Իրականությունից փախչելու տեղ այլեւս չկա

Իրականությունից փախչելու տեղ այլեւս չկա

2020 թվականի մարտին հստակ ասել էի, որ Փաշինյանը չեղարկելու է սահմանադրական «բարեփոխումների» հանրաքվեն: Դա պարզորոշ զգացվեց քայլիստների՝ «Այո»-ի քարոզչական առաջին արշավներից, երբ պարզ դարձավ, որ մարզերում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների պահանջ չկար, այլեւ Փաշինյանով ու նրա խմբակով հիանալու ցանկություն: Եվ ինչո՞ւ միայն մարզերում:

Պատկերը հաստատվում էր նաեւ Երեւանի մետրոյի միջադեպով՝ փաշինյանական «անձնագիրը» պատռելու եւ այն ցուցադրաբար տարածողների երեսին նետելու ակցիայով: Սահմանադրական բարեփոխումները մոռացած՝ «Այո»- ականներն «ընտրարշավը» վերածել էին «թավշյա հեղափոխության» բացահայտ եւ կոպիտ քարոզի, ինչի վառ վկայությունն էր նաեւ «ընտրական հավաքներից» մեկի ժամանակ Սասուն Միքայելյանի, ներողություն արտահայտության համար, դուրս տված ապուշությունը, թե թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր իրադարձություն էր, քան Արցախյան ազատագրական պատերազմը: Թավշյա հեղափոխության պարագլուխը շոկի մեջ ընկավ, երբ Կուրթան գյուղում, պարզվեց, մի անտուն երիտասարդ, ինչպիսի հանդգնություն, վարչապետից տուն է պահանջում: Էլ չենք խոսում «նախընտրական» բերովի, հրապարակ լցնովի հանդիպումների մասին, որոնց համար հոգ էին տանում տեղական իշխանիկներն ու քայլիստները: Փաշինյանի համար այլեւս հստակ էր, որ հանրաքվեով ոչնչի չի հասնելու եւ դրանով ավելի է սասանելու իր՝ դատարանների դեմ արշավանքներից ու տնտեսական ֆիասկոներից արդեն իսկ սասանված իշխանությունը: Փաշինյանին առիթ էր պետք բոլոր առումներով ապօրինի հանրաքվեն չեղարկելու համար, եւ այդ առիթը գտնվեց՝ կորոնավիրուս:

44-օրյա պատերազմից հետո, երբ արդեն կապիտուլացված իշխանությունների հրաժարականի պահանջով մի քանի ճանապարհային քարտեզներ կային, Փաշինյանը ներկայացրեց իր կոնտր-քարտեզը, որով 6 ամիս ժամանակ էր խնդրում հարցերը կարգավորելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Լուրջ մարդիկ, բնականաբար, չհավատացին, որ Փաշինյանը կարող է ինչ-որ բան անել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, իսկ նրա վարչապետությամբ ընտրություններ կազմակերպելու գաղափարը մերժեցին: Մյուս կողմից էլ՝ Փաշինյանըա հրաշալի գիտեր իր վարկանիշի անկման իրական պատկերը, եւ նրան առիթ էր պետք արտահերթ ընտրությունների գաղափարից հրաժարվելու համար: Եվ առիթ հանդիսացան ընդդիմության շրջանում սկսված քննարկումները՝ գնա՞լ արտահերթ ընտրությունների Փաշինյանով, թե՞ չգնալ: Եթե անգամ որոշվեր գնալ ընտրությունների Փաշինյանով, ապա այդ ընտրությունների արդյունքը լինելու էր ողբերգական իշխող խունտայի համար: Սա հաշվարկելը դժվար չէր, մանավանդ երբ ունես սեփական ԱԱԾ-ի փոխանցած ռեյտինգային տվյալներդ: Եվ Փաշինյանը հակադրվեց «իր ճակատագիրը սեփական ձեռքով որոշելու» ժողովրդի անքակտելի իրավունքին ու որոշեց, թե իբր արտահերթ ընտրությունների պահանջ չկա:

Ինչ-որ առումով Փաշինյանը ճիշտ է՝ չկա այդպիսի պահանջ: Լինելով վերջին շրջանի հակակառավարական եւ հականիկոլական ցույցերի մշտական մասնակից՝ ես գոնե մի պաստառ չեմ տեսել, որի վրա գրված լիներ՝ «Պահանջում ենք ԱԺ արտահերթ ընտրություններ»: Դա շատ ծիծաղելի պաստառ կլիներ, որովհետեւ երկրին ու ժողովրդին դավաճանած իշխանություններից ընտրություններ պահանջելը, մեղմ ասած, ապուշություն կլինի: Հիշում եմ՝ եղավ մի պահ, երբ ընդդիմությանը մեղադրեցին ընտրություններից խուսափելու մեջ, բայց պարզվեց, որ ընտրությունների գնալու միտք իրականում հենց իշխանությունը չունի:

Պատճառներից մեկը նշեցի՝ վարկանիշի կտրուկ անկումը եւ ԱԺ անցողիկ շեմը չհաղթահարելու վախը: Երկրորդը, թերեւս, Հայաստանի ներքաղաքական կյանքում ամեն օր միս ու արյուն ստացող «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակն է: Հիմնական քաղաքական ուժերը կարող էին բոյկոտել իշխանությունների կազմակերպած արտահերթ ընտրությունները, իսկ դա լրացուցիչ գլխացավանք կարող էր դառնալ «դուխով ժողովրդավարների» համար, որոնց՝ լեւոնշիրինյաններով ու արմանբաբաջանյաններով բազմակարծություն ապահովելու փորձերը տապալվում են հաշված ժամերի ընթացքում: Եվ ընտրություններից հրաժարվելու երրորդ ու ամենակարեւոր պատճառն էլ, ըստ իս, արտաքին ազդակներն են կամ, ավելի ստույգ, դրանց իսպառ բացակայությունը: Փաշինյանն այլեւս ոչ մեկին պետք չէ դրսում: Նա կարող է ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում սրտի ուզածի չափ գովերգել Կրեմլի քաղաքականությունը, միեւնույն է, բանի տեղ դնող չկա: Ում ուզում է՝ կարող է դեսպան նշանակել Արեւմուտքում, միեւնույն է, բանի տեղ դնող չկա: Փաշինյանը դավաճան է, եւ դա գիտեն Փարիզում, Վաշինգտոնում, Օտտավայում, Լոնդոնում, Բեռլինում, Պրահայում, Մոսկվայում, Պեկինում, Թեհրանում, Մինսկում, Ալմաթիում… Այդ խարանից չկա պրծում:

Եվ հանկարծ ընտրություննե՞ր… Պատահաբար մի աչքով չե՞նք նայում Փաշինյան երեւույթին: Նա, ինչ է, ձեր կարծիքով մի հատ էլ ընտրություններո՞վ պետք է ֆիքսեր իր դավաճան լինելը: Օ՛, ոչ… Իմ բազմաթիվ գործընկերներ պնդում են, որ Նիկոլն անարյուն հեռացողը չէ: «Իմ քայլի» եւ Փաշինյանի վերջին «որոշումը»՝ թռնել արտահերթ ընտրությունների մասին խոստումից, բնականաբար, մեծացնում է ռիսկը, որ Փաշինյանը կարող է հեռանալ մեզ երկրորդ «մարտի 1» պարգեւելուց հետո, բայց ես հավատացած եմ, որ բանը դրան չի հասնի, քանի որ արյուն թափելու համար առնվազն երկու կողմ է պետք, իսկ միավորված ընդդիմությունը երբեք երկրորդ կողմ չի դառնա այդ հարցում:

Բավական է անտեսել Փաշինյանին, եւ նա կկործանվի սեփական ձեռքերով եփած ճաշի մեջ: Փաշինյանն արդեն ամեն օր արթնանում է այն սպասումով, որ հիմա-հիմա իրեն կներկայացնեն դատախազի կամ որեւէ այլ իրավապահ կառույցի սանկցիան՝ իրեն ձերբակալելու միջնորդությամբ, նա վախենում է կրակոցի նմանվող ցանկացած թխկոցից, սեփական խոհարարից, հավաքարարից, կառավարության անդամներից, իմքայլական պատգամավորներից: Նման իրավիճակներում հայտնված ղեկավարները, սովորաբար, ծլկում են՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից: Եվ ես կարծում եմ, որ շատ շուտով վտարանդի Սահակաշվիլին նարդու հրաշալի խաղընկեր կստանա ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Իսկ ովքեր հուզմունքի մեջ են այս հեռանկարից, ովքեր չեն հավատում, որ Փաշինյանը կլքի իր հավատավոր թիմին, այսպես ասած, մոլորության մեջ են: Բնության մեջ կա հսկա մողեսների մի տեսակ՝ վարան են ասում: Այ, այդ մողեսը խժռում է սեփական ձագերին եւ երկճյուղ լեզվով արտահայտում իր բավարարվածությունը: Այնպես որ, ով եղունգ ունի, թող իր գլուխը քորի: Փաշինյանի համար ամեն ինչ անցյալում է արդեն: