Նիկոլը չսիրեց Շուշին եւ չի սիրելու Սյունիքը

Նիկոլը չսիրեց Շուշին եւ չի սիրելու Սյունիքը

Չեմ հիշում մի երեւույթ, որ այնպիսի համաժողովրդական ցնծության ու տոնի վերածվեր, ինչպիսին Շուշիի ազատագրումն էր 1992-ի մայիսի 9-ին: Մենք ամսի 8-ին էինք սկսել քեֆը համալսարանական մեր խմբով, երկու օր շարունակ ցնծում էինք: Անընդհատ ուսանողներ էին գալիս ու գնում Շուշիի համար բացված սեղանին: Հիմա չեմ հիշում՝ Նիկո՞լն էլ եկավ ու գնաց: Բայց կարծես աղոտ հիշում եմ՝ ինքն էլ էր ուրախ, քանի որ չէր կարող անմասն մնալ համաժողովրդական էյֆորիայից: Աղոտ եմ հիշում, որովհետեւ համալսարանի ուսանողական այդ կորիզի մեջ Նիկոլը չկար, չէր երեւում: 

Ես չեմ ուզում անդրադառնալ Շուշիի պատմությանը, քանի որ ամոթ եմ համարում, երբ հայը հային պետք է բացատրի, թե ինչ է Շուշին մեզ համար՝ հոգեւոր, մշակութային, պատմական առումով: Հենց սա էր պատճառը, որ Ալիեւը ձգտում էր ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի ձեռքբերմանը, որքան՝ Շուշիի, քանի որ Շուշին Արցախ աշխարհի ոգին է, հայերիս համար ոգու քաղաք: Ոգեղեն եւ ռազմական նշանակություն ունեցող մեր երեք բերդաքաղաքները՝ Վանը, Կարսը, հիմա էլ Շուշին, թուրքին ենք հանձնել: Իսկ ինչո՞ւ զինադադարը շուտ չէր կնքվում. որովհետեւ Շուշին հանձնված չէր: Նիկոլն ինքն է ասում, որ յոթ շրջանները եւ Շուշին պետք է վերադարձվեին Ադրբեջանին: Մարդը խոստովանում է, որ այդպիսին էր պայմանավորվածությունը իր եւ Ալիեւի միջեւ: Մյուսներն ասում են՝ չէ, Շուշիի հարց չի եղել, որովհետեւ նրանք անտեղյակ են պայմանավորվածությանը, այդ թվում՝ նաեւ Վլադիմիր Պուտինը: Նիկոլը չի թաքցնում սույն փաստը, խոստովանում է, որ Շուշին հանձնել է: Իսկ վաղն ասելու է, որ ինքը չի խաբել մեզ, եւ մենք պետք է տողատակերից հասկանայինք դա, որ այդպես է: Ինչպես ասաց, որ 44 օր չեն խաբել՝ ասելով, թե հաղթում ենք. մենք տողատակերից պետք է հասկանայիք, որ պարտվում ենք:   

Ահա թե ինչու Նիկոլը չսիրեց Շուշին, ինչո՞ւ էր ասում, որ Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք է, որ Շուշիի բնակչության 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել: Իսկ մեր պատմական Արցախը մեր կողմից 26 տարի ազատագրված պահելու դիմաց Ադրբեջանը մեզնից ահռելի ռազմատուգանք է պահանջում կամ փոխարենը՝ Սյունիքը: Արցախը տվեցիք, Սյունիքն էլ պետք է տաք, եւ տալիս ենք կամաց-կամաց: Արդեն Թուրքիայի եւ Ադրբեջանի նոր քարտեզներում Հայաստանը գծված է առանց Սյունիքի: Առայժմ առանց Սյունիքի: Սա թուրք-ադրբեջանական ծրագրի մի մասն է, այս պահին՝ ամենակարեւոր մասը: Մի օր էլ Նիկոլը հայտարարելու է, որ Սյունիքն է դժգույն ու դժբախտ, որ Սյունիքում միշտ էլ թուրքեր են ապրել, որ Նժդեհը զոռով է պահել 100 տարի առաջ: Եվ Նժդեհին կհամարի ոչ թե հերոս, այլ՝ ռազմական հանցագործ, կասի, որ թուրքերից խլել է Սյունիքը եւ բռնակցել Հայաստանին: Մեղա քեզ, Նժդեհ: Է, Նիկոլն է, ինչ ուզի, այն էլ կասի: Գոնե որեւէ մեկդ չի կասկածում Նիկոլի այդ կարողությանը: 

Անթաքույց կասի, որովհետեւ լավ է ճանաչում մեր ժողովրդին, գիտի, որ լուռումունջ կլսենք ու կասենք՝ Նիկոլը փրկեց մեզ: Կամ՝ Աստված է՛լ բեթարից ազատի, եւ Նիկոլը հենց այդ բեթարից մեզ ազատեց: Որովհետեւ գիտի, որ այդպես դարեր շարունակ մեր ունեցածը լուռումունջ տվել ենք թշնամուն ե՛ւ յուրայինի, ե՛ւ օտարի ձեռքով: Գիտի՝ այնքան խեղճ ենք, որ փթիրը տալիս, հացը վերցնում են ձեռքներիցս: Ինչպես վերցրին Արցախը, հիմա էլ՝ Սյունիքը: Նիկոլը եւ իր թիմը Սյունիքը կտան ոչ թե անկարողությունից, այլ՝ որովհետեւ այդպես են ուզում: Նիկոլը երեկ չսիրեց Շուշին, վաղը չի սիրելու Սյունիքը եւ ասելու է՝ տողատակերից պետք է հասկանայիք, որ Սյունիքը տված է, ես չեմ խաբել: Հետո Նիկոլը կգնա մի ապահով տեղ ու քեֆ կքաշի եւ մի կուշտ կծիծաղի վրաներս, որ անխելք հայերի մեջ միակ խելոքն ինքն էր: Իրավունք ունի, քանի որ կարողացավ հիմարացնել մի ամբողջ ժողովրդի՝ Հայաստան եւ Սփյուռք, եւ շարունակում է նույն հիմարության մեջ պահել: Նիկոլը լավ է ճանաչում հային, բայց մինչեւ վերջ չի ճանաչում: Ուր էլ փախչի, չի կարող փախչել:

Հուսիկ Արա