Պապի առաջին այցը կլինի Թուրքիա

Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինը Պապընտիր ժողովից՝ կարդինալների Կոնկլավից հետո առաջին անգամ պատասխանել է լրագրողների հարցերին։ Հռոմի Գրեգորյան քահանայապետական համալսարանում Ուկրաինայի Հունածես կաթոլիկ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումից հետո նա հանդիպել է լրագրողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին։
Կարդինալ Պարոլինը, ինչպես հայտնի է, Սուրբ Աթոռի թիվ մեկ դիվանագետն է, ըստ որոշ տեսակետների՝ նրա ղեկավարած խմբակցության գործուն ջանքերի շնորհիվ է կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեւոսթը՝ ներկայիս Լեւոն 14-րդ պապը, ընտրվել Սուրբ Պետրոսի գահակալ։ Ֆրանցիսկոս պապի մահվանից հետո եւ նույնիսկ՝ դեռ առաջ, երբ հանգուցյալ Պապի առողջական վիճակը վատացել էր, եւ միջազգային մամուլում քննարկում էին, թե ով կարող է դառնալ Սուրբ Պետրոսի Աթոռի հաջորդ գահակալը, կարդինալ Պարոլինն առաջին երեք թեկնածուների շարքում էր։ Եվ դրա համար էլ Վատիկանի ամենից ազդեցիկ գործիչներից մեկի հետկոնկլավյան առաջին հարցազրույցը չէր կարող հետաքրքրություն չառաջացնել։ Չանդրադառնալով կարդինալի հարցազրույցի մանրամասներին՝ ներկայացնենք հիմնական ասելիքը․
• Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ուղիղ երկխոսության ծավալումը չափազանց կարեւոր է՝ հակամարտության կարգավորման, «թնջուկների հանգուցալուծման» համար։ Հույս կա, որ խաղաղության գործընթացն իրապես կարող է սկսվել։ Հետեւաբար՝ ստամբուլյան բանակցությունները կարեւոր հանգրվան են այդ գործընթացի համատեքստում։
Հիշեցնենք, որ Վատիկանը նախօրեին տեղի ունեցած Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո առաջարկել էր հյուրընկալել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները։ Հիշեցնենք նաեւ, որ հանգուցյալ Ֆրանցիսկոս պապն ուկրաինական հակամարտության հարցով բազմաթիվ խաղաղարար նախաձեռնություններով է հանդես եկել։ Նրա հանձնարարականով՝ Սուրբ Աթոռի բարձրաստիճան ներկայացուցիչներից կարդինալ Մատեո Ձուպին դիվանագիտական-խաղաղարարական տուրնե էր իրականացրել ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների որոնման համար։
• Լեւոն 14-րդ պապի առաջին արտասահմանյան այցը, ըստ կարդինալ Պարոլինի, կարող է լինել Թուրքիան։ Պատճառը հոբելյանական է` այս տարի լրանում է համաքրիստոնեական նշանակություն ունեցող Նիկեայի 1-ին Տիեզերական ժողովի 1700-ամյակը։ Հայ եկեղեցական ավանդության համաձայն՝ առաքելական եկեղեցուց այդ ժողովին մասնակցել է Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակես եպիսկոպոսը։ Պատմական Նիկեա քաղաքը ներկայում գտնվում է Թուրքիայի տարածքում, եւ, հետեւաբար, համաքրիստոնեական հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Լեւոն 14-րդ պապի առաջին արտասահմանյան այցելության վայրը կարող է լինել Թուրքիան։ Միաժամանակ՝ կարդինալը դեռ վաղաժամ է համարել խոսել Լեւոն 14-րդ պապի՝ Ուկրաինա այցելության մասին։
• Խոսելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության մեկ այլ ասպեկտի մասին՝ կարդինալ Պարոլինը նշել է, որ Վատիկանը փորձում է ամեն ջանք գործադրել, որ կողմերի դիրքորոշումները «քով-քովի գան, եւ ոչ թե ավելի բաժանարար գծեր ստեղծվեն, քան ներկայում կան»։ Այս համատեքստում՝ կարդինալ Ձուպիի խաղաղարար-դիվանագիտական տուրնեի արդյունքում ձեւավորված՝ մանուկների հայրենադարձման մեխանիզմը շարունակում է գործել։
• Սուրբ Աթոռի պետքարտուղարը նաեւ խոսել է Գազայի հակամարտության մասին՝ նշելով, որ այստեղ շարունակվելու է հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի որդեգրած գիծը՝ անդադար հանդես գալ կոչով, որպեսզի հակամարտությունը դադարեցվի, պատանդներն ազատ արձակվեն, եւ հնարավորություններ ստեղծվեն՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Սուրբ Աթոռի համար շարունակում է մտահոգիչ մնալ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների վիճակը՝ ընդգծել է կարդինալ Պարոլինը։
Կարծիքներ