Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մասնագիտական համայնքում բարձր վարկանիշ ունեցող դատավորներից է` հեղափոխական հոսանքներին չի ենթարկվել, լավ դատավորի իմիջ ունի, որն օրենքին է ծառայում, ոչ թե իշխանություններին։ Նա այն դատավորն էր, որ 2019-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց շրջափակել դատարանները, որպեսզի պատժի իր հրահանգները չկատարող դատավորներին, փորձում էր լուսամուտով մտնել աշխատասենյակ՝ դրանով իր անհամաձայնությունը հայտնելով Փաշինյանի հակաիրավական գործողություններին։ Սակայն երեկ հաշված ժամերի ընթացքում դատավոր Բալայանը տանուլ տվեց իր` անկախ դատավորի իմիջը՝ խորհրդարանում փորձելով ստանալ հեղափոխական իշխանությունների քվեն, որ գնա Սահմանադրական դատարան։ Իհարկե, դա չօգնեց, քանի որ ՔՊ-ն նենգաբար, նախապես փափուկ բարձ դնելով Բալայանի գլխի տակ, հետո չմասնակցեց քվեարկությանը: Չնայած դրանով ոտնահարվեցին նաեւ Սահմանադրությունն ու օրենքը, որովհետեւ Դատավորների ընդհանուր ժողովի ընտրած թեկնածուն չգործուղվեց ՍԴ։
Իշխող թիմն օրեր առաջ Բալայանի հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ շատ ջերմ եւ խաղաղ զրույց է ունեցել, հասկացրել, որ դեռ որոշված չէ, թե ինչպես կքվեարկեն: Բալայանին էլ հասկացրել են, որ իր օգտին քվեարկելը կախված է հենց իր պահվածքից` եթե ինքը պատրաստ է ընդունել ՔՊ-ի իշխանությունը, ապա իրեն կընտրեն ՍԴ դատավորի պաշտոնում։ Բալայանն էլ թերեւս որոշել է կոմպրոմիսի գնալ եւ ընկել է ՔՊ-ի ծուղակը: Եվ խորամանկ ՔՊ-ականները Բալայանին հրապարակավ «փչացրին»՝ մի կողմից ցույց տալով, որ երկրում իրականում սկզբունքային մարդիկ չկան, երբ նժարին են դրվում՝ սկզբունքները, թե սեփական շահը, բոլորը գնում են զիջումների եւ պատրաստ են ծառայել քաղաքական իշխանություններին` ինչ-որ պաշտոնի կամ առաջխաղացման ակնկալիքով։
Եվ Դավիթ Բալայանի՝ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու հարցի քննարկումը ՔՊ-ականները վերածեցին մի գործընթացի` դաս տալով ոչ միայն իշխանության դեմ ելած դատավորներին, ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր մարդկանց, այլեւ իրենց մերժող քաղաքացիներին: Նրանք ոչ մի ագրեսիվ ելույթ, ոչ մի տհաճ հարց չտվեցին, ոչ մի քննադատություն չհնչեց, այսինքն` ոչնչով չմատնեցին, որ վատ են նախատրամադրված, առավել եւս, որ չեն ընտրելու, ճիշտ հակառակը՝ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում Բալայանին գցեցին իրենց ծուղակը: Վերջինս ճգնեց գրավել ՔՊ-ականների սիրտը, եւ դրանից հենց իր հեղինակությունը տուժեց։ «Իրողություն է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, ժողովրդի կամքով տեղի է ունեցել իշխանափոխություն, որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, որ ընտրությունները կեղծվել են»,- հայտարարեց նա` պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին, թե Բալայանն ինչպես է վերաբերվում 2018 թ. իշխանափոխությանը եւ դրանից հետո դատական համակարգի զարգացման ընթացքին, մասնավորապես` ՍԴ-ում տեղի ունեցածին:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությանը, որով ՍԴ 4 անդամ զրկվեց լիազորությունից, իսկ նախագահը՝ իր պաշտոնից, Բալայանն ասաց, որ ընդունում է Եվրադատարանի որոշումը, ըստ որի՝ ՍԴ անդամները չեն կարող օգտվել ՀՀ-ում դատավորների դատական պաշտպանության իրավունքից, եւ տեղի ունեցած փոփոխությունները միտված են եղել Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը։
«Ես՝ որպես դատավոր եւ քաղաքացի, չեմ կարող հաշվի չնստել Եվրոպական դատարանի որոշման հետ, հետեւաբար, ինչպես իմ, այնպես էլ բոլորի համար այդ որոշումը վերջնական է, եւ լեգիտիմ է այն փոփոխությունը, որը կատարվել է, որեւէ մեկի կողմից չի կարող վիճարկվել»։ Սա՝ այն դեպքում, երբ անգամ շարքային քաղաքացիներին է հայտնի, որ Փաշինյանն ուղղակի բռնի հակաիրավական հեղափոխություն կատարեց ՍԴ-ում, այլ հարց է, որ քաղաքական շահերից ելնելով՝ եվրոպական կառույցները աչք փակեցին դրա վրա։ Բայց որպեսզի շատ նիկոլական չերեւա, Բալայանը որոշեց «սկզբունքայնություն» դրսեւորել ավելի անշառ հարցում: Պարզվեց՝ նա դեմ է ԲԴԽ-ում դատավոր եւ գիտնական անդամների հավասար ներկայացվածությանը․ «Ես՝ որպես դատավոր, դեմ եմ եղել... իրավունք եմ ունեցել արտահայտել այդ կարծիքը, եւ դատավորի չեզոքությունն ինձ չի արգելել այդ կարծիքն արտահայտել, քանի որ օրենսդրական փոփոխությունները վերաբերելու են հենց դատական համակարգին»: Բալայանը կարծում է, որ ԲԴԽ-ն պետք է հիմնականում բաղկացած լինի դատավորներից, նրանց ձայնը պետք է գերակա լինի, իսկ նոր ընդունված օրենքով 5 գիտնական, 5 դատավոր է: Ինքը դեմ է եղել այդ հավասարեցմանը, քանի որ որոշումն ընդունվում է ԲԴԽ 7 անդամների միջոցով։ «Այն ինստիտուցիոնալ խնդիր է եւ միտված չէ դատավորի անկախության ապահովմանը»,- ասաց Դավիթ Բալայանը։
Նկատենք, որ Բալայանի պատասխաններից հետո ընդդիմության շարքերում նկատելի աժիոտաժ առաջացավ, ոմանք, անակնկալի եկած, քննարկում էին Բալայանի պահվածքը եւ ոմանք չթաքցրին հիասթափությունը, անգամ դուրս եկան դահլիճից, իսկ Գեղամ Մանուկյանը, որ ընդդիմությունից միակն էր, որ գրանցվել էր հարց տալու համար, հրաժարվեց հարցից։ ՔՊ-ում որքան էլ արտաքուստ մեղմ էին տրամադրված, սակայն ՍԴ աշխատակազմի նախկին քարտուղար Վլադիմիր Վարդանյանը թեթեւակի «անցավ» Բալայանի վրայով՝ նկատելով, որ նրա ելույթում բացակայում էր պատկերացումը ՍԴ-ի մասին, եւ թե նա իր առաքելությունն ինչպես է պատկերացնում այդ ոլորտում։
Հարցի քննարկումից հետո ՔՊ-ն ֆրակցիայի փակ նիստ անցկացրեց, ու որոշեցին բոյկոտել քվեարկությունը: Չնայած մեզ ասացին, որ ոմանք առաջարկել են կողմ քվեարկել Բալայանին, քանի որ հրապարակային ընդունել է ՔՊ-ի «կրոնը», բայց Վլադիմիր Վարդանյանը պնդել է, որ Բալայանը չունի ՍԴ դատավորին համապատասխան ունակություններ: Կարելի է կարծել, թե իրենց կողմից ընտրված Սեդա Սաֆարյանն ու մյուսներն իրավաբանության գուրուներ են։
ՀԳ․ Մի ուշագրավ դրվագ եւս՝ քննարկման ընթացքն ընդդիմադիրների մոտ տպավորություն էր ստեղծել, թե ՔՊ-ն շանս է տալու Բալայանին, ուստի որոշել էին չմասնակցել փակ քվեարկությանը, որ հետո քննադատության չարժանանային, թե ՔՊ-ի «դաբրոյին» արժանացած թեկնածուին կողմ են քվեարկել, բայց քվեարկությունից կես ժամ անց, երբ ակնհայտ դարձավ, որ իշխող ուժը բոյկոտի որոշում է կայացրել, ընդդիմադիրները ժամանեցին քվեարկության եւ 32 կողմ քվե տվեցին Բալայանին, ինչը բավարար չէր ՍԴ դատավոր դառնալու համար։ Դատավորների ընդհանուր ժողովը սահմանված ժամկետում պետք է կրկին թեկնածու ներկայացնի ՍԴ դատավորի պաշտոնի համար: Տեղեկություններ կան, որ այս անգամ թեկնածուն լինելու է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ վճռաբեկի դատավոր, Սորոսի հիմնադրամի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանը։