Եվրոպան «շունչը պահած»՝ սպասում է, թե ինչ կորոշեն Պուտինն ու Թրամփը

Եվրոպան «շունչը պահած»՝ սպասում է, թե ինչ կորոշեն Պուտինն ու Թրամփը

Եվրոպական երկրների ղեկավարները «շունչը պահած» սպասում են ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին, քանի որ այդ հեռախոսազրույցի արդյունքները կարող են կործանարար լինել եվրոպական ցամաքի անվտանգության համար։ Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը։
Երեքշբաթի երեկոյան, ըստ հրապարակման, տեղի է ունենալու հեռախոսազրույց Թրամփի եւ Պուտինի միջեւ։ Նրանք քննարկելու են Ուկրաինայի ապագան եւ հնարավոր է նաեւ՝ Եվրոպայի ապագան։ Իսկ դա նշանակում է, որ այդ հեռախոսազրույցի արդյունքները կարող են կործանարար լինել եվրոպական ցամաքի անվտանգային համակարգի համար։ 

Եվրոպական քաղաքական վերնախավերում, ըստ հոդվածի, ներկայումս տագնապային տրամադրություններ են։ Սակայն կա նաեւ որոշակի էյֆեորիա։ 

Կիեւում մտավախություն ունեն, որ Թրամփը կհամաձայնի Ռուսաստանին ուկրաինական տարածքներ փոխանցել, որոնք ռուսական զորքերը դեռ չեն վերահսկում։

Ֆինլանդիայում, Էստոնիայում, Լատվիայում եւ Լիտվայում, ինչպես նաեւ Լեհաստանում վախենում են, որ ամերիկյան կողմը դուրս կբերի իր զորքերը Եվրոպայից, եւ մի քանի տարում ռուսական զորքերը կնվաճեն իրենց։ Դրա պատճառով է, որ այս երկրները վերջին շաբաթներին հայտարարեցին, որ պատրաստ են դուրս գալու Հակահետեւակային ականների արգելքի Կոնվենցիայից։ 

Փարիզն ու Լոնդոնը պատրաստվում են վատագույն սցենարի։ Այստեղ պատրաստվում են ի հեճուկս Մոսկվայի, խաղաղարարներ ուղարկել Ուկրաինա։ Եթե Թրամփը որոշի Ուկրաինան թողնել բախտի քմահաճույքին, ապա եվրոպական ազդեցիկ երկրները ստիպված կլինեն միջամտել։ 

Հիշեցնենք, որ թե Մոսկվայից, թե Վաշինգտոնից հաստատել են, որ հեռախոսազրույց է տեղի ունենալու եւ ներկայումս ըստ էության վերջին նախապատրաստական աշխատանքներն են իրականացվում։