Ես չեմ լսել, որ Հայաստանը պաշտոնապես նման հարց է առաջ քաշել․ Զատուլինը՝ Տավուշի ուղղությամբ հնչող կրակոցների մասին

Ես չեմ լսել, որ Հայաստանը պաշտոնապես նման հարց է առաջ քաշել․ Զատուլինը՝ Տավուշի ուղղությամբ հնչող կրակոցների մասին

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին շուտով կհաջորդի լիագումար նիստը։ Այստեղ են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանի ղեկավարները և պատգամավորներ ՀԱՊԿ անդամ երկրներից։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախատեսված է քննարկել 13 հարց, որոնք հաջողությամբ մտան քննարկման ռեժիմ։

Զատուլինին հարց հնչեց, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ՀԱՊԿ-ն` կապված Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի ուղղությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակչության, պարբերաբար հնչող կրակոցների հետ։

Զատուլինն ասաց, որ այսօր էլ ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները կատարող Վալերի Սեմերիկովի զեկույցում նշվում է, որ որոշակի լարվածություն կա ղարաբաղյան հակամարտության գոտում՝ նկատելով, որ, ինչպես ինքն է հասկանում, կրակոցներ հնչում են երկու կողմից էլ։

Դիտարկմանը, թե կրակոցներ հնչում են ոչ թե Արցախի, այլ ՀՀ պետական սահմանի, մասնավորապես՝ Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ, Զատուլինը նկատեց․ «Եթե Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ պետություն, անհրաժեշտ է համարում այս հարցը բարձրացնել կառույցի անդամ մյուս երկրների առաջ, ապա իրավունք ունի դա անել։ Բայց ես չեմ լսել, որ Հայաստանը պաշտոնապես նման հարց է առաջ քաշել։ Միգուցե կարծում են, որ տեղի ունեցած միջադեպերը բավարար հիմք չեն դրանց լուրջ արձագանքելու համար»։

Նա նաև նշեց, որ Արցախի մասով իրականությունը տարբեր կերպ է ընկալվում․ «Ես լսում եմ, որ Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Արցախը Հայաստան է, և վերջ, Ադրբեջանի նախագահն էլ Վալդայում իմ և այլոց ներկայությամբ հայտարարում էր՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է, և՝ բացականչական նշան։ Այնպես որ, իրականությունը բոլորը տարբեր կերպ են ընկալում»։

Ինչ վերաբերում է պարտավորություններին, Կ․ Զատուլինը նշեց, որ ՀԱՊԿ շրջանակում կան այդպիսիք, և Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին, բնականաբար, վերաբերվում է որպես դաշնակցի, և նրա վրա հարձակման դեպքում գործելու է ՀԱՊԿ-ի՝ հավաքական անվտանգության գործառույթը։ «Ձեր ուշադրությունն եմ նաև ուզում հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, և այն այնպես չէ, որ այստեղ է գտնվում զուտ գեղեցկության համար»,-ասաց Զատուլինը։