Այնպես չէ, որ ինձ սրերով են դիմավորել

Այնպես չէ, որ ինձ սրերով են դիմավորել

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով Սյունիքից ընտրված Տիգրան Կարապետյանի՝ մանդատը վայր դնելուց հետո ամենաշատ ձայներ հավաքած հաջորդ թեկնածուն Աննա Գրիգորյանն է, որն օրերս պատգամավորական մանդատ ստացավ եւ ստանալուն պես «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկավ՝ անհամաձայնություն հայտնելով իշխանությունների վարած քաղաքականությանը։ Նրա ընդդիմադիր հայացքները գաղտնիք չէին՝ իշխանությունը նախապես գիտեր, թե ով է գալու մանդատը վայր դրած պատգամավորի փոխարեն, բայց ոչինչ չէր կարող անել։
Գրիգորյանը երեկ իր առաջին աշխատանքային օրն էր անցկացնում խորհրդարանում։ Ընդմիջմանը նա լրագրողների հետ զրույցում վերահաստատեց այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ ակնհայտ է՝ պարտված երկրի ղեկավարը չի կարող բանակցություններն արժանապատվորեն շարունակել։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը, «Իմ քայլից» առանձնացած պատգամավորն ասաց․ «Թիվ մեկ պատասխանատուն եւ թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է։ Բայց չեմ ուզում ժխտել նաեւ այն, որ ունենք նաեւ բազմաթիվ այլ պատասխանատուներ, այսինքն՝ 30 տարվա ընթացքում մենք՝ բոլորս, պատասխանատվություն ունենք այս գործընթացում, բայց թիվ մեկ մեղավորը եւ թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որն անկարող է այս պահին շարունակել բանակցությունները»։

Մենք հետաքրքրվեցինք՝ առաջին աշխատանքային օրն իրեն ինչպե՞ս դիմավորեցին «Իմ քայլի» իր գործընկերները՝ հաշվի առնելով, որ սոցցանցում իր երբեմնի թիմակիցներն առաջին իսկ օրվանից արշավ էին սկսել իր դեմ, ուսապարկի հետ էին համեմատում եւ այլն։

«Իմ որոշումը՝ խմբակցությունից դուրս գալու մասով, քննարկվել է, եւ ըմբռնումով են մոտեցել իմ որոշմանը։ Այն, ինչ կատարվում է Ֆեյսբուքում եւ սոցիալական ցանցերում, դա չի արտացոլում այն պատկերը, որ կա իրականում։ Այսինքն՝ այնպես չէ, որ ինձ սրերով են դիմավորել կամ թշնամանքով։ Եվ այս պարագայում, երբ մենք ունենք Արցախի կարգավիճակի խնդիր, Սյունիքի անվտանգության խնդիր, ընդհանուր առմամբ՝ լրջագույն ազգային գաղափարների շուրջ համախմբվելու խնդիր, մենք խոսենք այսօր ուսապարկերի հետ համեմատվելո՞ւ մասին։ Կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է»։
Նա նաեւ ասաց, որ ինքը սյունեցիների հետ, Սյունիքում իր ընտրողների հետ քննարկման արդյունքում է մանդատ վերցրել, սակայն խմբակցությունից դուրս գալու որոշում կայացրել է ինքնուրույն։

Մեր մյուս հարցադրմանը, թե իշխանությունն իրեն քոչարյանական թեւից է համարում, Աննա Գրիգորյանն ասաց․ «Կներեք, ո՞ր թեւն է քոչարյանական։ Որտեղի՞ց է գալիս դա։ Ոչ, նման բան չկա»։