Հասարակությանն այնքան պահել խուճապի, քաոսի վիճակում, որ համակերպվի նոր զիջումների հետ

Հասարակությանն այնքան պահել խուճապի, քաոսի վիճակում, որ համակերպվի նոր զիջումների հետ

Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

- Հայաստանում ՌԴ դեսպանությունը նախօրեին նոտա էր հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ վրդովմունք արտահայտելով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության առընչությամբ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։ Ի՞նչ կարծիքի եք այդ հայտարարության վերաբերյալ։

- Ասեմ, որ, բնականաբար, որեւէ քաղաքական ուժ, որեւէ լրատվամիջոց, կարծում եմ, հիմքեր չունի պնդելու, որ Ռուսաստանը որեւէ առնչություն ունի այս միջադեպի հետ։ Իհարկե, քանի դեռ հետաքննություն չի եղել, չի ավարտվել, եւ որեւէ բան պարզ չէ։ Այս իմաստով Ռուսաստանի արձագանքը գուցեեւ հասկանալի է, բայց անհասկանալի է այն տոնը, որով արվում է այդ հայտարարությունը՝ առավել եւս բովանդակությունը, որը, կարծում եմ, Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու ուղիղ փորձ է, որովհետեւ, փաստորեն, փորձ է արվում դրանով Հայաստանի իշխանություններին թելադրել իր վարքագիծն ու ներքաղաքական հարցերում ինչ-որ քաղաքական ուժերի նկատմամբ, լրատվամիջոցների նկատմամբ, ինչը, կարծում եմ, անընդունելի է։ Ինչո՞ւ է Ռուսաստանն այդպես վարվում, որովհետեւ Ռուսաստանում, հաշվի առնելով Հայաստանի սուբյեկտայնության նվազումը, փորձում են ավելի ու ավելի կոշտ դիրքորոշում հանդես բերել, ամբողջությամբ վերահսկելի դարձնել Հայաստանին, այդ թվում՝ նաեւ ներքաղաքական կյանքը, լրատվական դաշտը։ Եվ պատահական չէ, որ մի քանի օր առաջ էլ տարբեր ռուսական հարթակներից կարծիքներ էին հնչում, թե ժամանակը չէ՞ արդյոք, որ Ռուսաստանը Հայաստանում դենացիֆիկացիա իրականացնի։

- Առաջիկայում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Արդյոք պատահականությո՞ւն էր այս օրերին Ռուսաստանի կողմից արված այդ հայտարարությունը։

- Ես կարծում եմ՝ Ռուսաստանում մտավախություն ունեն, որ Հայաստանը կարող է «խաղաղության» դարաշրջանի բացման հարցում ոչ միայն Ռուսաստանի վրա հիմնվել, այլեւ փորձել ռուսական շրջանակներից դուրս գալ եւ այդ գործընթացներում ներգրավել նաեւ Արեւմուտքին՝ կոնկրետ  Բրյուսելին։ Եվ նրանք այդպիսի կոշտ հայտարարություններով  փորձում են հասկացնել,  որ մեր տարածաշրջանի տեր ու տնօրենն իրենք են, եւ մեր տարածաշրջանում առանց իրենց չի կարող որեւէ գործընթաց լինել՝ առանց իրենց անմիջական եւ գլխավոր մասնակցության։

- Խոսվում է նոր փաստաթղթի ստորագրման մասին։ Որքանո՞վ է դա իրատեսական։

- Ես չեմ կարծում, որ այս պահին հնարավոր է ինչ-որ նոր փաստաթուղթ, որովհետեւ նախեւառաջ Ադրբեջանն ակնհայտորեն տորպեդահարում է նոյեմբերի 10-ի փաստաթուղթը, ցինիկաբար դրա հնարավոր բոլոր կետերը խախտում է, եւ իր հիմնական պահանջի հարցում՝ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում, իմ տպավորությամբ, Հայաստանը չի պատրաստվում զիջումներ անել։ Այսինքն, այդ հարցում որեւէ հստակություն չկա, հետեւաբար, չի կարող լինել նաեւ նոր փաստաթուղթ։ Որովհետեւ եթե այդպիսի փաստաթուղթ լիներ, ենթադրաբար, առաջին հերթին պիտի վերաբերեր տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։ Իսկ այդ հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների տեսակետները տրամագծորեն հակադիր են։

- «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ  տարբեր վարկածներ են շրջանառվում։ Ի՞նչ կարծիքի եք Դուք։

- Ես չեմ կարող ասել, թե կազմակերպիչներն ովքեր են։ Բայց այդ հարցում ես նույնիսկ ավելի կարեւոր եմ համարում ոչ միայն այդ պայթյունը, այլեւ դրան հաջորդած պարբերաբար ահազանգերը՝ ռումբերի տեղադրման մասին, այսինքն՝ Հայաստանում պարբերաբար քաոս, խուճապ առաջացնելու այդ փորձերն ավելի կարեւոր եմ համարում քաղաքական առումով, որովհետեւ խնդիր կա՝ մեր հասարակությանն անընդհատ պահել խուճապի, քաոսի վիճակում, որպեսզի հնարավոր զիջումները, այ, էդ Ձեր ասած նոր փաստաթուղթը՝ եթե այդպիսին լինի, այդ հարցում ավելի հեշտությամբ ճնշումներ գործադրեն Հայաստանի իշխանությունների վրա, եւ հասարակությունն էլ, տեսնելով, թե ինչ խոցելի վիճակում է, հեշտությամբ համակերպվի դրան։

- Տեւական ժամանակ մայրաքաղաքում այդ ահազանգերը հնչում են, սակայն որեւէ պաշտոնական արձագանք չկա, եւ որեւէ հանգստացնող հայտարարությամբ հանդես չեն գալիս հանրության առաջ։

- Այո, եթե ուզենային Հայաստանի իշխանությունները կամ հատուկ ծառայությունները, ինչ-ինչ, բայց դա կարող էին անել ցանկության դեպքում։ Տարօրինակ է, որ ոչ միայն որեւէ հայտարարություն չեն անում, այլեւ չեն էլ բացահայտում այդ զանգերի հեղինակներին եւ հակաքայլեր էլ առայժմ չեն իրականացնում։