Ադրբեջանը լայն թափով եւ՛ յուրացման, եւ՛ ոչնչացման քաղաքականություն է վարում

Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման, պատմության եւ մշակույթի հանրայնացման եւ փախստականության իրավունքների խնդրի շուրջ կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում` նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության։ Ողջունելով ներկաներին՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ արցախահայության իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ օրախնդիր։ Ըստ Գրիգորյանի՝ Արցախի հոգեւոր եւ մշակութային միջավայրի փրկության միակ հիմնավոր երաշխիքն արցախահայության վերադարձն է։ Բարձրաձայնելով Արցախի ժողովրդի իրավունքի հարցը՝ Ա. Գրիգորյանը նշեց․ անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը հստակ դիրքորոշում արտահայտի եւ քայլեր ձեռնարկի՝ ապահովելու արցախահայության արժանապատիվ եւ ապահով վերադարձն իրենց բնակավայրեր՝ միջազգային իրավունքների հովանու ներքո։
«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանն էլ արձանագրեց, որ գործադրված բոլոր մեխանիզմներն ու միջոցներն այսօր չեն արդարացնում իրենց․ «Ադրբեջանը բավական լայն թափով ե՛ւ յուրացման, ե՛ւ ոչնչացման քաղաքականություն է վարում, որի մասին մենք բարձրաձայնում ենք տարբեր հարթակներում։ Պետք է արձանագրենք մի փաստ․ հարեւան պետությունն այսօր կարողանում է եվրոպական գիտաժողովների շրջանակներում, հանդեսների, հրապարակումների միջոցով սեփական թեզն առաջ տանել»։ Վերլուծաբանը նշեց, որ ի հակադրումն այս ամենի՝ հարկավոր է նոր մեխանիզմներ մշակել, գործել հանուն հայապահպանության ու հոգեւոր-մշակութային արժեքների պահպանման։
Խոսելով վերջին տասնամյակներում Ադրբեջանի պետական քաղաքականության մասին՝ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Հասմիկ Կիրակոսյանը շեշտեց, որ Ադրբեջանը հատուկ ուշադրություն է դարձնում պատմության ու մշակութային ժառանգության նպատակաուղղված վերաշարադրմանը։ «Տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում որդեգրված պատմաքաղաքական զեղծարարության եւ բազմաշերտ ապատեղեկատվության ռազմավարությունը նպատակ ունի կեղծ նարատիվների միջոցով վերաիմաստավորել տարածաշրջանի պատմությունը՝ զրկելով հայ ժողովրդին իր պատմական իրավունքներից, ժառանգությունից եւ ինքնությունից»,- նշեց վերլուծաբանը։ Կիրակոսյանն առաջարկում է մեթոդաբանական մոտեցումներ ու լուծումներ, ինչպիսիք են ակադեմիական եւ փաստահեն արձագանքման մեխանիզմների ձեւավորումը, մեդիառազմավարության ներդրումը, սփյուռքի ներուժի համակենտրոնացումը, ակադեմիական մոնիթորինգը։
«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Արտակ Մաղալյանը նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել հայագիտական ցանց՝ նմանատիպ հարցերը քննարկելու նաեւ հայկական հանրույթից դուրս՝ միջազգային գիտական միջավայրում։ Ավելին՝ հարկավոր է մոնիթորինգ անել՝ ճշտելու ադրբեջանական կողմից կեղծվող թեմաների շրջանակը, կազմակերպել թեմատիկ աշխատաժողովներ, որոնք կմերկացնեն նմանատիպ կեղծարարությունները։
Կարծիքներ