Նամակ [email protected] հասցեին կամ կառավարության հերթական պոպուլիզմը 

Նամակ covid19@hti.am հասցեին կամ կառավարության հերթական պոպուլիզմը 

ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը երեկ առաջին հայացքից ուրախալի լուր է հայտնել՝ կառավարությունը դիտարկում է Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունը։ Նա ասել է նաեւ, որ անսարքություն ունեցող սարքերից մեկը մասնագետները վերականգնել են, այժմ դիտարկում են հնարավորությունները, թե ինչպես կարելի է Հայաստանում սկսել դրանց արտադրությունը։ Նախարարը նաեւ առաջարկել է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարներ եւ առաջարկներ ունեցողներին մինչեւ ապրիլի 5-ը նամակ գրել՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։ Այս լուրը մասնագետների, լրագրողների, շարքային քաղաքացիների համար որքան ուրախացնող է, նույնքան զավեշտալի եւ անիրատեսական։ 

Շատերը, ինչպես, օրինակ, առողջապահական կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը, չեն հավատում ու էս գլխից հայտարարում են՝ տհաճ պոպուլիզմ է։ «Ինչ վերաբերում է վերանորոգմանը, միանշանակ լավ եմ գնահատում, բայց նոր սարքերի արտադրություն դնելն այդքան հեշտ չէ, դա դիմակի արտադրություն չէ։ Նախ, ցանկացած սարք պետք է անցնի որոշակի փորձաշրջան, այսինքն՝ սա տեւական պրոցես է, եւ մեր Դեղերի ու տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը պետք է երաշխիք տա, հաստատի, որ դա անվտանգ է։ Բազմաթիվ նման խնդիրներ կան, որոնք ժամանակ են տեւելու։ Հապճեպ կերպով արտադրված սարքերի որակի երաշխիք որեւէ մեկը չի կարող տալ։ Մասնավորապես մենք՝ Հայաստանը, որը նոր է հայտ ներկայացնում ոտք դնել այդ սարքերի արտադրության ոլորտ, մենք դեռեւս չունենք նման փորձ։ Եվ եթե մենք այլ երկրների սարքը քանդենք ու փորձենք հասկանալ՝ ինչ նյութերից է, դա չի նշանակում, որ մենք կունենանք բավարար էֆեկտիվությամբ սարք։ Խնդիրը սա է»,- ասաց Գրիգորյանը։ Նա նաեւ ընդգծում է՝ մենք չենք կարող վերցնել ու ինչ-որ մի ընկերության պատենտը գողանալ։ 

Ակնհայտորեն թերահավատ է նաեւ Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Ես ինժեներ չեմ ու, բնականաբար, կարծիք չեմ կարող հայտնել, բայց դրանք բավականին բարդ սարքեր են։ Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանում կարող են նման բան արտադրել։ Կարող է՝ էնքան որ էքստրեմալ պայմաններում օգտակար լինեն, էդքան բարձրակարգ չլինեն։ Բայց չեմ կարող ասել, եթե տենց տաղանդավոր մարդիկ կան, թող արտադրեն, ուրախ կլինեմ։ Եթե նման բան կարողանանք անել, հրաշալի կլինի, ի՞նչ է եղել»։ 

Նշենք, որ նման սարքերի գինը, որոնք տարբեր երկրների արտադրության են, սկսվում է 25 հազար դոլարից։ Բժիշկ Վահե Տեր-Մինասյանին հարցրինք նաեւ՝ իր համար մտահոգիչ չի՞ թվում Հայաստանի բնակչության պայմաններում հիվանդացության թիվը՝ երեկ կեսօրվա դրությամբ՝ 482։ Նա ասում է՝ չգիտեմ ու ավելացնում․ «Իրականում, պետք է համեմատել, մենք չգիտենք՝ մյուս երկրներում ինքն ինչ ձեւով է տարածվում, ինչքան է ստուգվում․․․ իրականում ռեալ թվեր դժվար է պատկերացնել»։ Բժիշկ Տեր-Մինասյանի կարծիքով՝ այս փուլում հաստատ չարժեր դիտորդներով ու լրագրողներով ընտրությունների գնալ Արցախ։ «Հաստատ չարժեր։ Դա իմ կարծիքն է»։ 
Նշենք նաեւ, որ Նյու Յորքի «Բաֆալո» գործարաններում թոքերի արհեստական օդափոխության ապարատների գործարկման մտադրության մասին հայտնել են նաեւ ամերիկյան Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, գերմանական հայտնի Dräger ընկերությունը, բրիտանական մի քանի հայտնի ընկերություններ, այդ թվում՝ Dyson ընկերությունը, որն առավել հայտնի է փոշեկուլների արտադրությամբ, եւ Ռուսաստանը։ 

Զրուցեցինք նաեւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանում կան արդյունաբերական ավտոմատիկայով զբաղվող շատ ընկերություններ։ «Քանի որ նախարարը՝ ինքը, այդ ոլորտից է, նրանց ուղիղ ճանաչում է, երեւի կանչել-ասել է՝ սարքեք»։ Կարեն Վարդանյանն ասում է, որ նման սարքերի արդյունավետության տեսանկյունից առավել բարդը համարվում է էլեկտրոնիկայի մասը, որի համար անհրաժեշտ է լայն խորհրդատվություն։ 

Այլ մասնագետներ պնդում են, որ նման սարքերի արտադրությունը սկսելու համար առնվազն մեկ տարի եւ մեծ ռեսուրսներ կպահանջվեն, որոնք մենք չունենք, իսկ մեկ տարի անց էլ հայտնի չէ, թե դրանք ինչքանով պահանջված կլինեն։ Մեր աղբյուրներն ասում են նաեւ, որ ՀՀ կառավարությունն այս օրերին փորձել է դրսից գնել նման սարքավորումներ, սակայն պարզվել է, որ դրանք չկան։ Բոլոր արտադրող ընկերությունները մատակարարում են իրենց պետությունների առողջապահական համակարգերին, մեծ պատվերներ ունեն, եւ գներն էլ խիստ աճել են։ Բացի այդ՝ մատակարարումների եւ տեղ հասցնելու դժվարություններ կան ամենուրեք, եւ անգամ փոքրամասշտաբ պարագաների հարցում, օրինակ՝ թեստերի, դիմակների, լուրջ խնդիրներ են ծագում։