Տեսչական մարմինը որոշել է դիակնե՞րը զննել

Տեսչական մարմինը որոշել է դիակնե՞րը զննել

ՀՀ կառավարությանը ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին շաբաթներին աննախադեպ ակտիվություն է դրսեւորում, լայնածավալ ստուգումներ են իրականացվում տարբեր հաստատություններում, այդ մասին հաղորդագրություններ տարածում, իրազեկում իրենց կատարած աշխատանքների մասին։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է այս կառույցից եւ նեղ «կրուգում» վերջերս չի թաքցրել, որ իր կարծիքով Հայաստանում կորոնավիրուսի տարածման այս ամիսների ընթացքում կառույցում քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենային, մինչդեռ տպավորություն է, որ այստեղ բոլորից շուտ են ինքնամեկուսացման որոշում կայացրել ու կարծես թե բնականոն կյանքի վերադառնալու ցանկություն չունեն։ Կառույցին հասել է վարչապետի՝ իրենց վերաբերյալ դժգոհության բոթը, եւ սրանով է պայմանավորված վերջին շաբաթների բուռն գործունեությունը։ Տեսչական մարմնում որոշել են՝ այսուհետ այնքան «կատաղի» են աշխատելու, որ խոչընդոտելու են այլ կառույցների բնականոն աշխատանքը։ Վերջերս հայտնի դարձավ, որ լայնածավալ ստուգումներ են իրականացրել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Ըստ տեղեկությունների՝ ստուգումների անհրաժեշտություն, իսկապես, եղել է, քանի որ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր նաեւ հյուրանոցներում մեկուսացած քաղաքացիներին ցուցակագրել են որպես ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներ, ինչը առաջացրել է փաստաթղթերի, ֆինանսական ծախսերի ուռճացում: Մեզ պատմեցին, որ տեսուչները երեք օր շարունակ գտնվել են «Նորքի» ինֆեկցիոնում եւ այնքան են զբաղեցրել աշխատակազմին, որ վերջիններս սահմանված թվով թեստեր չեն կարողացել իրականացնել։ Ստուգումներ են իրականացվել նաեւ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող Աբովյանի դիահերձարանում, որը կառավարության որոշմամբ հատկացվել է կորոնավիրուսով մահացածների դեպքերին Ըստ մեր տեղեկությունների՝ տեսչական մարմնի աշխատակիցները որոշել են մտնել դիահերձարան, մոտիկից տեսնել դիակները, այն պարագայում, երբ դրանք փակ դագաղներով են հանձնվում հարազատներին։ Այս փաստը տարակուսանք է առաջացրել դիահերձարանի աշխատակիցների մոտ եւ սկզբում կարծես թե դիմադրել են, հետո ընկրկել։ «Ստուգումները խոչընդոտելու հիմքով» ՊՈԱԿ-ին տուգանել են 150 հազար դրամով, որը նախարարությունը ըստ մեր աղբյուրի՝ բողոքարկելու է։ Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանին հարցրեցինք՝ ճիշտ է, որ տուգանել են եւ ինչու են ցանկացել զննել տեսնել դիակները, որոշակի կասկածներ են ունեցե՞լ։ Տուգանքի մասով ասաց՝․«Այս պահին հրապարակման ենթակա տեղեկություն չունեմ, չեմ էլ բացառում, որ տուգանել են», ինչ վերաբերում է դիահերձարան մուտք գործելու անհրաժեշտությանը, խոսնակը պատասխանեց․«Տեսչական մարմինը իր կանոնադրությունից բխող գործառույթներ ունի դիահերձարանների հետ կապված եւ հերթով սահմանված են անելիքներն ու քայլերը, ըստ այդմ՝ գործառույթներից ելնելով չեմ բացառում․․․բայց ես «դիակները տեսնել» ձեւակերպումը չէի տա,, եթե արվում է գործողություն, ապա արվում է տեսչականի կանոնադրական գործառույթների շրջանակներում»։