Մի ՄԱԿ-ընթացության պատմություն

Մի ՄԱԿ-ընթացության պատմություն

Փաշինյանից պահանջել, որ ավելին ասեր ՄԱԿ-ում, կարծում եմ՝ ճիշտ չէ: Փաշինյանի վիճակում հայտնված ղեկավարն այդքանն էլ որ ասաց, արդեն լավ է: Ինչեւէ, այդ ելույթից ես համարյա գոհ եմ: Այնտեղ մի դրվագ կա միայն, որ սրտովս չէ. երբ Նիկոլը դիմում է Ալիեւին. «…պաշտոնական եւ հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն»: Նման բան չէր կարելի ասել, էն էլ՝ ՄԱԿ-ում, որտեղ հավաքված էին աշխարհի հզորագույն քարտեզ գծողները: Ալիեւի երեւակայությունն անիմաստ գրգռելու կարիք, կարծում եմ, չկար:

Կարելի է մտածել՝ ՄԱԿ-ը կընդդիմանար, եթե Հայաստանը քիրվայաբար նորանոր տարածքներ զիջեր Ադրբեջանին: ՄԱԿ-ում հենց այդպիսի մի բանի են սպասում, որ հետո գիշանգղերի պես հավաքվեն ու արանքից մի բան էլ իրենք տանեն: Ուզում եմ ասել՝ ելույթ ունենալիս միշտ պետք է հաշվի առնել լսարանի առանձնահատկությունները: Ես, օրինակ, շատ զարմացա, որ Փաշինյանի ելույթի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր էկրանին չհայտնվեցին Եռաբլուրի սարսափելի կադրերը: Կարելի է ասել՝ Փաշինյանը Նյու Յորք էր մեկնել Եռաբլուրից, որտեղ ոստիկանությունը, անհամաչափ ուժի կիրառմամբ, ծաղրուծանակի ենթարկեց արցախյան պատերազմներում զոհված հայորդիների ծնողներին, պղծեց Հայաստանի անկախության համար իրենց կյանքը տված հերոսների վերջին հանգստավայրն ու մեր երկրի անկախության օրը: Դրանից հետո քանի՞ մարդ կմնար դահլիճում ու կշարունակեր լսել Փաշինյանի, ինչպես ասացի, հավասարակշռված ելույթը: Ավելին՝ կգտնվե՞ր գոնե մեկը, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանին շարունակեր համարել իր երկրի սուվերեն տարածքի համար պայքարող ղեկավար:

Ու մեկ էլ իմանում ենք, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ»: Եվ ի՞նչ եք կարծում, մեր վարչապետը ցե՞խն է կոխել Ստոլտենբերգին 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ պետության մասնակցության կապակցությամբ: Իհարկե` ոչ: Նրանք ընդամենը «մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ», եթե չհաշվենք Փաշինյանի լացուկոծը սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի եւ դրա հետեւանքների մասին: Այս ամենը Փաշինյանը պատմել է մի մարդու, որն անգիր գիտի, թե որքան ՆԱՏՕ-ական զենք կա Ադրբեջանում, ինչ ճանապարհով է դա հայտնվել այնտեղ եւ, ամենակարեւորը՝ ինչու:

ՄԱԿ-ում Փաշինյանի հանդիպումներից ես կառանձնացնեի նաեւ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպումը: Մեր հարեւան երկրի նախագահը մասնավորապես նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետեւում է զարգացումներին, եւ հավելել, որ պետությունների տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարեւոր է Իրանի համար: Ինչպես տեսնում ենք՝ Ռաիսին մյուսների նման չի բավարարվում անհանգստություն հայտնելով եւ խոսում է բաց տեքստով, որպեսզի նաեւ ամբողջ աշխարհին մատի վրա խաղացնող Նիկոլը հասկանա, որ իր մոտ չի ստացվի նույնկերպ վարվել Իրանի հետ․ մի կողմից՝ բարեկամություն խաղալ, մյուս կողմից` դեմարշով դեսպանատուն բացել Իսրայելում, մի կողմից՝ աջակցություն ակնկալել 80 միլիոնանոց երկրից, իսկ մյուս կողմից՝ փակել այդ երկրի համար կարեւոր ճանապարհը դեպի հյուսիս:

Երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը մեկնում է Նյու Յորք, հայկական սոցցանցերում նույն օրը կարծիքներ հայտնվեցին, թե այդ ճամփորդությունը կարող է փախուստի ծրագրի մաս լինել: Դա, իհարկե, ավելի շատ գեղեցիկ ցանկություն էր, քան քաղաքական հաշվարկ, բայց, ինչպես ասում են, նույնիսկ ցանկություններն առանց պատճառի չեն լինում: Չմոռանանք, որ Փաշինյանի՝ Նյու Յորք մեկնելու օրն արդեն իսկ ուրվագծվում էր մի այնպիսի աննախադեպ բան, ինչպիսին Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպումն էր: Բոլորը գիտեին, թե ինչու են հանդիպելու նրանք ու ինչ հարց են քննարկելու: Այնպես որ, Փաշինյանի այցը Նյու Յորք, կարելի է ասել, տեղի էր ունենում Մայր Աթոռում տեղի ունենալիք հանդիպման ֆոնին, ինչը չէր կարող սպասելիքների առումով չոգեւորել մեր հանրության այն հատվածին, որ Հայաստանի ու Արցախի փրկությունը կապում է ՀՀ գործող իշխանությունների հեռացման հետ:

Օդում դեռ սպասում կա՝ կվերադառնա՞, արդյոք, Փաշինյանը եւ կմնա՞, արդյոք, իր աթոռին, եթե Էջմիածնում կայացվի նրա հեռացման մասին որոշում: Էրդողանը հույս է հայտնել, որ հոկտեմբերին կկարողանա հանդիպել Փաշինյանին եւ նրա հետ քննարկել իր «հարազատ եղբորը»՝ Իլհամ Ալիեւին հուզող հարցերը: Իսկ թե ինչ կորոշվի Վեհարանում, այս պահին միայն Աստծուն է հայտնի: Մնում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ եւ ԱՀ նախագահները չմոռանան, թե ինչի համար են հավաքվել: