ՌԴ-ում լոկալ մակարդակով հասկացնում են, որ կարեւորը՝ «իրենց մոտ անդորր լինի»

ՌԴ-ում լոկալ մակարդակով հասկացնում են, որ կարեւորը՝ «իրենց մոտ անդորր լինի»

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում գործ է հարուցվել տեղի հայ համայնքի ղեկավար (Սվերդլովսկի մարզում «Անի-Արմենիա հայ համայնք» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ) Մասիս Նազարյանի դեմ՝ ի պաշտպանություն Արցախի համար ցույց կազմակերպելուն։ Ըստ առկա տեղեկատվության, Նազարյանի դեմ գործը Եկատերինբուրգի Լենինյան շրջանային դատարանում է։ Ոստիկանությունը նրան մեղադրում է առանց ծանուցման հրապարակային միջոցառում կազմակերպելու մեջ։ Նազարյանից բացի, նույն վարչական հոդվածով գործ է հարուցվել Հելեն Կիրակոսյանի նկատմամբ։ Ակցիայի տեսագրության մեջ, որը հրապարակվել է սոցցանցերում, երեւում է, թե ինչպես են Նազարյանն ու Կիրակոսյանը կանգնած Հայաստանի դրոշի եւ «Արցախ, մենք քեզ հետ ենք» պաստառի մոտ։

Ինչով է այս լուրն ուշագրավ։ Առաջին հերթին՝ գործ է հարուցվել հայազգի հասարակական-համայնքային գործչի հանդեպ, այսպես ասած՝ «հայկական թեմատիկայով» հանրային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Երկրորդ․ այս լուրն ուշագրավ է նրանով, թե պաշտոնապես ռուսական իրավապահներն ինչպես են ձեւակերպում մեղադրանքն ընդդեմ հայ հասարակական-համայնքային գործչի։ Եվ, ի վերջո, ուշագրավ է այն պատճառով, որ տեղի է ունեցել մի երկրում, որն անմիջականորեն կապված է, չասելու համար՝ պատասխանատու է Արցախում ստեղծված իրավիճակի համար։ Ինչ է ստացվում։ Այն, որ կոնկրետ այս օրինակը ցույց է տալիս, որ ռուսական իշխանությունների համար առնվազն հետաքրքիր չէ, թե տեղի հայ համայնքն ինչ ապրումներ ունի Արցախում բնակվող իր հայրենակիցների նկատմամբ, որքանով է մտահոգ 120 հազար հայերի ճակատագրով, որոնց գլխին դամոկլյան սրի նման կախված է էթնիկ զտման (դեռեւս չասենք՝ ցեղասպանման) վտանգը։

Կարեւորը տեղում՝ Ռուսաստանի տարածքի որեւէ հատվածում, հանրային անդորրի պահպանումն է։ Մնացածը ռուսական կողմի համար «եղած-չեղածի» հաշիվ է։ Ու սա միայն կոնկրետ մարզի կամ երկրամասի, կամ քաղաքի մակարդակով չէ, այլ ողջ Ռուսաստանի։ Ինչն իր հերթին ցույց է տալիս, թե ինչ պայմաններ է ապահովված Ռուսաստանի ազգային համայնքների համար։ Իսկ Ռուսաստանում, ամենահամեստ հաշվարկներով, մոտ 3 միլիոն հայ կա։ Ստացվում է, որ գոնե հանրային տեսանելի մակարդակում ակնկալել այդ երեք միլիոն հայերի ազդու աջակցությունը՝ անիմաստ է, որովհետեւ Ռուսաստանում, օրինակ, նման մի քանի ցույց էլ եթե լինի, կարող է ամեն ինչ այլ՝ ոչ հայանպաստ, եթե չասենք՝ հակահայկական ընթացք ստանալ։ Ու սրանից էլ բխում է, որ ակնկալիքներ պետք է ունենալ հիմնականում Արեւմուտքը ներկայացնող երկրների հայ համայնքներից, որտեղ կա դեմոկրատիա, եւ հարգվում են ազգային համայնքների իրավունքները։ Սա, ինչ խոսք, չափազանց անհեթեթ իրավիճակ է, եթե հաշվի ենք առնում, որ Արցախի եւ արցախահայության հանդեպ Ռուսաստանը բոլոր իմաստներով ունի ամենամեծ պատասխանատվությունը։