Վերջին հույսն ու վերջին հարվածը

Վերջին հույսն ու վերջին հարվածը

2018-ից մինչեւ 2021՝ ընդամենը 3 տարի, բայց ինչպիսի խելակորույս ու գլխապտույտ վայրէջք։

Բավական է միայն հիշել, թե ինչպե՜ս էր հասարակությունը ցնծում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրության օրերին, ինչպե՜ս էին նրան դիմավորում մարզերում։ Նա հարություն առած փրկչի նման ձեռքը դնում էր կանանց ու մանուկների գլխին, երիտասարդ աղջիկները նվաղում էին նրա հայացքից, տղամարդիկ զգաստանում էին նրա ներկայությամբ։ Իսկ քաղաքական ուժերը, տարբեր հանրային կառույցներ, հայտնի անձինք ուղղակի իրար հերթ չէին տալիս վարչապետին սատար կանգնելու, նրա ուշադրությանն արժանանալու, նրա հետ համագործակցելու դույզն ինչ հնարավորության համար։

Այսօր սատարողների շարքերն այնքան են նոսրացել, որ իշխանությունը մնացել է «ծիգրովկա» հագած կանանց, «լոսիքիսոների», իսկ քաղաքական ուժերից՝ Արամ Սարգսյանի ու Արման Բաբաջանյանի հույսին։ Անգամ մանր-մունր մարդ-կուսակցություններն իրենց պատվից վեր են համարում պարտված ու ձախողված իշխանություններին բացահայտ սատարելու հայտարարություններ անել։ Հիմա միմյանց հերթ չեն տալիս գործող իշխանություններին դատապարտելու, հրաժարականը պահանջելու հարցում։

Ամենավերջին եւ ամենահուժկու հարվածը Փաշինյանին հասցրեց նրան 3 տարի՝ ինչով հնարավոր է աջակցած Լեւոն Տեր-Պետրոսյանը, օրերս արված հայտարարությամբ, որով ՀՀ առաջին նախագահը հրաժարվեց մշուշապատ ու անորոշ գնահատականներից եւ հստակ հայտարարեց, որ երկիրը տանում ես կործանման, պետության փրկությունը քո շուտափույթ հեռացման մեջ է։ Կարող էր, իհարկե, կոչ անել, որ գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ու թող ժողովուրդը որոշի՝ ում է վստահում երկրի կառավարումը, բայց անգամ այդ վերապահումը չարեց նախկին նախագահը՝ հեռացիր ե՛ւ իշխանությունից, ե՛ւ երկրից։