Հայկական անոմալիա

Հայկական անոմալիա

BBC-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը միայն ծույլերն են, որ չեն քննադատում: Ֆեյսբուքում կարդացի մի լրագրողի մեկնաբանություն, թե ինչու՞ արտգործնախարարը վեր չհանեց պատմական ճշմարտությունը՝ Արցախը հայկական տարածք է եւ հիշեցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Արցախի ԱԺ պատվիրակության հանդիպումը: Երեւի Քիվեսթի բանակցություններից հետո էր, նախագահը դիվանագիտական ձեւակերպումներով հասկացնում էր, որ կարգավորումը ենթադրում է ցավոտ զիջումներ: Երբ ավարտեց, դիմեց մեզ՝ հարցեր ունե՞նք:

ՀՅԴ խմբակցության պատգամավորներից մեկը, որ Շարժման տարիներին Քոչարյանի զինակիցներից էր եղել, տառացիորեն հետեւյալն ասաց. «Պարոն նախագահ, ինչու՞ պատմաբաններին չեք հանձնարարում  գրեն, որ էդ տարածքները հայկական են»: Քոչարյանն անակնկալի եկավ, բայց շատ արագ էլ հակադարձեց. «Էն որ Տիգրան Մեծը մի անգամ ձիով էդ կողմերով անցել է, էդ ժամանակի՞ց են տարածքները հայկական»- եւ արագ փակեց հանդիպումը: Նա ակնհայտորեն դժգոհ էր, որ լուրջ խոսակցության էր պատրաստվել, բայց ոչինչ չստացվեց: Հիմա բրիտանացի լրագրողը հարցնում է Հայաստանի արտգործնախարարին՝ ինչպե՞ս եք դուք ասում Արցախը Հայաստան է եւ վերջ, եթե միջազգային իրավունքն այլ բան է ասում, եւ հայ հանրությունը դժգոհում է Զոհրաբ Մնացականյանից, թե ինչու՞ բոլորի «պորտը տեղը չի դնում»:

Այսինքն ի՞նչ, արտգործնախարարը պիտի ասեր՝ մենք ոչ մի թիզ հող չե՞նք զիջելու, մենք ուզում ենք միասնական Հայաստա՞ն կերտել, մենք ՄԱԿ-ի բանաձեւերի, միջազգային այլ կառույցների տեսակետի վրա թքա՞ծ ունենք: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում արտգործնախարարի այն մտքին, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ կարգավիճակի երաշխավորն է: Որ դա արդեն իսկ չափազանց պատասխանատու հայտարարություն է, որի տողատակն այն է, թե Հայաստանը երբեք եւ ոչ մի պայմանով Արցախը չի զիջելու: Արտգործնախարարին քննադատողներն ի՞նչ ակնկալիքներ ունեն: Որ իշխանությունը հայտարարի, թե նպատակադրված է Կուր-արաքսյան հանրապետություն հռչակե՞լ, մասնատել Ադրբեջա՞նը, ոչնչացնել որպես պետությու՞ն, տասը միլիոն ադրբեջանցիներին խորտակել Կասպից ծովու՞մ:

Ողբերգություն է, երբ առանձնության մեջ բոլորը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ունի միայն մեկ՝ հավասարակշռված փոխզիջումների վրա հենված լուծում, բայց հրապարակային հայտարարություններում յուրաքանչյուրն ուզում է առավելապաշտությամբ գերազանցել մյուսին: Իսկ ամենամեծ ողբերգությունն այն է, որ երկու տասնամյակ իշխանությունը ժամանակ է ձգել, եւ նորն էլ, կարծես, շարունակում է նախորդների գիծը: Ի՞նչ ակնկալիքով, հետաքրքիր է: Մի անգամ ասվել է՝ կուժեղանանք, կդնենք մեր պայմանները: Չստացվեց: Ոչ մի երաշխիք չկա, որ այս կամ հաջորդ որեւէ իշխանության օրոք կստացվի: Որովհետեւ քեզ ոչ ոք միջանկյալ, անհոգ, անկաշկանդ, ազատ հզորացման ժամանակ չի տա, որպեսզի դու հետո իր հետ խոսես ուժի դիրքերից: Եթե իրացվի այն, ինչ հռչակված է որպես պետական հանձնառություն՝ ԼՂ հայության անվտանգությունը եւ ինքնորոշումը, կլինի մեր պատմության ամենամեծ ձեռքբերումը: Իշխանության խնդիրն է չտրվել հայկական անոմալիային եւ քայլ առ քայլ հասնել այդ նպատակի կենսագործմանը: Մնացածը պոեզիա է, թող մնա բանաստեղծներին: