Հայկ Մարությանին հիշեցնում են իր անցյալը (ֆոտո)

Հայկ Մարությանին հիշեցնում են իր անցյալը (ֆոտո)

Համացանցը մի քանի օր է՝ քննարկում է Երևանի քաղաքապետարանի հատկացրած 750 հազար դոլարի թեման, որով պատրաստվում են այս տարի նշել Ամանորը։ Այս ֆոնին շատերը, այդ թվում՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները հիշեցնում են Հայկ Մարությանի անցյալը, թե ինչպես էր նա տարիներ առաջ քննադատում Տարոն Մարգարյանին, որ 500 հազար դոլար է ծախսում տոնակատարությունների վրա, իսկ այսօր ինքն այդ նույն տոնակատարությունների վրա 750, իսկ որոշ հաշվարկներով՝ նույնիսկ 900 հազար դոլար է ծախսում։ Բայց պետք չէ զարմանալ Հայկ Մարությանի սկզբունքների ու մոտեցումների այսպիսի արմատական փոփոխությունների վրա, երբ այսօր անում է մի բան, ինչի դեմ ժամանակին պայքարել է։ Անսկզբունքայնությունը կամ առնվազն նախկին ու ներկա դիրքորոշումների տարբերությունը, տեսակետների կտրուկ փոփոխությունը նոր իշխանությունների համար դարձել է սովորական երևույթ։ Մարությանն այս դեպքում բացառություն չէ։

Նրա շատ թիմակիցներ են այդպես վարվում՝ վարչապետից սկսած, երբ այսօր թույլ են տալիս սխալներ, որոնց դեմ ժամանակին իրենք էին կուրծք ծեծելով պայքարում։ Հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել՝ նախկինում ինչ չէր կարելի Սերժին, այսօր կարելի է «Զևսին»։ Ի դեպ, դրանք հիմնականում այն սխալներն են, որոնց «շնորհիվ» նրանք եկան իշխանության՝ պարբերաբար նախկինների աչքը խոթելով նրանց արածները։ Հիմա նույնը իրենք են թույլ տալիս՝ առանց գիտակցելու, որ այդ նույն սխալները վաղը կարող են ճակատագրական լինել նաև իրենց համար։