ԱՄՆ-ն, Սիրիան եւ Իսրայելը

ԱՄՆ-ն, Սիրիան եւ Իսրայելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է Սիրիայի նկատմամբ սահմանված սանկցիաները։ Դրանով նա մերժում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ այդ սանկցիաները պահպանելու խնդրանքը։ Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել սաուդական կողմի հրավերով Էր-Ռիյադ ժամանած Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ սաուդական միապետության գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը։ Հեռավար կերպով հանդիպմանը միացել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Ու թեեւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նկատում է, որ խոսքը ոչ թե սանկցիաների չեղարկման, այլ մեղմացման մասին է, սակայն սիրիական կազմալուծված տնտեսության համար դա էլ քիչ բան չէ։

Թրամփի փաստարկները, ինչպես նկատում է ռուս փորձագետ Ալեքսեյ Մակարկինն իր վերլուծական հոդվածում, հասանալի են։ Նա ուզում է փակել սիրիական հարցը՝ դուրս բերելով այդ երկրից ամերիկացի զինվորականներին։ Թրամփը դա ուզում էր անել դեռ իր նախագահության առաջին ժամկետում, սակայն այն ժամանակ դա չկարողացավ։ Ամերիկյան զորքերի դուրսբերումն այն ժամանակ ձեռնտու կլիներ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին։ Սակայն դա ձեռնտու չէր Միացյալ Նահանգներին։ Իր երդմնակալությունից անմիջապես հետո՝ դեռ այս տարվա հունվարին, Թրամփը հրահանգեց, որ Պենտագոնը սկսի մշակել ամերիկյան ռազմական ներկայության կրճատումն ապահովող նոր նախագիծ։ Իսկ ահա ապրիլին արդեն ամերիկացի զինվորականները սկսեցին հեռանալ այդ երկրի արեւելքում եղած որոշ օբյեկտներից։ Թրամփը համոզված է, որ Սիրիայում գտել է պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ դրանք պահպանելու ընդունակ եւ արդյունավետ գործընկեր՝ ի դեմս ալ-Շարաայի։ Նրան չի վախեցնում այն, որ ալ-Շարաան դեռեւս գտնվում է ահաբեկիչների ցանկում, եւ ժամանակին նրան բռնելու համար պարգեւավճար էին խոստանում։

Դժվար է ասել, նկատում է Մակարկինն իր վերլուծականում, Թրամփը ծանո՞թ է արդյոք «ստացիոնար բանդիտի» տեսությանը, որի համաձայն՝ պետական շինարարությամբ ամենայն հաջողությամբ կարող է զբաղվել նաեւ վատ անցյալով մարդը, որը ներքաշվում է տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծմանը միտված որոշումների կայացման պրոցեսի մեջ։ Եվ հետաքրքրվածություն է ցուցաբերում առ այն, որ ոչ թե սնանկացնի իր կողմից գրավված տարածքի բնակչությանը, այլ հակառակը՝ խթանի առեւտուրն ու բարձրացնի կենսամակարդակը։ Սակայն եթե նույնիսկ ծանոթ էլ չէ այդ տեսությանը, ինչն ավելի հավանական է, քանի որ նա տեսություններով չի հետաքրքրվում, ապա գործում է վերջինիս տրամաբանությամբ՝ ալ-Շարաայի նման մեկի հետ պայմանավորվելով։ Թրամփը հետաքրքրված է նրանով, որ Սիրիայի նորաթուխ ղեկավարը պայքարի Արեւմուտքի համար անընդունելի ահաբեկիչների հետ։ Դա համապատասխանում է նաեւ Սիրիայի նոր առաջնորդի շահերին, որը ցանկանում է ամբողջական վերահսկողության հասնել Սիրիայում։ Նաեւ՝ որ թույլ չտա Սիրիայում իրանական ազդեցության վերականգնումը։ Այս հարցում եւս ալ-Շարաան միայն կողմ է։

Նաեւ կարեւոր է Թրամփի համար, որ նա մաքրի իր շրջապատը որոշ արտասահմանցի արմատականներից, որոնցից մի քանիսը սիրիական ուժային համակարգում պաշտոններ են ստացել, ինչպես նաեւ՝ միանա «Աբրահամյան համաձայնագրերին», այսինքն՝ ճանաչի Իսրայելը, ինչպես դա արել են որոշ արաբական երկրներ։ Շրջապատը «մաքրազարդելու» պահանջը թերեւս եղածների մեջ ամենից դժվարինն է։ Սիրիայի նորաթուխ ղեկավարը ցույց է տալիս, որ պատրաստ է ընդառաջ գնալու ԱՄՆ-ին։ Անձամբ Թրամփին նա խոստանում է թույլատրել Դամասկոսում Trump Tower-ի կառուցումը։ Ալ-Շարաան հասկանում է, որ Թրամփն ուշադրության նման ժեստեր սիրում է։ Սակայն «Աբրահամյան համաձայնագրերի» հետ ամեն ինչ մի փոքր բարդ է։ Չէ՞ որ առկա է Գոլանյան բարձունքների հետ կապված վիճելի հարցը, որտեղից, ի դեպ, ստիպված է եղել հեռանալ ալ-Շարաայի ընտանիքը։ Թրամփի ծրագրերը հարված են քրդերի համար, որոնց Միացյալ Նահանգներն աջակցում է վաղուց ի վեր։ Ընդ որում, ոչ միայն Սիրիայի, այլ նաեւ Իրաքի քրդերի մասին է խոսքը։ Ալ-Շարաան ցույց է տալիս, որ պատրաստ է պայմանավորվել քրդերի հետ, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ Սիրիան խիստ կենտրոնաձիգ պետություն կարող է լինել, ինչը նաեւ ամրագրված է Սահմանադրական հռչակագրում՝ ստորագրված այս տարվա մարտին։ Պարզ է մի բան, որ Թրամփը ռեգիոնալ հարաբերությունները տեսնում է ամերիկյան շահերի լույսի ներքո եւ վստահ է, որ Էրդողանն ու արքայազն Մուհամմադ բին Սալմանը կկարողանան հարկ եղած դեպքում զսպել ալ-Շարաային՝ անմիտ քայլեր կատարելուց հեռու պահելով։