Ի՞նչ եք անում, պարոնայք

Ի՞նչ եք անում, պարոնայք

Հարյուր անգամ կարելի է քննադատել Սերժ Սարգսյանին: Հարյուր եւ մեկ անգամ պետք է հարցնել՝ նրա ինչի՞ն էր պետք սահմանադրությունը, եթե պիտի խորհրդարանի մեծամասնության «պարտադրանքով» վարչապետ ընտրվեր, հետո էլ ասեր՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»: Ժամանակը կտա պատասխանը: Բայց չի՜ կարելի ասել, որ ապրիլյան քառօրյան «պարտություն էր»: Գուցե Սերժ Սարգսյանի «պարտությունն էր»: Բայց երբեք՝ երկրի, բանակի, ժողովրդի: Որովհետեւ եթե քառօրյան հաղթանակ չէր, ապա ու՞ր է պարտությունը: Կապիտուլյացիա՞ ենք ստորագրել: Արցախից հրաժարվե՞լ ենք:

Չի կարելի օտար երկրի հատուկ ծառայության մի կապիտանի հետ մոսկովյան արվարձանային խորովածանոցի խոսակցությունը դրոշ դարձնել եւ երկրի նախագահին խորհուրդ տալ, որ իրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգ ձեռք բերի: Չի կարելի «պրիվատ նամակի» դեմ  պետական գործչի լռության դիմաց նրա հրաժարականից հետո դաժան վրեժխնդրությամբ լցված՝ քո ժողովրդի նվիրյալ պատերազմի վրա բիծ քաշել: Չի՜ կարելի:

Պատերազմ եղել է  երեկ, լինելու է, ցավոք, նաեւ վաղը: Եւ ոչ ոք ապահովագրված չէ ապրիլյան քառօրյայի կրկնությունից: Եթե ամեն ինչ գնահատենք քարտեզով, ապա ինչու՞ ազատագրված չէ Շահումյանը: Ինչու՞ հակառակորդի օկուպացիայի տակ է Մարտակերտի «մարգարիտը»: Ինչու՞ նախկին ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանի տարածքում հակառակորդն այսօր «Խոջավենդի գործադիր իշխանության նստավայր» ունի: Չայլուն, Մարգուշավանը, Հասանղայան մեր հայրենի՞քը չեն: Մուղանլուն մեր հայրենի՞քը չէ: Պատերազմը եթե հաղթահանդես լիներ՝ այսօր Բաքուն մերն էր լինելու: Պատերազմը շքերթ չէ: Դրա համար էլ ապրիլյան քառօրյայում մի քանի դիրք, այո, կորցրել ենք: Բայց չենք հանձնել Սարսանգը: Հադրութը պահել ենք: Ասկերանը: Ի վերջո՝ Ստեփանակերտը: Սա՝ հաղթանակը: Իսկ ո՞րն է «պարտությունը»:

Այս ի՞նչ եք անում, պարոնայք: Պատերազմին մեկի բացակայությունը մի՞թե բանակի, ժողովրդի, երկրի պարտությունն է: Եւ մեկի ներկայությունը վաղվա հաղթանակների երաշխի՞քն է: Մենք պետությու՞ն ենք, թե՞ տոտեմապաշտ ցեղ…