Ո՞վ էր ՃՈ տեսուչների աչքի առաջ խախտում անողը

Ո՞վ էր ՃՈ տեսուչների աչքի առաջ խախտում անողը

Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի մեկնարկից մոտ 10 րոպե առաջ 36 ST 714 պետհամարանիշով մի Toyota Camry՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, ՃՈ տոսուչների աչքի առաջ կոպիտ խախտում թույլ տվեց: Նա նախ երկրորդ շարքից, հենց խաչմերուկի բերանին, հոծ գիծը հատելով՝ կտրուկ թեքվեց դեպի ձախ ու կարմիր լույսի տակ հատեց խաչմերուկը` գնալով դեպի Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի ուղղությամբ:

Այս ամենը տեղի ունեցավ օրը ցերեկով, ՃՈ աշխատակիցների աչքի առաջ ու որևէ արձագանքի չարժանացավ նրանց կողմից: Եւ քանի որ ՃՈ տեսուչներն անտեսեցին այս մեքենայի մասնակցությամբ կոպիտ խախտումը, ենթադրեցինք, որ նշված Toyota Camry-ն ամենայն հավանականությամբ շտապում է Ազգային ժողով և սպասարկում է, ասենք, կառավարության որևէ անդամի, որն ուշանում էր հարցուպատասխանից: Կասկածեցինք, որ սա, ամենայն հավանականությամբ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին սպասարկող ավտոմեքենան է, քանի որ այս տեսակի Toyota Camry նախարարներից կարծես թե միայն նրան է սպասարկում, մյուսներինն այլ մեքենաներ են: Ու չի բացառվում, որ Բադասյանը վերջին իրադարձություններից հետո, երբ Փաշինյանի թիմակիցները ֆիզիկական անվտանգության խնդիր ունեն, պարզապես փոխել է պետհամարանիշն ու խառը թվերով, հավանական է` նաև օպերատիվ համարանիշ է տեղադրել իր մեքենայի վրա, որ քողարկվի հասարակությունից: Ու հիմա, փաստացի, կոպիտ խախտումով խաչմերուկ է մտնում՝ ՃՈ տեսուչների աչքի առջև: Հազիվ թե շարքային քաղաքացին այդպես «դուխով» խախտում աներ պետավտոտեսուչների քթի տակ:

Մենք փորձեցինք ճշտել արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից` արդյոք փոխե՞լ է նախարարը իր մեքենայի համարները: Մեր զանգից մոտ մեկ ժամ անց ԱՆ լրատվականից պատասխանեցին, որ չի փոխել, այսինքն` կառավարության համարներով է: Այդ ընթացքում մենք շրջեցինք Ազգային ժողովի տարածքում, սակայն արդարադատության նախարարին սպասարկող ավտոմեքենան որևէ տեղ չնկատեցինք, այն դեպքում, երբ մյուս նախարարների մեքենաները կայանած էին փողոցում` սպասելով նիստի ավարտին: