Ախ, այդ էլիտան

Ախ, այդ էլիտան

Հանրային դժգոհության այսպիսի մակարդակ Հայաստանում երբեք չի եղել: Իր բոլոր նախորդ իշխանություններից դժգոհ ՀՀ քաղաքացին երբեք այսքան վատ տրամադրված չի եղել իր իշխանությունների հանդեպ, ինչպես այսօր: Մի խումբ իշխանավորների, նրանց ազգուտակերի եւ պետական կերակրատաշտից սնվելու հնարավորությունը կորցնելու վախից` ամեն ինչի հետ համաձայնող մի քանի հազար հացկատակներից, մի փոքր խումբ չար ու հիվանդ մարդկանցից բացի, ոչ ոք գործող իշխանության մնալուն կողմնակից չէ այսօր: Ավելին` 2 ձեռքով կողմ է հեռացմանը, բայց չգիտի դա ինչպես անել: Ի դեպ, շարքային քաղաքացին պարտավոր էլ չէ ինքնուրույն մտածել այդ մասին եւ գտնել սրանց «ճանապարհելու» ձեւը: Ամբողջ աշխարհում այդ գործն իրականացնում է էլիտան` ընդդիմությունը, մտավորականները, հասարակական գործիչները, որոնք հստակ ձեւակերպում են խնդիրը, գծում են ճանապարհային քարտեզը եւ առաջնորդում մարդկանց: Այդ էլիտան չի վախենում «աթոռակռիվ են տալիս» մեղադրանքներից, որովհետեւ իշխանության գալը վատ բան չէ, մանավանդ՝ եթե երկիրն ազատում ես ապաշնորհ ու ձախողված իշխանություններից: Այդ էլիտան չի ընկճվում հայհոյանքներից ու լուտանքներից, որովհետեւ իշխանությունը կորցնողները, բնականաբար, պետք է թույն ու թարախ ժայթքեն: Այդ էլիտան չի վախենում բանտերից, ծեծվելուց, փողոցում գիշերելուց, ունեցվածք կորցնելուց, որովհետեւ ոչ ոք կամովին ու առանց պայքարի չի հանձնում իշխանությունը: Այդ էլիտան չի լսում «բարի կամեցողների» խորհուրդները, որոնք ներշնչում են, թե անիմաստ է պայքարը, ոչնչի չեք հասնի` «Նիկոլն անպարտ է»: Այդ էլիտան չի խնայում իր ընկերներին ու ազգականներին, որոնք իրենց փոքրիկ շահից ելնելով` հորդորում են չվտանգել իրենց բարեկեցությունը եւ իրենց չզրկել կերակրատաշտից: