Դատավորներն ընդվզում են իշխանության կամայականության դեմ

Դատավորներն ընդվզում են իշխանության կամայականության դեմ

Դատավորների ընդհանուր ժողովը մտահոգված է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ:

Թեպետ արտահերթ նիստ հրավիրելու համար բավարար է 54-65 դատավորի համաձայնություն, սակայն, մեր տեղեկություններով, այս պահի դրությամբ արդեն 67 դատավորի ստորագրություն է հավաքվել։ Դատավորների ընդհանուր արտահերթ ժողով անցկացնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել վճռաբեկ դատարանի նախագահին, որպեսզի նիստ հրավիրի։ Պահանջում են առհասարակ քննարկման դնել դատական իշխանության և դատավորների նկատմամբ ճնշումների հարցը։ 

Հիշեցնենք, որ օրերս Բարձրագույն դատական խորհուրդը  բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը և համաձայնություն տվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու՝ իբր ակնհայտ ապօրինի կալանավորման որոշում կայացնելու համար:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դատավոր Բախշիյանի նկատմամբ իրավապահները հետաքրքրություն են ունեցել որոշ ժամանակ առաջ, երբ նա կալանավորման որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկի նկատմամբ։ Իրավապահներն առավել սեւեռվել են նրա ուղղությամբ, երբ Բախշիյանն Աշոտ (Երկաթ) Մինասյանի կալանավորումը փոխել է գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։