Զգայացունց ելույթի տխուր ավարտը

Զգայացունց ելույթի տխուր ավարտը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը թվիթերյան իր էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ ասվում էր Միացյալ Նահանգների աջակցությամբ Եվրոպական Միության կողմից ստեղծվելիք հատուկ դատարանի մասին: Վերջինս պետք է քննի Ուկրաինայում Ռուսաստանի կատարած պատերազմի հանցագործությունները և պատասխանատվության կենթարկի մեղավորներին: Տիկինը թվարկել էր այդ հանցագործությունները և որպես առաջին հիշատակել էր «Բուչայի սարսափը»: Ասեմ, որ Բուչա բնակավայրում ներկայացված բեմադրությունը խիստ էր ազդել տիկնոջ և արևմտյան այլ քաղաքական գործիչների վրա:

Բայց հետագայում պարզվել էր, որ այն ընդամենը ուկրաինական իշխանությունների կողմից բեմադրված ներկայացում էր՝ արևմուտքին ուղղված: Իհարկե, դրա մասին գրվեց ռուսական երևի բոլոր և ընդամենը մեկ-երկու արևմտյան տեղեկատվական կայքերում: Ինչը բնական է, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբից ի վեր արևմտյան լրատվամիջոցներն աչքի չեն ընկնում օբյեկտիվությամբ և ճշմարտությունը ներկայացնելու համարձակությամբ:

Ինչևէ, տիկին ֆոն դեր Լեյենը թվիթերյան իր տեսանյութում ներկայացրել էր նաև ուկրաինացիների շրջանում զոհերի քանակը՝ 100 հազար զինվորական և 20 հազար խաղաղ բնակիչ: Տեղեկատվական կայքերում զոհերի քանակի վերաբերյալ վերնագրերով հոդվածները, սակայն, որոշ ժամանակ անց պետք է խմբագրվեին, քանի որ տիկնոջ տեսանյութից հանվել էր 11 վայրկյանանոց մասը, որտեղ խոսվում է հենց զոհերի քանակի մասին: Զոհերի թվաքանակի վերաբերյալ ինֆորմացիան, բնականաբար, դուր չէր եկել Ուկրաինայի ղեկավարությանը: Որը սովոր է իրենց կորուստների թիվը մի քանի անգամ նվազեցնել՝ նույնքան անգամ բարձրացնելով ռուսական կողմի զոհերի քանակը: Ի դեպ, ազգությամբ ուկրաինացի և 2004 թվականի առաջին «Մայդանի» ակտիվ մասնակից, իսկ այնուհետև ռուսական ինքնությունը վերստացած բլոգեր Յուրի Պոդոլյական մոտ մեկ ամիս առաջ տելեգրամյան իր ալիքում ուկրաինական ռազմական կորուստների առումով մոտավորապես հենց այդպիսի թիվ էր հրապարակել:  

Տեսանյութի խմբագրումից հետո Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը, մեկնաբանելով, տեսանյութի խմբագրումը, հայտարարել է, որ կորուստների մասին տեղեկատվությունը «զգայուն» է, ուստի այդ մասին կարող են բարձրաձայնել միայն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը և նախագահը։ Եվ ես հիշեցի 44-օրյա պատերազմիօրերին մեր զոհերի վերաբերյալ ինֆորմացիայի բացակայությունը: Ինչքա՜ն նման են իրար նորօրյա «ժողովրդավարությունները»՝ կեղծ և աղետաբեր: Ինչ մնում է տիկին ֆոն դեր Լեյենին, ապա, փաստորեն, նրա զգայացունց բանավոր խոսքը կորցրել է իր հիմնական կռվանը՝ բազմաքանակ զոհերի վերաբերյալ հիշատակումը: Իսկ մնացածն ընդամենը, ինչպես ասվում է, հեքիաթների շարքից էր՝ Բուչայի ներկայացման ոգով, սակայն հակառակ ուղղվածությամբ: