Ականջալուր կլինի արդյոք այս անգամ Հայաստանը Լավրովի ազդակներին
Տրվելով ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքի գուշակություններին՝ մեր հանրությունն աչքաթող արեց ս.թ. նոյեմբերի 5-ին ՌԴ ԱԳՆ նախարար Ս.Լավրովի հարցազրույցը, որում նա նախազգուշական ազդակներ հղեց հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ։ Կարելի է շահարկել իշխանությունների կողմից այդ կապակցությամբ պատշաճ անդրադարձի բացակայության պատճառները։
Սակայն, վերհիշելով ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրների ներկայացուցիչների հայտարարությունների վերաբերյալ հետհեղափոխական Հայաստանի բանակցային թիմի մեկնաբանությունները, այս անգամ նրանց լռությունը երկու չարյաց փոքրագույնն է։ Հիշենք Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության ամենադրամատիկ շրջանի նախօրյակին՝ 2020 թ. ապրիլի 21-ին, Գորչակովի հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ժամանակ Ս.Լավրովի հայտարարությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ։ Դրանից պարզվեց, որ արդեն մեկ տարի քննարկվում է կարգավորման մի նախագիծ, որը կողմերին է ներկայացվել 2019թ. ապրիլի 15-ին Լավրով-Մնացականյան-Մամեդյարով մոսկովյան հանդիպմանը՝ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։ Այդ նախագծի կապակցությամբ 2020 թվականի ապրիլին ռուս նախարարի լրջագույն ազդակի խոհեմ վերլուծության և համարժեք արձագանքի փոխարեն պաշտոնական Երեւանը պատասխանեց դեմագոգիայով։ Նախ, գլխավոր բանակցողը հերքեց կարգավորման հետ կապված որևէ փաստաթղթի գոյությունը, ապա դրան հետևեց ԱԳ նախարարի պատասխանը, թե իբր «Արցախի մասին որեւէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի»։ Թե 5 ամիս անց ինչպես արձագանքեց թուրք-ադրբեջանական դաշինքն ի պատասխան հայկական դիվանագիտական «ճարպկությունների»՝ բոլորը չէ, որ մոռացել են։
Ունենալով հիմնավոր կասկածներ արտաքին ազդանշաններն ադեկվատ ընկալելու հայ բանակցողների կարողության վերաբերյալ՝ հակիրճ ներկայացնենք Ս.Լավրովի արտահայտած հիմնական մտքերը։
• Ողջունեց հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում ձեռք բերված զգալի առաջընթացը՝ ընդունելով պատմական թշնամանքի, ռազմական հակամարտությունների և երկու կողմերի զոհերի պատճառով առաջացած բարդությունները։
• «Կեղծ» որակելով արևմտյան միջնորդներին՝ ընդգծեց, որ Ռուսաստանը չի դրդում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագրի հապճեպ կնքման, քանի որ արագ լուծումները՝ առանց երկու կողմերի դիրքորոշումների և տեղում իրողությունների համապարփակ համադրման, կսրեն լարվածությունը և կստեղծեն հակամարտության բորբոքման (էսկալացիայի) նոր ռիսկեր:
• Հանդես եկավ խաղաղության գործընթացը տարածաշրջանային հենքի՝ Հարավային Կովկասի երկրների և դրանց հարևան գործընկեր պետությունների վրա խարսխելու առաջարկությամբ:
• Մտահոգություն հայտնեց Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս մղելու Վաշինգտոնի և Բրյուսելի փորձերի կապակցությամբ՝ նշելով, որ դա միայն մեծացնում է անվտանգության սպառնալիքները տարածաշրջանում։
• Մոսկվան պատրաստ է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնությունների հիման վրա՝ բանակցող կողմերի համար ցանկալի ձևերով և ծավալներով ցուցաբերել գործընկերային օժանդակություն։
Եզրակացություններ Ս.Լավրովի հայտարարությունից
Հայ-ռուսական հարաբերություններում աճող ռազմա-քաղաքական անորոշությունը Հայաստանի համար հղի է նոր ռիսկերով, որի մասին և բացահայտ հայտարարում է Ռուսաստանի բազմափորձ գլխավոր դիվանագետը։
Հակառակ նրան, որ Հայաստանի ղեկավարությունն աջակցում է Արևմուտքին՝ դուրս թողնել Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացից, Ռուսաստանը ձգտում է մնալ ներգրավված ընթացող բանակցություններին։
Ավելին, քննադատելով Արևմուտքի ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներին, ՌԴ-ը ցանկանում է սահմանափակել այն եւ դրա փոխարեն նախընտրում է հարավկովկասյան երկրների հետ համագործակցել այլ՝ ամենայն հավանականությամբ «3+3» դեռ չկայացած ձևաչափով։
Ի՞նչ անել
Անաչառ գնահատելով արևմտյան գործընկերների կողմից Հայաստանին ցուցաբերված ռազմաքաղաքական աջակցությունը, ակնհայտ է, որ Հայաստանին արդյունավետ կերպով աջակցելու, թուրք-ադրբեջանական դաշինքի աշխարհաքաղաքական պահանջներին դիմակայելու եւ միաժամանակ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում սահմանափակելու նրանց հավաքական ներուժն անբավարար է։
Հիմա արդեն կարելի է ասել՝ բացի այդ չի բացառվում, որ Դոնալդ Թրամփի ընտրությամբ կնվազի ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում, որի հետևանքով տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական ակնկալիքների նշաձողը կիջեցնի նաև Եվրամիությունը։
Ընդհանուր առմամբ ենթադրելի է տարածաշրջանային զարգացումներում Հայաստանի համար անորոշության և դրանից բխող ռիսկերի աճը։ Մեզ համար անբարենպաստ են նաև գլոբալ դիվանագիտության մեջ նկատվող միտումները. դեռ երկար ժամանակ կաթվածահար կմնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը հայտնվել է սառը պատերազմի տարիներին բնորոշ փակուղում։ ԵԱՀԿ և ԵԽ գործունեության պտուղները նկատելի են հիմնականում անդամ պետություններում ընտրությունների առիթով։ Առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունների խորացման պայմաններում Բրյուսելը դժվարությամբ փորձում է ապահովել անդամ երկրների միասնությունն ու համերաշխությունը: Ուստի, պատահական չէ, որ շատ երկրների համար աճում է BRICS+, ՇՀԿ-ի և այլ ոչատլանտյան կառույցների գրավչությունը։ Եթե Սպիտակ տունը որդեգրի նվազ թշնամական դիրքորոշում Կրեմլի նկատմամբ, ապա ռուս-ամերիկյան հարաբերություններում կնշմարվի առճակատման լիցքաթափում, որն իր հերթին հրատապ կդարձնի շատ երկրների, այդ թվում նաև Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի սթափ եւ հուզականությունից զերղ աուդիտի անցկացումը: Ադրբեջանի հետ բանակցություններում Ռուսաստանին վերստին ներգրավելու և արևմտյան երկրների հետ գործընկերային հարաբերությունների շարունակումը կպահանջի մեծագույն քաղաքական ու դիվանագիտական ջանքեր և նուրբ կարգավորումներ։
Ակնհայտ է, որ ներկա իշխանությունն իր հովանավորների առջև ունի որոշակի պարտավորություններ՝ նվազեցնել Հարավային Կովկասում ՌԴ-ի դերակատարումը։ Լեռնային Ղարաբաղի կորուստը դրա առաջին դրսևորումն էր։ Շարունակել անտեսել Ռուսաստանի պատմական դերը, շահերը, թեկուզև նվազած ազդեցությունը Հարավային Կովկասում՝ 2020-ի գարնանը դրսևորած արկածախնդրության շարունակությունն է։ Այն կարող է բերել նոր պատերազմ և նոր կորուստներ։ Միևնույն ժամանակ, պետք է ընդունել, որ անկախ ռուս-թուրքական արդի հարաբերությունների դրսևորումներից, տարածաշրջանում միակ երկիրը, որն ի վիճակի է զսպել Թուրքիայի աճող աշխարհաքաղաքական նկրտումները մնում է Ռուսաստանը։
Արևմտյան դաշնակիցների առջեւ Ռուսաստանին բանակցային գործընթացում կրկին ներգրավելու մտադրությունը հիմնավորելիս Հայաստանի պատասխանատուներին անհրաժեշտ կլինի բացատրել, որ դա չի նշանակում Արևմուտքի հետ ներգրավվածությունից հրաժարում: Հայաստանը բավականին հաջող համադրում էր այդ երկու քաղաքական վեկտորները 1990-ից մինչև 2018-ը։ Դա այսօր ստացվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների մոտ։ Զգուշավոր փորձեր է այդ ուղղությամբ կատարում Վրաստանի ներկա կառավարությունը, էլ չասենք, որ դեպի Արևմուտք երկչոտ շարժումներ է իրականացնում անգամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։ Անհրաժեշտ կլինի երաշխավորել արևմտյան գործընկերներին, որ Հայաստանը հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, որոնք ստանձնել է հանուն Հայաստանի արդիականացման և ժողովրդավարացման։
Ցանկալի է, որ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական վերնախավերը գործարկեն ռազմավարական հաղորդակցության այնպիսի մեխանիզմ, որը կապահովի երկկողմ և բազմակողմ համագործակցության մեջ կուտակված խնդիրների և ի հայտ եկած նոր տարրերի շուրջ այն մակարդակի երկխոսություն, որը կնպաստի երկու երկրների նպատակների, շահերի և առկա սահմանափակումների միջև հավասարակշռության ապահովմանը։ Միամտություն է կարծել, թե հոկտեմբերին Վ.Պուտինի ծննդյան տարեդարձի առիթով Մոսկվա այցելությունը, կրեմլյան ամբարտակի երկայնքով հեծանիվ քշելը կամ Նոր տարվա շեմին ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական տոնական ճաշին մասնակցությունը բավարար են փոխվստահության խոր դեֆիցիտը հաղթահարելու համար։
Լավրովի առաջարկած «բարեկամների» շրջանակում խաղաղ գործընթացների ամրապնդումը առանձին հոդվածի թեմա է։ Այստեղ հպանցիկ ասենք՝ անկասկած, Հայաստանի մասնակցությունը «3+3» տարածաշրջանային հարթակին խոստանում է և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ։ Ակտիվ և ռազմավարական ներգրավումն այդ ձևաչափին՝ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա եւ գործընթացների թափանցիկության ապահովումը կարող են խթանել տարածաշրջանում կուտակված տարաձայնությունների խաղաղ հաղթահարմանը։ Միևնույն ժամանակ, նպատակահարմար է արեւմտյան գործընկերներին ևս ներկայացնել այդհարթակին Հայաստանի մասնակցության նպատակները։ Բարելավելով ներգրավվածությունը Ռուսաստանի հետ՝ Հայաստանին անհրաժեշտ է շարունակել գործընկերային հարաբերությունների զարգացումը Չինաստանի, Հնդկաստանի և Մերձավոր Արևելքի առաջատար երկրների հետ:
Վերջաբանի փոխարեն.
2020թ. ապրիլին Հայաստանի բանակցողները, մտածված կամ անգիտությամբ, անտեսեցին Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ԱԳ նախարար Ս.Լավրովի ուղերձի տեսքով։ Մեր հակառակորդները չվարանեցին օգտվել դրանից՝ ձեռնարկելով լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ։ Ուղիղ 4 տարի առաջ կործանարար պատերազմը կասեցվեց Ռուսաստանի ջանքերով։ Եթե Հայաստանի գլխավոր բանակցողը ընդուներ Վ.Պուտինի համապատասխան առաջարկը, պատերազմը կդադարեցվեր 2-3 շաբաթ շուտ՝ խնայելով հազարավոր կյանքեր, պահպանելով Արցախը, հետևաբար եւ Հայաստանի «ռազմավարական խորությունը»։ Կընկալեն, արդյո՞ք, այս անգամ հայ բանակցողները ս.թ. նոյեմբերի 5-ի ազդակը, թե՞ հերթական անգամ կտրվեն «էսկալացիա հանուն դեէսկալացիայի» արկածախնդրությանը, չենք կարող կռահել։ Ըստ ամենայնի, Հայաստանի ճակատագիրը վաղուց արդեն վճռվում է այլ մայրաքաղաքներում՝ Երևանին թողնելով հեծանվաարշավի վայրը եւ ժամանակը որոշելու ինքնիշխան իրավունքը։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ։)
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995-99թթ։)
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
Կարծիքներ