Նոբելյան 84-ամյա դափնեկիրը կգլխավորի Բանգլադեշը

Նոբելյան 84-ամյա դափնեկիրը կգլխավորի Բանգլադեշը

Խաղաղության Նոբելյան դափնեկիր Մուհամմադ Յունուսը նշանակվել է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար։ Այս մասին գրում է Dhaka Tribune թերթը՝ հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Ջոյնալ Աբեդինին։

84-ամյա Յունուսին նշանակելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ օգոստոսի 6-ի երեկոյան պետության ղեկավար Շահաբուդդին Չուպուն հանդիպում է անցկացրել «Ուսանողներն ընդդեմ խտրականության» շարժման առաջնորդների հետ։ Ժամանակավոր կառավարության վերջնական կազմը կորոշվի տարբեր քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո, հավելել է խոսնակը։

Օգոստոսի 6-ին The Daily Star-ը գրել էր, որ Յունուսը համաձայնել է դառնալ Բանգլադեշի ժամանակավոր կառավարության գլխավոր խորհրդականը։ Agence France-Presse-ին տված հարցազրույցում նա ասել է, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը։ Նա նաև նշել է, որ իրեն «հուզել է ցուցարարների վստահությունը», որոնք իրեն այս առաջարկն են արել։