Պետք է պահը ճիշտ օգտագործել, ու ճանապարհ փակած ադրբեջանցի զինվորականներին ազատ արձակել մեր գերիներից որոշակի խմբի ազատ արձակման դիմաց

Պետք է պահը ճիշտ օգտագործել, ու ճանապարհ փակած ադրբեջանցի զինվորականներին ազատ արձակել մեր գերիներից որոշակի խմբի ազատ արձակման դիմաց

«Հրապարակն» արդեն գրել է, որ «Սյունիքի միջպետական ճանապարհը փակած ադրբեջանական զինուժը՝ մոտ 75 անձից կազմված, հայտնվել է ռուսական սահմանապահ զորքերի կողմից շրջափակման մեջ»։ Ընդ որում, ըստ պարբերականի, ռուս սահմանապահները վրդովված են ադրբեջանցիների լկտիությունից, որոնք իմանալով, որ այս հատվածում սահմանն ու ճանապարհը գտնվում են ռուսական զինուժի հսկողության տակ, համարձակվել են ճանապարհը փակել եւ հայկական գյուղերը բլոկադայի ենթարկել։

«Այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական սահմանապահների եւ ադրբեջանական զինծառայողների միջեւ, որպեսզի վերջիններս դուրս բերվեն շրջափակումից եւ հեռանան ելման դիրքեր։ Սյունիքում է գտնվում նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը»։

Զուտ որպես առաջարկ կամ վարկած․ հիանալի կլինի, եթե ռուս սահմանապահները եւ այնտեղ գտնվող Պնախարարը կարողանան հասնել այն բանին, որ ադրբեջանական 75 հոգանոց խմբի հետդարձի թույլատրման դիմաց Ադրբեջանն ազատ արձակի Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիներին։ Թե դա ինչ «սոուսով» կմատուցի Ալիեւն իր հասարակությանը, կորակի այն որպես խաղաղասիրական ժեստ, բարի կամքի դրսեւորում թե այլ բան, արդեն երկրորդական է։ Երկրորդական է նաեւ, թե դա ինչպես կմեկնաբանվի այստեղ՝ թեկուզ եւ ասեն, որ դա արվում է որպես երկու կողմերի միջեւ վստահության ամրապնդման համար։ Կարեւորը պահը ճիշտ օգտագործելն է, ու մեր գերիների որոշակի թվով խմբի՝ ազատ արձակմանն հասնելը։

Կարեն Ենգիբարյան