Փաստաբանները՝ ազատ խոսքի պաշտպան

Փաստաբանները՝ ազատ խոսքի պաշտպան

Դեկտեմբերի 6-ը Փաստաբանների օրն է։ Երեկ Փաստաբանների պալատում հանդիսավոր նշում էին իրենց 101-ամյակը։ Փաստաբանությունը՝ որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ, Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918թ․՝ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում։

Ուղիղ 101 տարի առաջ՝ 1918թ․ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդի կողմից ընդունված Դատական հաստատությունների կանոնադրության 9-րդ բաժնի 2-րդ գլուխն ամբողջությամբ նվիրվել է փաստաբաններին, որոնք այն ժամանակ կոչվում էին երդվյալ հավատարմատարներ։ Այս նորմատիվ իրավական ակտով կանոնակարգվել են փաստաբանների կազմակերպության կառուցվածքը, կառավարման մարմինները, փաստաբանների վարքագծի կանոնները եւ մի շարք այլ հարաբերություններ։ Առհասարակ, փաստաբանները պաշտպանում են ոչ միայն հանրությանը, այլեւ այն ինստիտուտներին, որոնք ուղղված են հանրությանն առավել պաշտպանված դարձնելուն։

Այս առումով փաստաբաններն ու ԶԼՄ-ները «քույր-կառույցներ» են, որոնք կոչված են, մի կողմից, ծառայելու հանրությանը, մյուս կողմից՝ աջակցելու միմյանց գործունեությանը։ Լրագրողները՝ փաստաբաններին, որպեսզի նրանց պաշտպանյալների գործերը լուսաբանեն եւ իրավական ապօրինությունների մասին բարձրաձայնեն, փաստաբանները՝ լրագրողներին, որ եթե հանրային տարբեր շերտեր փորձեն ոտնձգություններ կիրառել ազատ խոսքի նկատմամբ, դիմեն դատարան, նրանց շահերը դատարաններում ներկայացնեն։ Այնպես որ՝ լրագրողներն ու լրատվամիջոցներն իրենց գործունեության ընթացքում պարբերաբար ունենում են փաստաբանների աջակցության կարիքը։

«Հրապարակի» բախտն այդ առումով բերել է․ մենք բազում գործընկեր փաստաբաններ ունենք, որոնք մեզ անշահախնդիր իրավական աջակցություն են ցույց տալիս։ Մեր գործընկեր փաստաբանները գիտակցում են, որ ժողովրդավարական հանրությունում լրատվամիջոցների դերն ու նշանակությունը շատ մեծ են, ֆինանսական միջոցները՝ սուղ։ Իսկ իշխանափոխությունից հետո առհասարակ մամուլի վիճակն ավելի բարդացել է՝ դատական հայցերն աճել են։ Ցանկացած, ամենաանմեղ հրապարակում անգամ, որը հաճո չէ պաշտոնյաների, իշխանությունների ականջին, դառնում է դատական հայցի առիթ, որոնք հաճախ զուգորդվում են աստղաբաշխական թվերի հասնող ֆինանսական պահանջներով։

Շնորհավորելով մեր գործընկեր փաստաբանների տոնը՝ մենք ուզում ենք այսօր առանձնահատուկ երախտագիտություն հայտնել «Զոհրաբյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակին՝ նրա նախկին ղեկավար Արա Զոհրաբյանին եւ փաստաբան Դավիթ Դանիելյանին, որոնք արդեն 10 տարի ներկայացնում են «Հրապարակի» շահերը դատարաններում եւ բազում հաղթանակներ են ապահովել մեզ։ Շնորհակալ ենք «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակին եւ փաստաբան Լեւոն Բաղդասարյանին, ով մի քանի տարի առաջ անսպասելիորեն եկավ մեր խմբագրություն եւ առաջարկեց օգնել մեզ մեր դատական վեճերում։ Վերջերս մեր բարեկամ փաստաբանների խմբին է միացել նաեւ «Բաբայան քոնսալթինգ» փաստաբանական գրասենյակը՝ Արսեն Բաբայանի գլխավորությամբ, ում հետ մենք տարիներ շարունակ վեճեր ենք ունեցել, երբ նա աշխատում էր Ազգային ժողովում։ Եվ վերջապես՝ մեր լավ գործընկերն է նաեւ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը՝ հանձինս փաստաբան Լուսինե Հակոբյանի, ով նույնպես մեծապես օժանդակում է մեր իրավական խնդիրների լուծմանը։

Շնորհավոր ձեր տոնը, հարգելի փաստաբաններ։ Ձեզ ուժ, կորով, խիզախություն ձեր շատ կարեւոր եւ հանրորեն օգտակար աշխատանքում։