Նախագահականում թափուր հաստիքներ կան․ «քասթինգը» Արմեն Սարգսյանն է անցկացնում

Նախագահականում թափուր հաստիքներ կան․ «քասթինգը» Արմեն Սարգսյանն է անցկացնում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջին շրջանում ակտիվորեն զբաղված է նախագահականում առկա թափուր հաստիքների համալրումով։ Մեզ ասացին, որ շուրջ 40 թափուր հաստիք կա նախագահականում, որոնք կամաց-կամաց լրացվում են։ Ասում են՝ Արմեն Սարգսյանն անձամբ է զբաղվում կադրերի ընտրությամբ և արդեն մոտ 1200 թեկնածուի «քասթինգ» է անցկացրել։ Քասթինգը նախագահն անցկացնում է ամենայն մանրակրկիտությամբ, և դժվարությամբ է հարմար թեկնածուներին ընտրում։ Քասթինգի մասնակցածներից մեկը մեզ ասաց, թե իր տպավորությամբ՝ Արմեն Սարգսյանն ավելի շատ կարծես համախոհների թիմ է հավաքում, այլ ոչ զուտ նախագահական ապարատի աշխատակիցներ կամ մասնագետներ։

Հանրապետության նախագահի աշխատակազմից հաստատեցին, որ իրենց մոտ այս պահին թափուր հաստիքներ են առկա, որոնք համալրման փուլում են։

«Հանրապետության նախագահի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները համալրվում են քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ մրցութային կարգով: 2020 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ հայտարարված է քաղաքացիական ծառայության 7 թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ: Համալրումից հետո թափուր՝ չզբաղեցված հաստիքների թիվը կդառնա 19»,-ասացին նախագահի աշխատակազմից։

Ի դեպ, մեզ ասացին, որ 2018-ին նմանօրինակ մի քասթինգը տեւել է մոտ վեց ամիս, մասնակցել են մոտ հազար հավակնորդներ, որոնք մի քանի փուլ են անցնում։ Մրցույթի մասնակիցներին հատկապես զարմացրել է մրցութային հանձնաժողովը, որն ինչ որ հրավիրված կազմակերպություն է եղել՝ կազմված երիտասարդ, կարճափեշ ու կարճ տաբատներով երիտասարդներից։