Քաղաքականություն

Ինքը վտանգի աղբյուր է՝ ինչպես ամերիկյան հանրահայտ սերիալի հերոսը

Ինքը վտանգի աղբյուր է՝ ինչպես ամերիկյան հանրահայտ սերիալի հերոսը

Երեւանում իրավիճակը դանդաղորեն մոտենում է երկիշխանության հաստատման կամ, այլ խոսքով՝ իշխանության եւ ընդդիմության ազդեցության հավասարակշռության կետին: Ինչը նշանակում է, որ իշխանությունն արդեն իրավիճակի տերը չէ, բայց ընդդիմությունն էլ դեռեւս չի դարձել իրավիճակի տերը: Ճակատամարտերի ժամանակ նման անորոշ ու խառն իրավիճակներում հաղթում է այն կողմը, որը դիմանում է մինչեւ վերջ՝ կեսից չլքելով մարտադաշտը: Նույն կանոնն է գործում տվյալ դեպքում՝ կհաղթի այն կողմը, որի նյարդերը կդիմանան ավելի երկար: Որովհետեւ, ի տարբերություն դաշտային ճակատամարտերի, այս մարտն ընթանում է ոչ թե քարերով, նիզակով, թնդանոթով, այլ նյարդերի լարումով: Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 9-ից այս կողմ նման իրավիճակներ ծագել են բազմաթիվ անգամ, ու, որպես կանոն, հաղթել է իշխանությունը: Այս անգամ կարծես թե իրավիճակ է փոխվել: Ի դեպ, դրա կենցաղային դրսեւորումը պետական ինչ-որ հիմնարկի զուգարանը մաքրած տիկնոջ կողմից այն իր մարմնով փակելն էր, երբ շենքը շրջափակած ոստիկանները փորձել էին օգտվել զուգարանից:

Այդ ամբողջ փոփոխությունը կատարվել է մի հոգեւորականի շնորհիվ, ով օժտված է խարիզմայով եւ զանգվածների առաջնորդի կամային հատկանիշներով: Միաժամանակ, վերջինս, ինչպես երեւում է, զուրկ չէ հումորից եւ կարողացել է իր շուրջը համախմբել երիտասարդությանը: Իսկ այդ խավը, չմոռանանք, հասարակական բոլոր փոփոխությունների շարժիչ ուժն է: Նորից կրկնեմ՝ Բագրատ սրբազանի հայտնվելը մեզ համար թալեբյան «սեւ կարապն» է: Այն հանգամանքը, առանց որի տեղի չէին ունենա այն փոփոխությունները, որ կատարվում են հասարակական կյանքում: Հատկապես մեր երկրում, որը Նիկոլի հայտնվելով սկզբում բոցավառվեց, իսկ այնուհետեւ հանգավ ամեն հույս ու հավատ այդ քաղաքական գործչի նկատմամբ: 

Էլ չասած, որ վերջինիս կառավարման արդյունքում հայոց պետականությունը բախվում է անվտանգության հսկայական սպառնալիքների: Ավելի ճիշտ՝ վարչապետի աթոռից կառչած անձն է վերածվում վտանգի աղբյուրի: Համարյա այնպես, ինչպես ամերիկյան Breaking Bad (Во все тяжкие) հանրահայտ սերիալում ինքն իրեն բնութագրում է քիմիայի խեղճ ուսուցչից «մեթամֆեթամին» անվանումով թմրանյութ պատրաստողի վերածված գլխավոր հերոսը:

Վերադառնանք սրբազանին: Վերջինս արդեն դարձել է օրակարգ թելադրող եւ շարունակում է պահպանել այդ կարգավիճակը, ինչը չէր ստացվում նախորդ բողոքային շարժումների դեպքում: Եվ այնպես չէ, որ բողոքավոր զանգվածը ողջ օրն անցկացնում է փողոցում: Նախապես հաջորդ օրվա համար հիմնականում ընտրվում է հիմնական նպատակ: Ինչը թույլ է տալիս ի մի բերել ուժերը եւ պահպանել շարժման ակտիվությունը: Եվ, ինչը նույնպես խիստ կարեւոր է, ի տարբերություն նախորդ շարժումների, խոստում չի տրվում կարճ ժամանակահատվածում հաղթանակի հասնելու վերաբերյալ: Կարեւոր առանձնահատկություն ունի նաեւ ոստիկանների հետ վերջինիս հարաբերվելու ձեւը՝ անհրաժեշտության դեպքում՝ կոշտ: Իսկ դրանից դուրս՝ նաեւ հումորով եւ նույնիսկ ընկերաբար: Ինչ վերաբերում է վարչապետի աթոռից կառչած անձի կամ նրա կամակատարների նկատմամբ սրբազանի վերաբերմունքին, ապա այն սարկաստիկ է ու բավական հաջողված: Հաջողված, քանի որ իշխանություն ունեցող ու բերետավորներին բողոքավորների վրա քսի տվող անձին եւ նրա նշանակած չինովնիկներին կարելի է խեղճացնել հենց միայն սարկազմի օգտագործմամբ: Ինչպես նաեւ նրանց իրական դեմքը մատնացույց անելով, ինչը դրսեւորվում է նրանց հասցեին «վախկոտ» եւ «ստախոս» պիտակները շրջանառության մեջ դնելով:

Նախկինների օրոք եւս սեւ եւ կարմիր բերետավորներն Աստծո անմեղ գառների նման չէին պահում իրենց: Եվ նրանց վարքագիծն էլ ուղղորդվում էր գործող իշխանության կողմից: Բայց 2010-ից այս կողմ չեմ հիշում այնպիսի դեպք, որ սեփական ժողովրդի նկատմամբ վայրենաբարո վերաբերմունքի համար նրանց լրացուցիչ պարգեւատրումներ հատկացնեին, իսկ դրանց ղեկավարին էլ գեներալի կոչում շնորհեին: Այն ժողովրդի, որին 2018-ից իբրեւ թե սիրում եւ որի առջեւ իբրեւ թե խոնարհվում էր իշխանության եկած անձը: Այդ երեւույթը, վստահաբար, հատուկ է միայն «թավշյա հեղափոխությունից» հետո մեր երկրում հաստատված «ժողովրդավարությանը»: Այնինչ, նախկինների օրոք իրավապահներին ստիպում էին պահպանել ինչ-որ կարմիր գծեր, երբեմն նույնիսկ այլեւայլ պատճառաբանությամբ թոշակի էին ուղարկում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image