Տհաճ անակնկալների սպասումով

Տհաճ անակնկալների սպասումով

Այս տարի տագնապով ու վատ սպասումներով ենք դիմավորում Ապրիլի 24-ը: Բոլոր հնարավոր կարմիր գծերը խախտած, հակահայկական պահվածքի բոլոր սահմաններն անցած եւ թուրք-ադրբեջանական քարոզչությունը բացահայտորեն կամ քողարկված` տարածող այս իշխանությունները կարող են տհաճ անակնկալներ մատուցել մեզ. մի թրքահաճո ուղերձով, մի նենգ հայրենադավ դրսեւորումով` պղծելով 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը եւ խոցելով հայի արժանապատվությունը: Մեր ամենամղձավանջային երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ երբեւէ Ցեղասպանությունը ժխտող, հերքող, կասկածի տակ դնող հայկական իշխանություն կարող ենք ունենալ: Մեզ թվում էր` 1915-ի ողբերգական իրադարձություններն անքննելի են, անհերքելի, եւ մեր նախնիներին ցեղասպանած ազգի ներկայացուցիչներից զատ որեւէ մեկը չի կարող այն կասկածի տակ դնել: Քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, անհերքելի փաստերի ու ապացույցների մի այնպիսի ահռելի բազա է առկա արխիվներում, որ դրանք վիճարկման ենթակա չեն պարզապես: 

Պարզվեց` սխալվել ենք, եւ հերքողը ոչ թե ֆրանսիացի ու գերմանացի է, անգամ թուրք չէ, այլ հենց հայկական ծագումով մարդիկ, որոնք որոշել են կոտրել հայի ոգին, տրորել նրա արժանապատվությունը, ոչնչացնել նրա ինքնությունը, խաչ քաշել նրա պատմության վրա: Եվ կարեւոր չէ` դա անում են գիտակցված, թե` անգիտակից, իրենց վախերից, անհայրենիք էությունից, ցինիզմից, իշխանատենչությունից դրդված:

Գիտակցված` ենթադրելով, որ դա մեր թշնամիների սրտով կլինի, եւ հաճոյանալով նրանց, անգիտակից` կարծելով, թե իրենք հերոս են ու նորաձեւ, քանի որ կոտրում են հայի` հարյուրամյակների հիշողությունն ու պատկերացումները, պատմական ավանդույթներն ու սերնդեսերունդ փոխանցված պատգամները: Ժամանակին շատերս դեմ էինք պաթետիկ հայրենասիրությանը, մերժում էինք կեղծ ու լալահառաչ արվեստի գործերը, ապրիլքսանչորսյան հանդեսներն ու ուշացած արցունքները: Բայց երբ վտանգված է քո ազգային ինքնությունն ու, առհասարակ` հայկականի ապագան, հասկանում ես, որ դրանք այսօր անհրաժեշտ են` անգամ լալահառաչ ու պաթետիկ, չափազանցված ու ողբերգական, ռաբիս ու անճաշակ, բայց անհրաժեշտ են: Որովհետեւ դրա հակառակը կոսմոպոլիտ, անհայրենիք, առանց անցյալի, սեփական որկորն ամեն ինչից վեր դասող հացկատակներն են, որոնց համար մի արժեք կա` սեփական պաշտոնն ու իշխանական վայելքները, որոնց համար պատրաստ են անգամ իրենք ինքնությունն ուրանալ: