Ռեկտորի պարտականությունները դրվել են գիտական աստիճան եւ կոչում չունեցող պրոռեկտորի վրա

Ռեկտորի պարտականությունները դրվել են գիտական աստիճան եւ կոչում չունեցող պրոռեկտորի վրա

Օրեր առաջ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ դադարեցվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանի պարտականությունները, եւ քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ` կեղծ վկայական տալու համար։

«Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ. Խ․-ն, զբաղեցնելով պետության կողմից ստեղծված՝ հիմնադրված «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնը, հանդիսանալով պետության կողմից ստեղծված՝ հիմնադրված ինստիտուտի անունից հանդես գալու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ 2022թ. փետրվարի 2-ին պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթի՝ իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող նյութական կրիչի մեջ մտցրել է Արմեն Վազգենյանի կողմից 2006 թվականին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (ներկայիս՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ) ընդունվելու եւ իբրեւ 2010 թվականին «Ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ» մասնագիտությամբ ավարտելու, նրան «Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի, շախմատի մարզչի» բակալավրի աստիճան շնորհված լինելու, ինչպես նաեւ, տեխնիկական պատճառներից ելնելով, դիպլոմը 2022 թվականի հունիսին հանձնման ենթակա լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ եւ այն տրամադրել Արմեն Վազգենյանին՝ այն պայմաններում, երբ վերջինս հիշյալ ինստիտուտն ավարտած չի եղել եւ տեղեկանքը տրամադրելու պահին ունեցել է չհանձնված պետական քննություն: Հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ հսկող դատախազի կողմից 2023թ. մայիսի 2-ին որոշում է կայացվել Դավիթ Խիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ մեղադրանքը Դ. Խիթարյանին ներկայացնելու համար, միաժամանակ հանձնարարվել է նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը»։

Ինչպես տեղեկացանք, ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պարտականությունների կատարումը մայիսի 4-ից հանձնարարվել է ՀՖԿՍՊԻ-ի արտաքին կապերի եւ ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանին։

Արդեն նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է մտածում իր դեմ հարուցված գործի մասին, քրեական հետապնդում հայտարարելու համար կա՞ն բավարար հիմքեր։ «Ես ոչ մի բան չեմ ուզում ասել, կգա օրը՝ կտեսնենք թե ոնց կլինի»,- ասաց Խիթարյանն ու հավելեց, որ հնարավոր է նաեւ առաջիկայում մամուլի ասուլիսով հանդես գա, բայց այս փուլում, քանի դեռ նախաքննություն է ընթանում, չի ուզում շտապել եւ եզրակացություններ անել։ Այդուհանդերձ, ինքը ծանոթացե՞լ է իր դեմ ձեռք բերված քրեական փաստերին։ «Բնականաբար, ծանոթացել եմ, չեմ ընդունել ոչ մի բան, մնացածի մասով էլ չեմ ուզում ոչինչ ասել, քանի որ նախաքննության փուլում է, չեմ ուզում ինչ-որ բաներ բացահայտել, բայց ինչ որ ներկայացված է, բնականաբար, ես չեմ ընդունել»։

Այդ դեպքում ինչո՞վ է բացատրում այս գործընթացը, այս ամենում կա՞ ինչ-որ միտում։ «Չի բացառվում, որովհետեւ այդ տեղեկանքը ես չեմ տեսել, չեմ ստորագրել, եւ ինքը «Մալբրիով» դուրս չի եկել, մնացածն արդեն կերեւա, իմ պարագայում որեւէ պաշտոնական կեղծիքի մասին խոսք լինել չի կարող»,- կտրուկ ընդգծեց նախկին ռեկտորը։
Ինչ վերաբերում է ռեկտորի պարտականությունները կատարող պրոռեկտորին, ապա նախկին ռեկտորը նշում է, որ այստեղ էլ որոշակի խնդիրներ կան․ «Օրենքը կոնկրետ սահմանում է ԺՊ-ի կարգավիճակը։ Ռեկտորի ԺՊ պրոռեկտորը պետք է ունենա գիտական կոչում եւ աստիճան, ինչ որ ռեկտորի թեկնածուն, բայց նշանակված պրոռեկտորը չունի դա։ Ես այստեղ խնդիր եմ տեսնում, ի տարբերություն մյուս պրոռեկտորի, ում թեկնածությունը, չգիտես ինչու, հոգաբարձուների խորհուրդը չընդունեց»։ Թե ինչով է նրա ընտրությունը հիմնավորել խորհուրդը, Խիթարյանն ասում է, որ դա այլեւս իր լիազորությունների մեջ չէ, որպեսզի հանդիպի եւ հարցեր ուղղի խորհրդի անդամներին։  

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ով նաեւ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ փաստերին, որպեսզի հասկանա՝ նախկին ռեկտորի լիազորությունները դադարեցնելու եւ քրեական հետապնդում հայտարարելու բավարար հիմքեր կա՞ն, թե՞ ոչ․ «Ես մեկնել էի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը եւ քաղաքում չէի, երեկոյան եմ եկել, պետք է նոր ծանոթանամ ամեն ինչին, թեպետ քրեականի հաղորդագրությունն ի սկզբանե կարդացել էի, բայց դրանից ավել ոչինչ չգիտեմ»։

Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդի նիստին, որի ժամանակ խորհուրդը նախապատվություն է տվել գիտական աստիճան եւ կոչում չունեցող պրոռեկտորին եւ նշանակել ռեկտորի ԺՊ, Կ․ Գիլոյանն ասում է, որ նիստն առցանց է կայացել, եղել է քվեարկություն, բացի այդ՝ ոչ թե ԺՊ են նշանակել, այլ պարտականությունները ժամանակավոր դրել են պրոռեկտորներից Անժելա Նուշիկյանի վրա։ Հակասություն չկա՞, արդյոք օրենքով չի՞ պահանջվում գիտական աստիճան եւ կոչում։ Գիլոյանն ասաց․ «Դրա համար պետք չէ, ինքը ո՛չ ռեկտորի թեկնածու է, ո՛չ էլ դրա անհրաժեշտությունը կա, ընդամենը ժամանակավոր իր վրա դրվել է ռեկտորի պարտականությունների կատարումը, որովհետեւ, ի վերջո, Խիթարյանի մեղքն ապացուցված չէ, անմեղության կանխավարկած կա, իսկ դա նշանակում է՝ քանի դեռ նա մեղավոր չէ, առայժմ կասեցվել են նրա իրավունքները»։

Թե որքան կտեւեի քրեական այս գործընթացը, ըստ այդմ՝ ինստիտուտն ինչքան կմնա առանց ռեկտորի, կախված կլինի այն բանից, թե ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ քրեական գործը կա՛մ ապացուցվի, կա՛մ հերքվի։ Հնարավո՞ր է, որ այդպես ամիսներ ձգվի։ «Դե, մենք ամեն ինչ պետք է անենք, որ ամիսներ չտեւի, որովհետեւ, ի վերջո, բուհը պետք է բնականոն գործընթաց ունենա, իսկ դրա համար պետք է մի փոքր արագ արվի ամեն ինչ»։