Արդյոք Սերժ Սարգսյանն էլ հարցազրույց կտա

Արդյոք Սերժ Սարգսյանն էլ հարցազրույց կտա

Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռի վեհարանում տեղի ունեցավ նախկին նախագահների և Վեհափառի հանդիպումը՝ «3+2+1» ձևաչափով, որին մասնակցում էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր- Պետրոսյանը, ինչպես նաև Արցախի նախկին 2 նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Հանդիպումից հետո արդեն մասնակիցներից երկուսը պատրաստվում են հանդես գալ հանրային խոսքով․ այսօր հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տալու Լեւոն Տեր- Պետրոսյանը, իսկ ամսի 28-ին Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով։ Իհարկե, Քոչարյանի ընտրած տարբերակն ավելի ժողովրդավարական է, քանի որ ասուլիսին մասնակցելու հնարավորություն, ենթադրվում է, կունենան շատ ԶԼՄ-ներ, մինչդեռ Տեր Պետրոսյանը նախընտրել է միայն Պետրոս Ղազարյանի հարցերին պատասխանել։

Մենք փորձեցինք հասկանալ՝ արդյոք Սերժ Սարգսյանն էլ է պատրաստվո՞ւմ մոտ օրերս որևէ ձևաչափով հանրային խոսք հնչեցնել։ Մեր հարցին ի պատասխան ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց․ «Նման մտադրություն առնվազն այս պահին չունենք»։ Աշոտյանին հարցրինք՝ իսկ հնարավո՞ր է, որ 1-ին և 2-րդ նախագահների հայտարարություններից հետո հարցազրույցի կամ ասուլիսի անհրաժեշտություն առաջանա․

«Մենք եւ ակտիվորեն ներգրավված ենք, եւ ուշադիր հետեւում ենք քաղաքական զարգացումներին ու ստեղծված իրավիճակում առաջնորդվում ենք ազգային շահերի պաշտպանության գերակայությանը միտված սեփական նախաձեռնություններով»,- պատասխանեց Աշոտյանը։