Դաշնակցի վրա հույս դնելը հանգեցնում է իշխանության կորստի․ Աբրահամ Գասպարյան

Արցախի հայաթափումից հետո Հայաստանում հակառուսական տրամադրություններն ուժգնացան: Անգամ որոշ պրոռուսական գործիչներին քննադատում են Ռուսաստանի վարած քաղաքականությունն ու ռուս խաղաղապահների գործողությունները: Անխոս Ռուսաստանը շատ վատ կատարեց իր դաշնակցային պարտավորությունները, սակայն ի՞նչ կարող ենք պահանջել դաշնակից պետությունից, երբ մեր իսկ իշխանությունները` ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը:
Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ աշխարհակարգի փոփոխության ճանապարհին Ռուսաստանի Դաշնությունն ընտրել է այն ճանապարհը, որն առավել շահեկան է իր համար: Նրա խոսքով` Հայաստանի նման փոքր պետությունները սովորաբար հույսը դնում են մեծ դաշնակցի վրա, արդյունքում տուժում է երկրի պետականությունը.
«Եթե կայսերական ավանդույթներ ունեցող Ռուսաստանի դիվանագիտական նաև անվտանգության գործիքակազմում սպառվել են ճնշման մեխանիզմներն ու գործիքները, դա նշանակում է, որ Ռուսաստանն այլևս չպետք է գոյություն ունենա: Ռուսաստանն իրականում իր զինանոցում ուներ հստակ գործիքներ` դիվանագիտական և անվտանգային, որոնք կարող էր ի գործ ծառայեցներ, սակայն այստեղ խնդիրը պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանի, միջնորդավորված Հայաստանի և Արևմուտքի միջև եղել է կոնսենսուս: Ի սկզբանե՞ է եղել, թե՞ իրերի ընթացքն է հանգեցրել դրան, Հայաստանի իշխանությունները ով գիտի՝ գուցե չե՞ն կորդինացրել այս ամենը ՌԴ-ի հետ, արդյունքում եղավ այն, որ այս կոնսենսուսային թեկնածուի միջոցով լուծվեց մի խնդիր, որը երկուսուկես տասնամյակ շարունակ դիվանագիտական բոլոր հարթակներում, որոշումների ընդունման համաշխարհային և տարածաշրջանային կենտրոններում լրջագույն խնդիր էր: Դա ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ ռուսական էլիտայի տարբեր ներկայացուցիչներ նշեցին, որ Հայաստանի նախկին իշխանությունները չէին ցանկանում այդ խնդրին տալ լուծում: Այնինչ, նույն ՌԴ-ն շատ լավ գիտի, որ Հայաստանն այն միակն է եղել, որը բանակցություններում ներկայացել է կոնստրուկտիվիզմի տեսանկյունից: Ասել, թե Ռուսաստանը չի հասկանում, կամ չի գիտակցում՝ կլինի քաղաքական միամտություն, ասել թե Ռուսաստանն ուներ հնարավորություն, բայց չօգտագործեց, կլինի քաղաքական շառլատանություն:
Ռուսաստանը կայսերական պետություն է և իր խնդիրները վիճարկելիս չի առաջնորդվում փոքր պետությունների շահերով: Առաջնորդվում է բացառապես իր շահերով: Որքան էլ երկու պետությունների հարաբերություններն անվանենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ, միևնույն է՝ փոքր պետությունները միշտ մեծ պետություններից ունենում են շատ ավելի մեծ ակնկալիքներ, քան պետք է ունենային, դա մի բանի արդյունք է. պետականաշինության և պետական ավանդույթների կառուցման փոխարեն փոքր պետությունները մշտապես իրենց հույսը դնում են դաշնակիցների վրա՝ որ կարող է դաշնակիցն ինչ-որ մի պահի հասնել փրկության: Դա ժամանակի ընթացքում հանգեցնում է իշխանության կորստի: Դրա վառ օրինակը` Սիրիան է, Իրաքը, Եմենը և էլի ուրիշ երկրներ: Հայաստանում ևս պետության դեֆոլտ է:
Նման դեպքերում ակնկալիքները լինում են շատ մեծ, չհաշվարկված: Հայաստանում ևս դրանք եղել են շհաշվարկված: Չհաշվարկված այն առումով, որ նոր աշխարհակարգի հաստատման պարագայում Ռուսաստանն ավելի շատ կարիքն ունի մեր հակամարտող կողմի` թշնամի Ադրբեջանի, քան Հայաստանի: Տրանզիտ տարածք և էներգետիկ ռեսուրսներ, սրանք ավելի կարևոր են, քան Հայաստանում ինչ-որ խնդիրներ լուծելը: Հայաստանում կա մի իշխանություն, որը բազմիցս հայտարարել է, որ լեգիտիմ է և ներկայացնում է ողջ Հայաստանը, իսկ աշխարհը աշխատում է բացառապես իշխանության հետ, ստացվում է, որ բոլոր կողմերի համար այս իշխանությունները կոնսենսուսային տարբերակ են, քանզի նրանք կարողանում են իրենց խնդիրները լուծել և մեղքը բարդել այս իշխանությունների վրա», - ասաց Գասպարյանը:
Հարցին, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը որքանո՞վ նպաստեց ստեղծված իրավիճակին, ի՞նչ կարող էր անել ռուսական կողմը, որ չարեց, Աբրահամ Գասպարյանն ասաց.
«Պարզից էլ պարզ է, որ աշխարհակարգի փոփոխության խնդիրն առավել հաղթական դիրքերում է, սակայն չի նշանակում, որ Հայաստանի գործող իշխանությունների մեղքը դրանից պակասում է, չի կարող լինել այդպիսի բան: Աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ մշտապես հնարավոր է գտնել այնպիսի տարբերակներ, ըստ որոնց դու աշխարհի մեծագույն կենտրոններին կարող ես դառնալ հետաքրքիր: Դու ունես Սյունիք, իսկ Սյունիքի միջոցով կարող ես լուծել մի շարք խնդիրներ: Մենք կարող էինք խելամիտ տարբերակներ, լուծումներ առաջարկել, սակայն պարզից էլ պարզ է, որ Հայաստանի իշխանությունը ձևավորման առաջին իսկ օրվանից, դրանից առաջ էլ «Ելք» դաշինքով, հայտարարել է իր աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին: Դեռ 2017 թ․ քարոզարշավի ժամանակ նշել էին, որ Հայաստանը պետք է ռուսական անվտանգության համակարգից դուրս գա և թեքվի դեպի Արևմուտք: Սա հստակ ազդանշան էր արևմտյան ուժերին, որպեսզի ի դեմ «Ելք» դաշինքի, գտնեն այն ուժին, որի վրա հենվելով կարող են քայլ առ քայլ ռուսական ազդեցությունը տարածաշրջանից չեզոքացնել: Թե այլ իշխանություն լինելու պարագայում ինչ տեղի կունենար, դա էլ թեական հարց է: Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ միջազգային հանրության համար ամեն բան ունեն, բացի հետևյալից` հուսալիություն` վստահելի գործընկերոջ համբավ։ Զինանոցում չունեն պետական, ազգային քաղաքականությունն առաջ տանելու ցանկություն, դրա վառ ապացույցն այն է, որ անգամ 2020 թվականից հետո, երբ կար նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, դրա որոշ դրույթներ առավել լավ պայմաններ կարող էին ստեղծել Արցախի համար», - նշում է Աբրահամ Գասպարյանը:
Կարծիքներ