Փաշինյանը չի հարցաքննվել․ դա ուղղակի աբսուրդ է

Փաշինյանը չի հարցաքննվել․ դա ուղղակի աբսուրդ է

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով 16 ծնող տուժող էր ճանաչվել։ Զոհված զինծառայողների ծնողները, հիշեցնենք, սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն, սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։

Զոհված զինծառայողների ծնողներն այժմ Քննչական կոմիտեի շենքի դիմաց են, պնդում են՝ արդեն տևական ժամանակ է անցել, բայց վարույթի մասով իրենց գրեթե ոչինչ հայտնի չէ, միայն գիտեն, որ 16 հոգու տուժող են ճանաչել։ Ծնողները ուզում են անձամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից տեղեկանալ վարույթն ինչ փուլում է։ Նրանք իրենց հետ նաև պաստառներ են բերել, որոնց վրա փակցված են ծնողներին ծեծի ենթարկող ոստիկանների լուսանկարները։

«Ես անձամբ հասարակ քննիչներին չեմ մեղադրում, որովհետև նրանց վրա ճնշում կա, դա պարզից էլ պարզ է, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք։ Ես նույնիսկ ուզում եմ քննիչներին ասել, որ մենք՝ ծնողներս, իրենց մեջքին ամեն հարցով կանգնած ենք, հանկարծ չվախենան։ Ասում են, թե վարչապետին հարցաքննության են կանչել, դա ուղղակի աբսուրդ է, վարչապետին ոչ մեկ էլ չի կանչել։ Թե հիմա ոնց են արել, ինչ են արել, դա հաստատ հետագայում պարզվելու է»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

«Լավ, էս ամեն ինչը էսօր հլը մի կողմ։ Փաստը մնում է փաստ, որ ոստիկանը իր լիազորություններից դուրս է եկել ու անպայման պիտի պատասխան տա։ Նախ ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ «Եռաբլուրի» անվտանգությունը պիտի ապահովվեր ռազմական ոստիկանության ներկայացուցիչների կողմից, այլ ոչ թե այս ոստիկանների, այս ոստիկանները ի՞նչ գործ են ունեցել Եռաբլուրում, այ տեղից պիտի սկսել, ես կարծում եմ»,- հավելեց նա։