«Հրապարակ»․ ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել՝ Անդրեասյան-Մինասյան հարաբերությունների մասին

«Հրապարակ»․ ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել՝ Անդրեասյան-Մինասյան հարաբերությունների մասին

2024 թ․ հոկտեմբերի 4-ին ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները՝ Վազգեն Մանուկյանի գործով դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։ Ընդ որում, ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն էր հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետեւաբար, պարզ է դառնում, որ ի սկզբանե խնդիր էր դրված դատավորի լիազորությունները դադարեցնելու, հատկապես որ, ըստ հավաստի լուրերի, իշխանությունները չեն ներել դատավորի՝ Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը։ 

Դրանից հետո դատավորը դիմել էր Եվրոպական դատարան՝ վերականգնելու իր իրավունքները։ Նա միայնակ չէ, մոտ մեկ տասնյակ դատավորներ եւս գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ, որոնց լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է, այդ թվում` Աննա Դանիբեկյանը, Դավիթ Հարությունյանը, Արթուր Ստեփանյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը, Արտակ Բարսեղյանը եւ ուրիշներ։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի անդամ Սուրեն Անտոնյանի դադարեցված լիազորությունների գործով 2025 թ. հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ միջանկյալ վճիռ կայացրեց, որտեղ կասկածի տակ էր առել Անտոնյանի գործով Կարեն Անդրեասյանի՝ որպես ԲԴԽ նախագահի անաչառությունը եւ նշել, որ գործընկերային եւ անձնական կապերին վերաբերող փաստերը վկայում են այն մասին, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ արդարադատության նախարար, դատավորի դեմ վարչական վարույթ սկսած Գրիգոր Մինասյանը շատ սերտ հարաբերություններ ունեն, որոնք դուրս են «մասնագիտական հարաբերությունների» շրջանակից, եւ, ըստ այդմ` 2023 թվականին դատավորին համակարգից հեռացնելու որոշումն էլ իրավաչափ չէ: 

Անդրեասյան-Մինասյան տանդեմի ջանքերով դատական համակարգից հեռացված Վահե Միսակյանին «Հրապարակ»-ը հարցրեց՝ ՄԻԵԴ-ում իր գործն ի՞նչ փուլում է։

«Կոմունիկացիայի»,- պատասխանեց նա։ Մինչ որոշում կայացնելը Եվրոպական դատարանը հարցեր է ուղղում ՀՀ կառավարությանն ու հայցվորին։ «Հարցադրումներ են ուղարկել կառավարությանը եւ ինձ։ Այժմ իմ գործը, Արթուր Ստեփանյանի եւ Աննա Դանիբեկյանի գործը Եվրադատարանը միացրել է իրար, մյուս դատավորների գործերից տեղեկություն չունեմ։ Եվրադատարանն ինքն է գնահատում փաստերը, գտել է, որ իրենք իրենց բնույթով, հանգամանքներով, արձանագրվելիք խախտումներով միանման են լինելու, որոշել է մի որոշումով գնահատական տալ»։ 

Ի՞նչ հարցեր է ուղղել դատարանը։ «Անհրաժեշտության մասին է խոսքը գնում․ լիազորությունների դադարեցումը ժողովրդավարական հասարակությունում ինչքանով է անհրաժեշտ»,- ասաց նախկին պաշտոնյան։ Մեր հարցին ի պատասխան նա նշեց նաեւ, որ իր դիմումին միացած մյուս երկու դատավորներն իրենց դիմումներում եւս մատնանշել են Կարեն Անդրեասյանի անաչառության հարցը՝ կապված Գրիգոր Մինասյանի հետ ունեցած մտերմության հետ։