Մեր կյանքը վերածեցինք դժոխքի

Մեր կյանքը վերածեցինք դժոխքի

Նախկիններից, այն էլ գեներալի կոչումով, քպկականի վերածված «ազգընտիր» մեկը՝ Գ. Մ. ինիցիալներով, լրագրողի հետ խոսելիս դնում է երկընտրանքային խնդիր՝ «Արցախը կորցնես լավա՞, թե՞ Հայաստանը»: Առաջին հայացքից, առողջ տրամաբանության տեսակետից պատասխանն ակնհայտ է. ավելի լավ է կորցնել Արցախը, քան Հայաստան պետությունը: Գ. Մ.-ին պատգամավոր դարձնողի կողմից հենց այդպես է հարցը դրվել 15 տարի առաջ ընտանեկան օրաթերթում հատվածաբար հրապարակված գրքում: Միայն մեկ տարբերությամբ՝ այն ժամանակ Հայաստանը կորցնելու վտանգ գոյություն չուներ: Հատկապես որ Արցախը թշնամուն հանձնելու գաղափարն ածանցվել էր «սերգոջաների» լավ ապրելն ապահովելու տեր-պետրոսյանական տեսլականից: Չնայած կյանքը ցուց տվեց, որ «սերգոջաներըի» կարողանում են լավ ապրել բոլոր պայմաններում:

Ինչևէ, վերադառնանք Գ. Մ.-ի հարցադրմանը: Այսօր իրավիճակ է փոխվել, և այն գոյության իրավունք ունի Գ. Մ.-ի, նրա շրջապատի և նրանցից չտարբերվող ու նրանց նման գրագիտությունից ու հայրենասիրությունից կիլոմետրերով հեռու բավական մեծ զանգվածի կողմից: 

Բայց խնդիրն այն է, որ Գ. Մ.-նման մեկը գեներալ-լեյտենանտի կոչում ստացել հենց նախկինների ժամանակ (2003 թվականին): Նրանց կողմից էլ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (թիկունքի գծով): Այսինքն, ըստ կոչում ստանալու և նշանակման տրամաբանության, Գ. Մ.-ն պետք է օժտված լիներ պետական և, մասնավորապես, ռազմաքաղաքական մտածողությամբ: Բայց ինչպես երևում է մեջբերված հարցադրումից՝ դա բացակայում է: Հիմնավորում եք պահանջո՞ւմ: Խնդրեմ՝ Գ. Մ.-ն պետք է գիտակցեր, որ եթե մենք տեղի տանք Ադրբեջանի ճնշումներին և հանձնենք Արցախը, ապա ճնշումները կուժեղանան, որպեսզի հանձնվի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը: Իսկ դա ստանալուց հետո թշնամուն դժվարություն չի ներկայացնի Հայաստանից կտրել ողջ Սյունիքը՝ Վայոց Ձորի մարզով հանդերձ: Եվ դրանից հետո խիստ կասկածելի կլինի այն հարցը, թե կմնա արդյոք ընդհանրապես Հայաստան պետությունը: Բայց, ինչպես երևում է, նախկինում թիկունքի գծով ռազմական ղեկավար, գեներալ-լեյտենանտն այսօր էլ, որպես ԱԺ պատգամավոր, նման բաները չի գիտակցում: 

Կարելի էր այսքանով բավարարվել՝ գեներալի կերպարն ընկալելու տեսակետից: Սակայն ցավն այն է, որ ողբերգականը հանդես չի գալիս միայնակ: ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի շնորհիվ դրան գումարվում է նաև զավեշտը: Անդրադառնանք լրագրողի հետ Գ. Մ.-ի զրույցի շարունակության երկու փոքր հատվածի: Սրան՝ «կարելիա անընդհատ էլ վախով ապրել, ինչպես ապրել ենք մինչև 2018 թվականը»: Եվ մյուսին՝ «այս իշխանությունները եկան ու ցույց տվեցին, թե մեր ուզող-չուզողներն ովքեր են»: Վերը խոսեցի զավեշտից: Եթե զավեշտ չէ, ապա ինչ է գեներալի շուրթերից հնչող՝ «անընդհատ վախով ապրելու» կոչը: Նման անձը պետք է ժամանակին ոչ թե գեներալի ուսադիրներ կրեր, այլ առավելագույնը դռնապանի (նախկինում դրանք համազգեստ էին կրում): Բայց զավեշտն էլ միայնակ չէ. այն, ի դեպ, համեմված է ստով: Մինչև 2018 թվականը մենք երբեք չենք ապրել վախով: Ընդհակառակը, ապրել ենք արժանապատվության զգացումով՝ հատկապես թշնամու դեմ հանդիման: Դա՝ մեկ, և երկրորդ՝ այս իշխանությունը ոչ թե եկավ ու ցույց տվեց, թե ինչն ինչոց է, այլ մեր ռազմավարական դաշնակցին իր վարքագծով դարձրեց համարյա թե թշնամի: Դժբախտաբար: Քանի որ նախկիններին մերժելով մենք ոչ թե բարելավեցինք իրավիճակը, այլ, ընդհակառակը, տապալեցինք այն, ինչ գործում էր նորմալ, ու մեր ընդունելի կյանքը վերածեցինք դժոխքի: Եվ ոչ թե ընդամենն իմացանք, թե «ովքեր են մեր ուզող-չուզողները»: 

Հ. Գ. Հայաստանի ազգային հերոս (հետմահու) և Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) ուներ գեներալ-մայորի կոչում: Մարդ, որ ոչ միայն ռազմաճակատում էր հերոս, այլև խաղաղ ժամանակաշրջանում էր հայրենասիրության ու համարձակության դասեր տալիս երիտասարդներին: Իսկ Գ. Մ.-ի նման մեկը կրում է գեներալ-լեյտենանտի ուսադիրներ: Այս և նման երևույթների պատճառով էր պետք մերժել նախկիններին: Սակայն նրանց մերժելով՝ նրանց չփոխարինել Փաշինյան Նիկոլի նման մեկով: