Վարչապետը սպանդանոցների հարցում մինչև հուլիսի 1-ը ժամանակ տվեց

Վարչապետը սպանդանոցների հարցում մինչև հուլիսի 1-ը ժամանակ տվեց

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանն սկսեց սպանդանոցների թեմային անդրադարձով՝ հայտնելով, թե ինչ լուծում է առաջարկում կառավարությունը ցուցարարներին։

«Երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ես սպանդանոցների վերաբերյալ առաջարկ ներկայացրեցի և առնվազն մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից։ Այսպիսով՝ առաջինը արձանագրում ենք, որ մինչև փետրվարի 6-ի նիստը նայում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը, նայում ենք արտոնյալ կարգով սպանդանոցների ֆինանսավորումը և պլյուս դրան՝ լիզինգային ծրագրերը, որոնց մեջ պետք է լինեն շարժական սպանդանոցները: Կազմվում է նախընտրելի քարտեզ բաշխվածության և խտության, և մենք հասցեական ֆինանսավորում ենք և այնպես ենք անում, որ սպանդանոցները ունենան անհրաժեշտ բաշխվածությունը, որ համաչափ լինի», -ասաց վարչապետը։

Ապա ավելացրեց, որ  այս ամենի արդյունքում պայմանավորվում են այնպես, որ մինչև հուլիսի մեկը ամենախիստ պայմաններում պետք է սկսեն գործել հանրային սննդի օբյեկտները և սուպերմարկետները։

«Մյուս տեղերում թողնում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կա այս կարագավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի մեկից Հայաստանի Հանրապետությունը անցնելու է այս համակարգին և որևէ ցույց չի լինելու: Եթե այս պայմանը բողոքի գործողություններ իրականացնող մեր շատ սիրելի հայրենակիցների համար ընդունելի է կամ համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ, ապա փետրվարի 6-ի նիստի օրակարգին մենք այս հարցին անդրադառնում ենք և վերջ, իսկ եթե պարզվի՝ ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ էսօրվանից է գործելու: Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի», - ասաց Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը սննդի անվտանգության տեսչության ղեկավարին կոչ արեց տեղեկացնել մարդկանց, թե ինչպես են գործելու սպանդանոցները: