Որտեղ կարող են գեներացվել հակառուսական տրամադրություններ, այնտեղ չենք լինի․ Ա․ Աբովյան

Որտեղ կարող են գեներացվել հակառուսական տրամադրություններ, այնտեղ չենք լինի․ Ա․ Աբովյան

Հուլիսի 9-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «կլորսեղանային» հանդիպում էր կազմակերպել։  

Հանդիպմանը մասնակցել էին «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Տիգրան Արզաքանցյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը»:

«Հրապարակ» թերթը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանից հետաքրքրվեց, թե կուսակցությունն ինչ մոտեցում ունի, որ իշխանությունը փորձում է արտախորհրդարանական ուժերի համագործակցության ձևաչափ ստեղծել։

«Ոչ մի քննարկում, ոչ մի բան մենք չենք ունեցել այդ հարցով, ընդհանրապես», - երեկ ասաց Աբովյանը։

Հուլիսի 8-ին կառավարության շենքում Փաշինյանն ընդունել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին։

Հուլիսի 9-ին իմքայլական վարչապետի հետ հանդիպածներից ՀԵԿ ղեկավար Տիգրան Խզմալյանը, ՀՔԴԿ նախագահ Լևոն Շիրինյանը, ՊԿ ղեկավար Միքայել Հայրապետյանն աչքի են ընկնում իրենց բավականին հակառուսական տրամադրվածությամբ ու հռետորաբանությամբ։ 

Միայն իրենց ղեկավարներով հայտնի այս կուսակցության ներկայացուցիչները Փաշինյանի հետ հանդիպել էին նաև հունիսի 23-ին՝ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Եվ հենց այս հանդիպումների ժամանակ էլ իմքայլական վարչապետը, կառավարության շենքում ընդունելով նրանց, ասել էր, թե «մենք հիմա մտածում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն: Կուզենայի նաև լսել Ձեր տեսակետները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ» (կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն): 

Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հանդիպմանը ներկա չէին եղել «Հանրապետություն», «Հանուն հանրապետության» կուսակցությունների ղեկավարները՝ Արամ Սարգսյանը և Արման Բաբաջանյանը, որոնք նույնպես աչքի են ընկնում իրենց հակառուսական դիրքորոշմամբ։ Հիշյալ հանդիպմանն Արամ Սարգսյանի չմասնակցելը Փաշինյանը պատճառաբանել էր նրանով, որ նա հանրապետությունում չէ: Իսկ ինչ վերաբերում է Բաբաջանյանին, ապա նա հունիսի 30-ին ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Փաշինյանի առաջարկածը «ապագա չունեցող համագործակցության ձևաչափ է», քանի որ Բաբաջանյանն «իրեն չի պատկերացնում տարբեր գաղափարախոսություններ ունեցող ուժերի հետ մեկ հարթակում»։

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավարը, սակայն, նպատակահարմար էր համարել «Հանրապետություն», «Քաղաքացու որոշում», «Ինքնիշխան Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցությունների համագործակցությունը՝ պայքարելու խորհրդարան անցած «Հայաստան» (Ռոբերտ Քոչարյան) և «Պատիվ ունեմ» (Արթուր Վանեցյան) դաշինքների դեմ։ Արամ Սարգսյանը և Արման Բաբաջանյանը նաև բավականին սատարում են իմքայլականներին նրանց նախաձեռնած տարբեր գործընթացներում։

«Բարգավաճ Հայաստանը» Ռուսաստանի Դաշնությունում իշխող «Միացյալ Ռուսաստան» (Еди́ная Росси́я) կուսակցության հետ համագործակցության հուշագիր և սերտ հարաբերություններ ունի։

Դիտարկմանը, որ «Փաշինյանի հետ հանդիպումներում ուժեր են լինում, որոնք բավական հակառուսական կողմնորոշում ունեն, դուք էլ այդպիսի հարցերում մի քիչ հակասություններ ունեք», Արման Աբովյանը պատասխանեց. «Իհարկե, առանց որևէ այլևայլության․ որտեղ կարող են գեներացվել հակառուսական տրամադրություններ, որոնք, ըստ էության, հակահայկական են, այնտեղ մենք չենք լինի։ Դա կարող եմ վստահ ասել, կապ չունի` ինչ ձևաչափ է: Որը ռուսաֆոբիայի և, ըստ էության, հակահայկականության պրոպագանդայով կզբաղվի, մենք այնտեղ չենք լինի, դա միանշանակ, դա նույնիսկ չի էլ քննարկվում»։

Իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հետ համագործակցության մասով ԲՀԿ գործիչն ասաց․ «Ես առայժմ իրավասու չեմ այդ հարցերին պատասխանել, շատ պարզ պատճառով՝ քննարկում չենք ունեցել։ Այն, ինչ ասացի, դրան ավելացնելու բան չունեմ»։