«Հրապարակ». Պատմության ծրագրից հանվել են հայ ժողովրդի ծագումնաբանությունը, ապստամբությունները, ազգային գործիչների անունները

«Հրապարակ». Պատմության ծրագրից հանվել են հայ ժողովրդի ծագումնաբանությունը, ապստամբությունները, ազգային գործիչների անունները

Օրեր առաջ Երեւանում ընդունելով թուրք լրագրողներին՝ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, ինչը մեր պաշտոնական դիրքորոշումն է, միաժամանակ իր խոսքում օգտագործելով ոչ թե «Հայոց ցեղասպանություն», այլ «Մեծ եղեռն» արտահայտությունը։
Եթե Հայոց ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, ավելին՝ Փաշինյանի համոզմամբ՝ «դեռ պետք է հասկանալ՝ ինչ եւ ինչու է տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ», այդ տրամաբանությունից ելնելով՝ գուցե մոտ ապագայում սկսվի ոչ միայն հայոց պատմության, այլեւ հայ գրականության դասագրքերի խմբագրումը, ծրագրից դուրս թողնվեն այն գրողներն ու ստեղծագործությունները, որոնք անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային։

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայ գրականության մի շարք դասագրքերի հեղինակ Ալբերտ Մակարյանն ասում է՝ ներկայիս դասագրքերի հարցում նման միջամտություն կամ կաշկանդվածություն իրենց կողմից չի եղել․ «Այդ մտավախությունն առայժմ չունենք, եւ չկա, որովհետեւ աշխատել ենք անկաշկանդ ու օբյեկտիվ․․․ աշխարհում ոչ մի ուժ չի կարող գրականագետներին կաշկանդել, եւ եղած փաստը մենք չենք կարող խեղաթյուրել, որ չի եղել․․․»։

Գրականագետի կարծիքով, Հայոց ցեղասպանության հարցը միշտ էլ հիշատակվելու է դասագրքերում, անկախ ժամանակներից ու քաղաքական վայրիվերումներից։ «Կարծում եմ՝ սրանք ժամանակավոր բաներ են։ Ոչ ոք չի կարող մեր պատմական հիշողությունը սպիտակեցնել․․․, թե՛ պանդխտության, թե՛ ցեղասպանության թեման, ի տարբերություն աշխարհի շատ գրականությունների, մեր գրականության կենտրոնական երակներից է, ու ո՞նց կարող ենք մոռանալ դա, քանի կենդանի են մեր գրականագետները, մեր սերունդը, նաեւ՝ հաջորդ սերունդը։ Չի կարող նման բան լինել, դա մեր արյան մեջ է, այնպես որ՝ ես չունեմ նման մտավախություն»,- ընդգծում է Ա․ Մակարյանը։   

Գրականագետ, մի շարք դասագքերի հեղինակ Դավիթ Գասպարյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ հայ գրականությունը հայոց պատմության գեղարվեստական անդրադարձն է, եւ Հայոց ցեղասպանության մասին գրել են դեռ «էն գլխից»․ «Սիամանթոն, Ռուբեն Սեւակը, Զոհրապը, Թումանյանը, հետո այդ թեման եկավ ու շարունակվեց Չարենցի ստեղծագործության մեջ, եկավ հասավ Բակունցին, Շիրազին, ինչպես նաեւ՝ Համո Սահյանին, Պարույր Սեւակին․․․։ Սա մեր գրական-մշակութային կյանքի անբաժանելի մասն է, որը ներկայացնում է մեր ժողովրդի հոգեկերտվածքը։ Ավելին՝ այդ ամենն արտահայտվեց օտարագիր ու սփյուռքահայ գրականության մեջ, հապա հիշեք Հակոբ Օշականի «Մնացորդացը», որն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանությանը, հիշեք Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» գործը, հիշեք Սարոյանի պատմվածքները, Մայքլ Առլենի ու էլի շատ-շատերի գործերը։ Հայոց ցեղասպանության հարցին անդրադարձել են նաեւ թուրք գրողները, հենց մեկը՝ Քեմալ Յալչընի «Հոգիս քեզնով է խայտում» գիրքը, որը հայերեն 2 հրատարակություն է ունեցել։ Այդ վեպը նվիրված է քշված, ծածուկ ապրող հայերին, ովքեր եղեռնից հետո փրկվեցին, բայց նաեւ ընդունեցին թուրքի կրոնը․․․ այնպես որ՝ սա ոչ միայն հայ հոգեւոր կյանքի, այլեւ արդեն իսկ օտար հոգեւոր կյանքի գրական-մշակութային արտահայտությունն է, եւ մենք չենք կարող դա շրջանցել։ Դա, ոնց էլ լինի, դասագրքերում արտացոլվում է եւ արտացոլվելու է, ինչքան էլ դրա ճանապարհը փակեն։ Սա մեր կյանքն է, եւ ես աչքերս բացել եմ ու մեր տանը իմ տատից-պապից դա եմ լսել՝ 1915 թվականից, փախեփախից, 37 թվականից։ Սրանք՝ բոլորը, մեր կյանքի ու կենսագրության մեջ են»։

Այդուհանդերձ, փաստ է նաեւ այն, որ երկրի ղեկավարը շատ հաճախ օգտագործում է ոչ թե «Հայոց ցեղասպանություն», այլ «Մեծ եղեռն» արտահայտությունը, հայոց քաղաքներն ու պատմական տեղանունները թուրքերեն է ասում, «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթն է շրջանառում․․․, այլ կերպ ասած՝ սա ոչ թե հեռավոր ապագա է, այլ ներկա կամ շատ մոտ իրողություն։ «Սա հեռանկար չունի, որովհետեւ Հայոց ցեղասպանությունը մեր պատմության իրական արտահայտությունն է, եւ Հայոց ցեղասպանությունը, որը նաեւ աղետ են ասում, պետք է կոչել՝ բնաջնջում, որովհետեւ քո հայրենիքում՝ քո տան մեջ են բնաջնջել, որը հետո շարունակվեց ղարաբաղյան դեպքերով, հենց մեր աչքի առաջ մեր ժողովուրդը երկիր ու հայրենիք կորցնելով, փախեփախ եղավ․․․ սա մեր անցյալն է, կյանքն է, որը պետք է պահենք-պահպանենք ու փոխանցենք սերունդներին․․․ ապիկար գտնվեցին այս սերնդի որոշ ներկայացուցիչներ, բայց կգա նոր մի սերունդ՝ խորթ այդ երգին, եւ կբերի նոր արշալույսներ»։

Պատմաբան եւ դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանի կարծիքով, մեր երկրի ղեկավարն անում է այն, ինչ թելադրում են Թուրքիան ու Ադրբեջանը։ «Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա իր համար Հայոց ցեղասպանությունը ոչ միայն 2-րդական եւ 3-րդական հարց է, այլեւ ընդհանրապես հարց չէ։ Իսկ այն, որ ինքն օգտագործում է արդեն «Մեծ եղեռն» տերմինը, սրա վտանգն այն է, որ միջազգային հանրությունն այդ ոճիրը ճանաչում է «Հայոց ցեղասպանություն» տերմինով, ավելին՝ «Մեծ եղեռն»-ը շատ երկրների համար ընկալելի չէ, դրա համար ինքը փորձում է այդ ճանապարհով թուլացնել Հայոց ցեղասպանության խնդիրը։ Իսկ ինչ մնում է այն հարցին, թե վաղը, մյուս օրը դասագրքերից ինչը կհանեն կամ կթողնեն, ապա պետք է ասեմ, որ շատ բաներ արդեն այսօրվանից էլ հանել են, ընդամենը մեկ ամիս առաջ պատմության լրամշակված ծրագրից ընդհանրապես հանված է հայ ժողովրդի ծագումնաբանությունը, մեր ապստամբությունները, ազգային գործիչների անունները, ու դա հաստատել են առանց քննարկման, այսինքն՝ ինչ ազգային բան էլ կար, դա էլ է դուրս հանվել․ Հայաստան՝ որպես աշխարհակալ պետություն, չկա, Տիգրան Մեծի անունը՝ նույնպես,․․․․ այսինքն՝ ոչ թե առաջիկայում հնարավոր է նման սրբագրումներ արվեն, այլ հենց հիմա են դրանք կատարվում․․․»,- նկատում է զրուցակիցս։

Հիշեցնենք, որ խոսքը 11-րդ դասարանի Հայաստանի պատմության ծրագրի մասին է, որը մոտ մեկ ամիս առաջ հաստատվել էր ԿԳՄՍՆ հրամանով, եւ որից հանվել էին նաեւ արցախյան ազատամարտն ու Արցախի հարցը։ Այլ կերպ ասած, եթե այսօր դասագրքերից խմբագրվում են արցախյան հարցն ու դրան առնչվող ամեն ինչ, վաղը նույնկերպ կարող է խմբագրվել կամ դուրս թողնվել Հայոց ցեղասպանության հարցը։

«Եթե սրանք մի քիչ էլ շարունակեն մնալ, երեւի պատմությունը, որպես առարկա, չի էլ լինի։ Սրանք հայրենիք ու սրբություն չունեն, եթե կրթության նախարարն ասի՝ հայրենիք, հայրենասիրություն, նման կատեգորիա, հասկացություն չկա, եւ դա պետք է պատերազմների ժամանակ մարդկանց ոգին բարձրացնելու համար․․․ էլ ի՜նչ ասես․․․ կամ՝ երբ վարչապետը ցեղասպանությունը կասկածի տակ է դնում ու պահանջում ցեղասպանված զոհերի ցուցակները՝ անուն առ անուն, դրանից ի՞նչ սպասես․․․ Ես մտավախություն ունեմ, որ քանի սրանք կան, կարող է շատ բաներ վերացվեն․․․ ավելին՝ «արդյունքն» արդեն դպրոցներում զգացվում է․․․ ես հիմա չասեմ այդ դպրոցի անունը, բայց ուսուցիչն ասում է՝ պատմական Հայաստանի սահմանն Ախուրյան գետն է, էլ ի՞նչ ասես, ու դա՝ աշխարհագրության մասնագետը, պատկերացնո՞ւմ եք․․․։ Այնպես որ, բոլորս մտահոգվելու կարիք ունենք եւ պետք է համախմբենք մեր ուժերը՝ այսօրվա չարիքից ազատվելու համար»,- եզրափակում է պատմաբանը։