Իսկ ո՞ւր է Փաշինյանի հայտնի «լայվ բռնողը» 

Իսկ ո՞ւր է Փաշինյանի հայտնի «լայվ բռնողը» 

2018-ի իրադարձությունների ողջ ընթացքում ու դրանից հետո էլ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս էր գալիս ժողովրդի մեջ զբոսանքի, անցնում գյուղերով ու քաղաքներով, շփվում մարդկանց հետ, նրան անպայման ուղեկցում էր «լայվ բռնողը»՝ հեռախոսով ուղիղ եթեր ապահովողը։ Այդ հաստիքը ամենից հաճախ զբաղեցնում և իր գործը պատվով կատարում էր վարչապետի օգնական, «շիշ բռնողի» եղբայր Նաիրի Սարգսյանը։

Սակայն կապիտուլյացիայից հետո երկրում կարծես թե «իրավիճակ» է փոխվել, Փաշինյանն այցելություններն իրականացնում է ոչ միայն թաքուն ու գիշերով, այլև վերացրել է «լայվ բռնողի» հաստիքը, էլ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերներ չի հրապարակում ու հազարից մեկ տեղադրում է միայն մոնտաժված տեսանյութեր, որոնցում նույնիսկ արհեստական ծափահարություններ են ավելացնում։ Փաշինյանը, որը ամեն բան բոլորից ու հատկապես լրատվամիջոցներից առաջ հայտնելու, իր ֆեյսբուքում գրելու սովորություն ուներ, փաստորեն այլևս չի կարողանում զբաղվել իր սիրելի գործով։ Դեռ ավելին՝ նախկինում, երբ Փաշինյանը մարզային այցելություններ էր կատարում, նախօրոք լրատվամիջոցներին հրավերներ էին ուղարկվում, նույնիսկ հոգում էին լրատվամիջոցների ուղևորության հարցը, այժմ Փաշինյանը Հայաստանում շրջում է ծածուկ, որ ոչ ոք չիմանա այդ մասին։ Արդյունքում «լայվով» իշխանության եկած վարչապետը այժմ խուսափում է «լայվից»։