«Հրապարակ». Եթե գործընթացները հայանպաստ ուղու մեջ չմտնեն, լավ բան չի լինի

«Հրապարակ». Եթե գործընթացները հայանպաստ ուղու մեջ չմտնեն, լավ բան չի լինի

Հուլիսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել՝ Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Շատերի կարծիքով` Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրի քաղաքացիները կարող են լինել հիմնականում Ադրբեջանի քաղաքացիները, որոնց համար Հայաստանը ճանապարհ է բացում, որ կարողանան կապվել իրենց եղբայրական Թուրքիայի հետ: Այսպիսով ստացվում է, որ հերթական անգամ հայկական կողմն ադրբեջանաթուրքական տանդեմի հրամանն է կատարում` Ադրբեջանին Հայաստանով Թուրքիա մեկնելու ճանապարհ տրամադրելով: Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:

- Տիկին Աղաջանյան, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովելու մասին՝ համապատասխանաբար, Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, եւ որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Ի՞նչ է սա նշանակում: Ադրբեջանի քաղաքացիները կարո՞ղ են այդկերպ հատել ՀՀ սահմանը:

- Թերեւս, այդ հարցին հստակ կարող է պատասխանել հենց արտաքին գործերի նախարարությունը, սակայն ինչ վերաբերում է այդ՝ «երրորդ երկրի քաղաքացի» ասվածին, ապա՝ այո, ցանկացած մեկը կարող է համարվել երրորդ երկրի քաղաքացի, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանի քաղաքացին: Ավելին, կարծում եմ՝ հենց առաջին հասցեատերն Ադրբեջանն է, որովհետեւ այլ երկրների քաղաքացիների համար Թուրքիա մեկնելու ամենակարճ ճանապարհը Հայաստանը չէ:

- Ստացվում է, որ հայկական կողմն այսկերպ կրկին «կանաչ ճանապարհ» է բացում Ադրբեջանի համար:

- Չգիտեմ, թե ում համար են ուզում կանաչ ճանապարհ բացել, բայց եթե խոսվում է երրորդ երկրի մասին, ապա տրամաբանական է, որ հենց այդ երրորդ երկիրը նաեւ Ադրբեջանն է, որն ակնհայտորեն ձգտում է ճանապարհները բացված տեսնել` Հայաստանի միջոցով: Ես այս ամենն ասում եմ՝ դատելով իրենց իսկ ղեկավարների հայտարարություններից:

- ՀՀ իշխանությունները, փաստորեն, հերթական վտանգավոր որոշումն են կայացնում: Ընդդիմությունն էլ իր հերթին հայտարարում է, թե կարողացավ զսպել Նիկոլ Փաշինյանի իշխանության հակազգային քայլերը: Մենք 40 օրից ավելի ականատես եղանք, թե ինչպես էր ընդդիմությունը պայքարում, սակայն արդյունքում Փաշինյանն ու իր վարչակարգը չհեռացան: Ըստ էության, պայքարի առաջին փուլը ձախողվեց: Ձեր կարծիքով` ինչո՞ւ:

- Ինչո՞ւ եք կարծում, թե պայքարը տապալվեց: Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ վերջնանպատակն էր, ամենակարեւոր նպատակներից մեկը հանրության արթնացումն էր, որը, կարծում եմ,  էականորեն տեղաշարժ գրանցեց: Ինչ վերաբերում է այլ գործոններին, ապա ես կարծում եմ, որ մենք շատ հաճախ շտապում ենք: Կա որոշակի անհամբերություն, որի պատճառով էլ օբյեկտիվ չենք գնահատում այն ձեռքբերումները, որոնք եղել են: Հանրությունն արթնացել է, անցանկալի զարգացումներ են կանխվել եւ այլն: Սրանք պետք է հաշվի առնենք:

- Այսինքն` ընդդիմությունից դեռեւս որոշակի սպասելիքներ ունեք:

- Այո, ոչ միայն, այլեւ ենթադրում եմ, որ չկա պետությունը փրկելու այլ ելք: Եթե հանրային ճնշում չլինի, եւ գործընթացները հայանպաստ ուղու մեջ չմտնեն, լավ բան տեղի չի ունենա:

- Վերջին շրջանում դատական համակարգի շուրջ եւս որոշակի զարգացումներ են տեղի ունենում: ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնից հեռացավ, ապա որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվեց փաստաբան Սեդա Սաֆարյանը:

- Ես այդ անձերին անձամբ չեմ ճանաչում, դատողություններ կարող եմ անել միայն հրապարակումներով ու տարբեր գնահատականներով: Կարող եմ մի բան հստակ ասել, որ երկրի անկախության, ինքնիշխանության եւ պետականության համար խիստ կարեւոր է անկախ դատական իշխանությունը: