեմ՝ ում, որ մարդասպանների մայրերը մի օր նույն վիշտն ապրեն․․․
Եվ «ինը ոստիկանների»․․․ ՛
Եվ բոլոր «լռակյաց վկաների», որոնց լուռ համաձայնությամբ են կատարվում հանցագործություններից շատերը:
Կեղծ բարեպաշտներից ներողություն չե՛մ խնդրի։
Սպանել կարելի է, անիծել՝ ո՞չ․․․
Գայանե Հակոբյան
Կարծիքներ