Իսկ կասե՞ք՝ ով բերեց Նիկոլին

Իսկ կասե՞ք՝ ով բերեց Նիկոլին

Հենց երկու բառ ենք խոսում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասին, հարց է առաջանում՝ իսկ ո՞վ բերեց նրան: Ինչպես Հայաստանում է կարեւոր, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին: Շատ ճիշտ հարց է, ի դեպ, եւ չասեք, թե Արայիկ Հարությունյանն առանց աջակցության` իր ուժերով դարձավ ԱՀ նախագահ. հաղթեց տեղական մարմինների ընտրություններում ու այդպես դարձավ… Ես տեսել եմ նրա նախագահական ընտրարշավը, քաջ ծանոթ եմ նրա հայտարարություններին, թե ավելի է ընդլայնելու Արցախի Հանրապետության սահմանները, եւ այլն, եւ այլն: Մյուս կողմից էլ՝ չենք կարող ասել, որ Ալիեւն ու Էրդողանը կամ Պուտինն է նրան բերել, ՄԽ ամերիկացի համանախագահը, կամ Լավրովի պլանով է բերվել, պարսիկների պասով…

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Բակո Սահակյանը պատահաբար չգիտի՞, թե ինչպես ընտրվեց Արայիկ Հարությունյանը: Հարգելի Բակո Սահակովիչ, ասելիք չունե՞ք այն մասին, թե ինչպես Արայիկը նախագահ դարձավ Արցախում: Եթե Դուք էլ չգիտեք, ապա ո՞վ գիտի, Ձեր վարչապետը չէ՞ր նա: Շուշիի մշակույթի տանը, հարգելի Բակո Սահակովիչ, Դուք Նիկոլի կողքին նստած՝ լսում էիք Արայիկ Հարությունյանի ելույթն ու երդման տեքստը: Նա իր ելույթն ավարտեց «Արցախը Հայաստան է եւ վերջ» սրտաճմլիկ բացականչությամբ, որն ընդամենը շաբաթներ առաջ Նիկոլն էր բաց թողել Ստեփանակերտի հրապարակում:

Դուք այդ պահին հավատո՞ւմ էիք Ձեր եւ Արցախի ժողովրդի ընտրությանը: Կներեք, իհարկե, Ձեզ այսպիսի հարցեր տալու համար, բայց վստահ եմ՝ Դուք գիտեք, թե խոսքն ինչի մասին է, գիտեք, թե ինչ ենք կորցրել, ու որքան կարեւոր է այս դեպքում ամեն ինչ իմանալը, որպեսզի վաղը եղածն էլ չկորցնենք: Դուք, իհարկե, կարող եք ասել, որ Ձեզ խաբեցին՝ նոր Հայաստան, նոր իրողություններ, Արցախում չէր կարելի «հին կարգերը» պահպանել, մնալ անցյալում… Հարգելի Բակո Սահակովիչ, Բակո ջան, այդպես ինձ կարող էին խաբել, բայց ո՛չ Ձեզ: Ես այդ վարկածին ուղղակի հրաժարվում եմ հավատալ:

Որպեսզի իմանանք, թե ով Արայիկ Հարությունյանին դարձրեց ԱՀ նախագահ, պարտադիր չէ, որ քննությունն սկսենք Արցախից եւ ծանրանանք Բակո Սահակյանի վրա: Հայաստանում, ինչ է, նախագահներ չկայի՞ն, որ ուզում էին՝ Արայիկը «հաղթեր» ընտրություններում:

Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքի մասին, մեղքս ինչ թաքցնեմ, տեղյակ չեմ: Նրա գրասենյակը գուցե ինչ-որ տեղ, ինչ-որ կերպ արտահայտվել է, բայց մյուս կողմից էլ միանգամայն հասկանալի էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պակաս ակտիվությունն այդ հարցում՝ հետապնդումներ, բանտ, հետապնդումներ… Այսուհանդերձ՝ հարցս ուղղում եմ ՀՀ երեք նախագահներին, որովհետեւ 4-րդը փախել է, 5-րդն էլ չեղածի հաշիվ է: Պարոնայք նախագահներ, ո՞վ Հայաստանում իշխանության բերեց Նիկոլին, որն էլ իր հերթին, ըստ ժողովրդական տրամաբանության, Արայիկ Հարությունյանին իշխանության բերեց Արցախում: Ես չեմ կարող այս հարցով դիմել Պուտինին, Մերկելին, Մակրոնին, Թրամփին, Էրդողանին, Ալիեւին… Ես ձեզ եմ ճանաչում՝ որպես Հայաստանի անկախության շրջանի ղեկավարներ: Այս հարցը պետք է ի վերջո պատասխան ունենա՞, թե՞ ոչ: Այլապես մարդիկ մտածում են, որ դուք Նիկոլի հետ նույն խաղն եք խաղում, որ դուք գիտեիք, թե ինչ է սպասվում Հայաստան-Արցախին, եւ թույլ եք տվել, որ դա իրականացվի Նիկոլի ձեռքով՝ վախենալով ձեր անվան եւ պատվի համար:

Եվ ահա ես խոնարհաբար խնդրում եմ ձեզ սեպտեմբերի 2-ին գալ Ֆրանսիայի հրապարակ եւ պարզություն մտցնել այս հարցում: Մեկ անգամ կանգնեք կողք-կողքի, միասին նայեք ժողովրդի աչքերին, նայեք ու ասեք, թե ինչի արդյունք ու հետեւանք էր այս մղձավանջը, որի մեջ ենք հայտնվել բոլորով: Եկեք եւ ասեք, որ դուք չեք բերել այս բերովի երեւույթը, որ դա թյուրիմացության արդյունք է, որ թյուրիմացություն են նաեւ 2021թ. հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները… Այլապես Հայաստանը պետք է հայտարարել գժանոց՝ բաց երկնքի տակ, որտեղ գժերը վարչապետ են ընտրում կապիտուլյանտին, երկիր վարի տվողին, դավաճանին, ստահակին, ազգակործան պատուհասին, բերանն արնոտ մարդակերին, թշնամու ծառային:

Եկեք հրապարակ եւ վերջապես ձեւակերպեք այս խայտառակությանն իշխանությունից հեռացնելու միասնական օրակարգը, եթե, իհարկե, չեք ցանկանում, որ նա վաղը, մյուս օրը խայտառակի նաեւ ձեզ: Իսկ նա մարդու հենց այդ տեսակն է: Նա չի կարող միայնակ հեռանալ: Նա իր հետ տանելու է բոլորին՝ թե՛ իրեն բերողին, թե՛ իրեն պահողին, թե՛ իր ողջ թիմը… Երկու հատ տփոց կերավ՝ անուններ է տալու, ցեխոտելու, մրոտելու է բոլորին՝ իրեն ներկայացված մեղադրանքները ջրելու եւ մահապատժից խուսափելու համար: Ճիշտն ասած՝ չէի ուզենա հենց նրա ստախոս շուրթերից լսել, թե ովքեր են այս ամենի անվանական մեղավորները: